|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փարիզի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների կեղծ դատավարությունը դատապարտող կոչ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ, որում հղում է արվում քաղաքապետ Անն Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին` Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները։ Փարիզի քաղաքային խորհուրդը պահանջում է նաև վերջինների ազատ արձակումը»,– ասված է հաղորդագրությունում։
Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչան։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: