կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-03 14:07
Քաղաքական

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. Ռուստամյանը՝ «Սասնա ծռեր»-ի՝ հեղափոխության փորձի մասին

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. Ռուստամյանը՝ «Սասնա ծռեր»-ի՝ հեղափոխության փորձի մասին

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. երեկ` Արցախի անկախության 25-ամյակին նվիրված հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է, մինչդեռ` այն քաղաքական ուժերի շարքն է դասվում, որոնք դատապարտում են «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները:

«Մեր հեղափոխությունն ազգային-ազատագրական նպատակով հեղափոխություն է: Ի՞նչ է  նշանակում Դաշնակցություն: Այն ժամանակ, երբ ուրիշ ճար չէր մնում պայքարելու ռեժիմների դեմ՝ սկսած սուլթան Համիդից մինչև երիտթուրքեր և այլն, այդ գործը կատարեցին հայ հեղափոխականները, որոնք միավորվեցին: Դրա համար էլ կուսակցության  անունը Դաշնակցություն է, այսինքն՝ հեղափոխականների միավորում, բայց դրա նպատակը շատ հստակ է՝ հասնել ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտմանը: Մենք երբեք այդ հեղափոխականությունը որպես զինված պայքար  չենք դիտել՝ ներսում քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ առաջացնելու համար»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պետք է զերծ մնալ երկրի ներսում բախումներ առաջացնելու գործողություններից:

«Կասկած  չունենք, որ հենց պառակտվեցինք, քաղաքացիական  բախումներ սկսվեցին, դրանից անմիջապես օգտվելու է Ադրբեջանը: Մենք պարտավոր ենք այդ ամենը նկատի ունենալ»,- ասաց ՀՅԴ-ականը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ տեղեր կան, որտեղ թռիչքաձև զարգացումն անհրաժեշտություն է. «Տեղ կա, որ միայն թռիչքաձև զարգացմամբ պետք է  հնարավոր լինի  երկիրը դուրս բերել ծանր, լճացած վիճակից»: 

Անդրադառնալով դիտարկմանը, թե  «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ևս հեղափոխություն էին պահանջում, Ռուստամյանն ասաց. «Իշխանափոխություն էին պահանջում, բայց ոչ մի բանի չհասան:  Ունենք երեք զոհ: Այն նպատակը, որ դրված էր, տեղի չունեցավ: Այս ամենը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ չի կարելի  ունքը սարքելու փոխարեն աչքը հանել:  Երեք ընտանիք` առնվազն, եթե չասեմ` մնացածները, դժբախտացել են: Անմեղ մարդիկ ինչո՞ւ պիտի  այդ գինը վճարեին: Ամեն միջոց չէ, որ արդարացնում է նպատակները, և այդ  նպատակներին հասնելու համար համապատասխան միջոցներ է պետք գտնել»: