Փոխարժեքներ
03 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.99 |
EUR | ⚊ | € 406.68 |
RUB | ⚊ | ₽ 3.9947 |
GBP | ⚊ | £ 488.85 |
GEL | ⚊ | ₾ 139.91 |
Yerkir.am-ը երեկ հրապարակել էր «Ահազանգ! Թուրքական քարոզչություն Երեւանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» հոդված՝ ահազանգելով, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող Ավետիսյան դպրոցում աղմկահարույց և անթույլատրելի հանդիպում է տեղի ունեցել բարձր դասարանի աշակերտների և ոչ անհայտ Կարո Փայլանի հետ:
Այսօր դպրոցը տարածել է հայտարարություն, որով փորձել է հերքել նշված տեղեկատվությունը, ինչ-որ տեղ արադարանալ՝ տարածելով ոչ ճիշտ փաստեր և իրողություններ:
Այսպես, դպրոցը հայտարարել է, թե իբր «հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ եւ մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը»։
Փաստեմ, որ ինձ հետ միջոցառման որևէ կազմակերպիչ կապ չի հաստատել: Ինձանից դպրոցին մոտ կանգնած իմ ընկերներից մեկը խնդրել է իմ հեռախոսահամարը՝ ասելով, որ տնօրենն ինձ հետ կապ կհաստատի, ինչը մինչ այս պահը տեղի չի ունեցել:
Ինձ հետ այնուհետև ֆեյսբուքով նամակագրական կապ են հաստատել միջոցառմանը ներկա գտնվողներից ինձ ծանոթ մարդիկ, որոնց հետ տեղի է ունեցել բարեկամական նամակագրություն թեմայի շուրջ: Դրանք ոչ միայն պաշտոնական հերքման առաջարկ չեն եղել, այլև կոնֆիդենցիալ այդ զրույցներին ես այստեղ անգամ ինձ իրավունք չեմ վերապահում անդրադառնալու, և կոռեկտ էլ չի դա: Ավելին, հարց է դեռ, թե դրանց բովանդակության հրապարակումով կհերքվե՞ն մեր ասածները, թե՞ հանդիպման բովանդակության նորանոր շերտեր կբացվեն:
Դպրոցը հաստատում է՝ «բոլոր ներկաները խոսնակին ազատ հարցեր ուղղելու եւ նրա հետ բանավիճելու (ընդգծումը մերն է-Վ.Ս.) հնարավորություն են ունեցել»: Սա արդյո՞ք չի հաստատում մեր պնդումը՝ բանախոսը քարոզել է թուրքական նարատիվներ, իսկ ներկաները հակադարձել են: Այլապես հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ է տեղի ունեցել բանավեճ, ի՞նչ հարցերի շուրջ: Իսկ եթե ուզում են, որ հասարակությունն ինքն իր եզրակացությունը կատարի, ապա պարզապես կարող են հրապարակել հանդիպման տեսաձայնագրությունը՝ չմոնտաժված տարբերակով։
Այս ամենով վերահաստատվում է՝ տեղի է ունեցել օրենքով սահմանափակված անթույլատրելին՝ իրականացվել է թշնամի պետության ներկայացուցիչ հանդիսացող քաղաքական գործչի հանդիպում անչափահասների հետ, որտեղ խոսվել է թշնամի պետության նարատիվների մասին: Միջավայր, որտեղ քաղաքական բնույթի քարոզչություն օրենքով արգելված է, և այստեղ թե՛ հանդիպման փաստն է արտառոց, թե՛ բովանդակությունը:
Հետևաբար, դիմել ենք ԿԳՄՍՆ-ին և ՄԻՊ-ին՝ պահանջելով բացատրություններ և քայլեր:
Կարևոր ենք համարում նշել, որ մեր խնդիրը չէ դպրոցին սևացնելը, հատկապես, որ այնտեղ իրապես ստեղծված է ազգային դաստիարակության լուրջ միջավայր: Բարձրաձայնելով նման խնդրահարույց և անթույլատրելի հանդիպման մասին՝ մեր նպատակն է կանխել թշնամու քարոզչամեքենայի մուտքը ՀՀ հանրակրթական համակարգ, որը կարող է իսկական աղետի վերածվել առանց այն էլ թուրքական պահանջներն ամեն օր և ամենուր կատարող ՀՀ իշխանության գոյության պայմաններում:
Հ.գ. Եթե, օրինակ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը կամ Տիգրան Աբրահամյանը վաղը ցանկանան մտնել Երևանի դպրոցներից մեկը (թեկուզև մասնավոր) և հանդիպել աշակերտների ու կոլեկտիվի հետ, կթույլատրվի՞: Իհարկե՝ ոչ: Ավելին, եթե նույն պատգամավորները ցանկանան Անկարայի դպրոցներում քննարկել Հայոց ցեղասպանության, հայերի հայրենազրկման ու արցախահայության մերօրյա ցեղասպանության մասին, կթույլատրվի՞: Իհարկե՝ ոչ: Արդյո՞ք մտահոգիչ չէ, որ Երևանի դպրոցները փակ են ՀՀ խորհրդարանի պատգամավորների առջև, բաց՝ թշնամի պետության նախկին պատգամավորի ու թուրքական տեսակետների քարոզչի առջև: Մարդ, ում ընդամենը ամիսներ առաջ Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են՝ անվանելով՝ «սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն»։
Հետևությունները թողնում եմ մտածող մարդկանց:
Վահե Սարգսյան