կարևոր
949 դիտում, 1 օր առաջ - 2025-02-19 11:23
Քաղաքական

Այս փաստերը կարելի է Ալիևի աչքը կոխած․ «Հրապարակ»

Այս փաստերը կարելի է Ալիևի աչքը կոխած․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ տեղահանված արցախցիների վերադարձի մասին։ «Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երեւացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը բանակցային գործընթաց հետ բերելն է»,- ասաց նա։ «Մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել։ Այս իշխանությունը դա չի անում, որովհետեւ չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ, որովհետեւ համարում է, որ դա իր կյանքը կբարդացնի։ Нет людей, нет проблем («չկա մարդ` չկա պրոբլեմ»)»,- ասաց Քոչարյանը։

Առանց միջազգային երաշխիքների, ըստ Քոչարյանի, որեւէ ղարաբաղցի չի գնա Ղարաբաղ․ «Սա լավ թեմա չէ իրենց համար, էթնիկ զտումն իրենք են արել, սա նշանակում է էթնիկ զտումը բերել բանակցային սեղան»։ Շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւս նշում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է ապահովել արցախցիների վերադարձը հայրենիք։ Ի տարբերություն Քոչարյանի, որն այդ հնարավորությունը «փոքր» է համարում, Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցրել է, որ վարչապետ դառնալու դեպքում «այդ ժողովուրդը կգնա Լեռնային Ղարաբաղ»։ Ե՛վ Քոչարյանը, ե՛ւ Մարուքյանը արցախցիների վերադարձը ապահովող հիմնական գործոնը համարում են միջազգային երաշխիքները։

Էդմոն Մարուքյանը երեկ մեր հարցին ի պատասխան կրկին պնդեց, որ իրատեսական է համարում արցախցիների վերադարձի հարցը, քանի որ ինքը գիտի նոյեմբերի 9-ի փաստաթղթի գործարկման մեխանիզմները: Ավելին Մարուքյանը չմանրամասնեց։ 

Քանի որ խոսքը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում վերադարձի մասին է, կարելի է ենթադրել, որ Մարուքյանն ու Քոչարյանը նկատի ունեն առաջին հերթին Ռուսաստանի կողմից հնարավոր երաշխիքներն արցախցիներին։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի կրավորական պահվածքն Արցախը դատարկելու օրերին, կարելի՞ է արդյոք հույս կապել նրանց երաշխավորության հետ՝ հարցրինք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Եթե հույս չունենայինք, որ վերադարձ հնարավոր է, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան հանձնաժողով կյանքի չէինք կոչի, որը նպատակ ունի միջազգային ատյաններում, տարբեր երկրներում այս հարցը քննարկման օրակարգ բարձրացնել»,- ասաց Բալայանը՝ առարկելով, որ աշխատանքները բազմաբեւեռ պետք է իրականացնել, ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ:

«Աշխարհն անընդհատ փոխվում է, երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, աշխարհի վերաբաժանում է կատարվում ուժային կենտրոնների միջեւ, եւ, այո, հնարավոր է, որ մեզ համար էլ ստեղծվի բարենպաստ իրավիճակ, եւ մեր շահերը համընկնեն ուժային կենտրոններից որեւէ մեկի շահերին։ Ինչպես ժամանակին շահերի համընկնում կար մեծ կենտրոնների, եւ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվեց։ Բայց վերադարձի համար պետք է աշխատանքներ կատարել, ինչը, ցավոք, նկատելի չէ ՀՀ իշխանությունների կողմից»։ Բալայանի խոսքով՝ պատահական չէ, որ Ալիեւը պահանջում է Մինսկի խմբի լուծարում․ «Ինքը շատ լավ է հասկանում, որ այսօր թեեւ ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ, վաղը կարող է այդպես չլինել»։

Մեր հարցին՝ կոնկրետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարո՞ղ է ապահովել արցախցիների վերադարձը եւ ինչպե՞ս, Բալայանը պատասխանեց․ «Իհարկե, հայկական դիվանագիտությունը կարող  է նոյեմբերի 9-ի փաստաթուղթն օգտագործել ոչ միայն Արցախի հետ կապված խնդիրները լուծելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության շահը սպասարկելու նպատակով։ Ադրբեջանն անընդհատ խոսում է այդ փաստաթղթի 9-րդ կետը չկատարելու մասին, մենք էլ կարող ենք այլ կետեր չկատարելու մասին հակադարձել։ Օրինակ՝ այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ գոյություն ունի արտատարածքային միջանցք՝ Լաչինի միջանցքը, այսինքն՝ կա  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ մարդիկ են ապրում, այսինքն՝ Հայաստանի հետ կապող միջանցքը կա։ Հիմա հարց է առաջանում՝ որտե՞ղ է այդ միջանցքը։ Այս փաստերը կարելի է Ալիեւի աչքը կոխած։ Գոնե այս հարցերը պետք է տաք պահել, դարձնել բանակցությունների առարկա»:

Արցախի բլոկադայի ժամանակ Ալիեւն անտեսում էր միջազգային կառույցների եւ դատարանների որոշումներն ու հայտարարությունները, հիմա ինչո՞ւ պիտի միջազգային երաշխավորություն ընդունի։ «Միջազգային կառույցների, դատարանի որոշումն այլ բան է, այլ է լինելու որեւէ երկրի շահագրգռվածությունը, օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ: Խնդիրն այն է, որ եթե այս կենտրոններից որեւէ մեկը մտքին դնի, իր համար դա խնդիր չի լինելու։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետական մակարդակով է պետք այդ հարցը բարձրացնել, ՀՀ իշխանությունները պետք է դա անեն, եւ դա ոչ միայն արցախցիներիս խնդիրները կլուծի, այլեւ կդառնա ՀՀ անվտանգային համակարգի մի կոմպոնենտ։ Արցախը միջոց էր, որը հնարավորություն էր տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցեր լուծվեին, Հայաստանը կորցրեց այդ ռեսուրսը, հիմա արդեն խոսում է Սյունիքի մասին, հիմա էլ ասում են, թե Սյունիքն է Ադրբեջանինը, մի բան պիտի գտնեն այդ ուժային կենտրոնները, որ փորձեն իրենց շահերը սպասարկել»»։