Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարսելի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ, որով Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
Մարսելի քաղաքային խորհրդում բանաձևը ներկայացվել է Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով:«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները»,- ասվում է բանաձևում:
«Միջազգային հարթակում ստեղծվեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։ 2016-ի, ինչպես նաև 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը: Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ` կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները»,- նշվում է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևում:
Քաղաքային խորհրդի անդամներն ընդգծում են, որ Ֆրանսիայի բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան:
«Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե' Ֆրանսիայի և թե' ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին: Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տևական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական»,- հայտնել են խորհրդի անդամները` նշելով, որ սրանք են այն պատճառները, որոնք մղում են քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել բանաձևը:
Մարսելի քաղաքային խորհրդի անդամները Ֆրանսիային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»,- նշվում է բանաձևում: