Փոխարժեքներ
23 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հայկական խեցեգործությունը զարդապատկերների և գույների միջոցով պատմում է մեր նախնիների մշակույթի, ավանդույթների ու արժեքների մասին՝ ստեղծելով մի հեքիաթային աշխարհ»,- գեղանկարիչ-դիզայներ Նարինե Ավետիսյանն է պատմում հայ խեցեգործական արվեստի զարգացման անհրաժեշտության մասին։
Նա այս գործում արդեն երկար տարիներ է իր լուրջ ներդրումն ունի․ խեցեգործական արվեստի դպրոց, սաներ, որոնք ազգային ու համաշխարհային խեցեգործության լավագույն ավանդույթներով շարունակում են ստեղծագործել։
Նարինե Ավետիսյանն իր ստեղծագործական ուղում լրջագույն դպրոց է համարում Մատենադարանը, որտեղ նա ծանոթացել ու խորությամբ ուսումնասիրել է հայ միջնադարյան արվեստը, Ավետարանական պատկերներն ու մանրանկարչության հարուստ գանձերը։
Հանդիպեցի Նարինեի հետ, շատ ջերմ ու անկեղծ զրույց ունեցանք, ինձ համար բացահայտեցի նաև համեստ, իր գործին սիրահարված ու նվիրված մի անհատականության, ով ստեղծագործական երկար ու բովանդակալից ճանապարհ է անցել՝ անընդհատ պրպտել, սովորել ու յուրացրել է արվեստի նրբությունները, կարողացել է ստեղծել իրենը, ի՛ր ձեռագիրը։ Նա ոգևորությամբ էր խոսում խեցեգործական արվեստի, նրա արմատների, նրա զարգացման ընթացքի, այդ գործում ունեցած իր համեստ ներդրման մասին, այն մեծ պատասխանատվության մասին, որ ինքն անձամբ զգում է յուրաքանչյուր մեծ ու փոքր գործ ստեղծելիս։
Իմ հարցին, թե ունի՞ մի ստեղծագործություն, որն իր համար առավել արժեք ու կարևորություն ունի, նա մի պահ լռեց, ժպտաց ու պատասխանեց՝ « ոչ, իմ բոլոր գործերն էլ ինձ համար հավասար արժեք ունեն, ես բոլոր գործերս էլ սիրով ու ջերմությամբ եմ ստեղծում և բոլորին էլ սիրում եմ»։
Նրա՝ խեցեգործական արվեստով հրապուրվելուն մեծապես նպաստել է ծանոթությունը հայկական հախճապակու արվեստի պատմության ու ավանդույթների շարունակող Մարի Պալյանի հետ, ով ապրում և արարում էր Երուսաղեմում։ Նա իր՝ արդեն խունացած ձեռագրերի վերականգնումը վստահել էր Նարինեին։
Նարինեն վերականգնեց Պալյանի պահպանած ու ստեղծած հայկական ավանդական զարդանախշերը՝ միաժամանակ կատարելով նաև դիզայներական լրացումներ։ Նա սիրով ու հպարտությամբ էր խոսում այդ մասին, չէ՞ որ իր աշխատանքով գոհացրել էր հենց իրեն՝ հայ ավանդական խեցեգործական արվեստի մեծ գիտակ, նկարչուհի-դիզայներ Մարի Պալյանին։ Նարինեն իրեն համարում է այդ արվեստի կրողն ու շարունակողը։
Խեցեգործական արվեստով հրապուրվելու, այդ արվեստում խորանալու և հմտանալու գործում մեծապես նպաստել է նրա ստեղծագործական կապը հանրաճանաչ գեղանկարիչ, խեցեգործության արվեստի խորագիտակ ու նվիրյալ ջատագով Գևորգ Եղիազարյանի հետ, ում հետ միասին դարձել են LAGUZ studio-ի համահիմնադիրներ։
«Մերհամատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական ու կենցաղային-կիրառական առարկաների բազմաթիվ, բազմաբնույթ ու բազմաոճ գործեր։ Հիշարժան գործերից են Կոմիտասի՝ մորից նվեր ստացած սափորի կրկնօրինակները, որոնք նշանավորվեցին 2016-ին Հռոմի պապի Հայաստան այցելության և Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ընթացքում, երբ Հռոմի Պապն ու Հայոց Հայրապետը հենց այդ սափորներով միաժամանակ ջրեցին խորհրդանշական Նոյան տապանի Կենաց ծառը,- պատմեց Նարինե Ավետիսյանը՝ հավելելով,- Հախճապակյա կրկնօրինակը պատրաստված է բարձրորոկ ներկերով, ոսկյա նկարազարդումներով և ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Այդ կրկնօրինակներն այսօր բնօրինակի կողքին իրենց պատվավոր տեղն ունեն Կոմիտասի թանգարանում»։
Չափազանցություն չէ, երբ Նարինեին ճանաչողները նրան համարում են հայ միջնադարյան արվետի ժամանակակից ծաղկող-մանրանկարիչ։
Զրույցի ընթացքում բացահայտեցի նաև, որ նկարելու հակումը նրա մեջ արթնացել է մանկուց, շարունակվել է դպրոցական տարիքում՝ բնության, շրջապատող առարկաների, դասընկերների, այլ ծանոթների դիմանկարների ստեղծումով, իսկ գրաֆիկական և դիզայներական արվեստի աշխարհը ձևավորելու գործում մեծապես ազդել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ստացած կրթությունը։
Երբ նրան հարցրեցի, թե նկարչուհի-դիզայներին, գրաֆիկայի բնագավառում կայացած արվեստագետին ի՞նչը գայթակղեց կերամիկական արվեստում, ոգևորված պատասխանեց․ «Ես շնորհակալ եմ իմ Աստծուց, որ ինձ հնարավորություն տվեց հայտնվելու ոչ միայն հենց LAGUZ studio ում, այլև հայտնվելու հենց ճենապակու հեքիաթային աշխարհում։ Այստեղ ամեն ինչ ինձ համար նոր էր, զարմանալի ու հետաքրքիր այնքան, որ ես հմտացա անգամ կերամիկայի և ճենապակու արտադրության մեջ, համոզվեցի, որ արտադրանքի որակը կախված է որակյալ հում նյութերից, որոնք մենք ներմուծում ենք Ֆրանսիայի Լիմոժ քաղաքից ։ Մեր ամբողջ աշխատանքը ձեռագործ է և ձեռքով նկարված։ Ինձ համար շատ կարևոր է ոչ միայն այն, որ մեր արտադրանքը որակյալ է, գեղեցիկ, այլ որ այն Քութահիայի, Դվինի, Անիի, Իզնիկի խեցեգործության բազմադարյա ավանդների շարունակությունն է՝ նոր տեխնիկայով, նոր ոգեշնչումով։ Ահա այն ամենը, ինչը գայթաղել է ինձ»։
Հ․Գ․ Նարինե Ավետիսյանը մի նվիրական նպատակ ունի՝ 25 տարում կուտակած իր գիտելիքներն ու փորձը, իր նոր մտահղացումները հաղորդել, փոխանցել երիտասարդ սենդին, որպեսզի հայկական հարուստ մշակույթի խեցեգործական արվեստի շունչն ու ոգին պահպանվի, շարունակվի, է՛լ ավելի զարգանա և անպայման տարածում ունենա նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ես հավատո՛ւմ եմ նրան։
Ժ․Հ․