կարևոր
430 դիտում, 4 ժամ առաջ - 2024-12-23 12:23
Աշխարհ

Սիրիայի իրադարձությունները Մերձավոր Արևելքի քարտեզը վերագծելու փուլ առ փուլ առարկայացող շղթայական պլան են. Գանտահարյան

Սիրիայի իրադարձությունները Մերձավոր Արևելքի քարտեզը վերագծելու փուլ առ փուլ առարկայացող շղթայական պլան են. Գանտահարյան

Սիրիայի իրադարձությունները շղթայական պլանի, միմյանց հաջորդող գործողությունների ընդհանուր երևույթ է․ դա Միջին Արևելքի քաղաքական քարտեզը վերագծելու ընդհանուր նախագիծ է, որը փուլ առ փուլ առարկայանում է։ 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ վերլուծելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում տիրող իրավիճակը և երկրի հետագա ճակատագիրը։  

Գնահատելով Սիրիայում ստեղծված իրադրությունը՝ միջազգայնագետը մի հետաքրքիր հանգամանք նկատեց, որ իրադրությունը Սիրիայում սրվեց ճիշտ այն բանից հետո, երբ դեռևս նոյեմբերի 27-ին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև ուժի մեջ մտավ հրադադարը։ 

«Լիբանանում հրադադարի հայտարարումից ժամեր անց Սիրիայի գործողությունները սկսվեցին, ինչը նաև քաղաքականորեն ընկալվում էր իբրև փոխկապակցված տեսության առարկայացում, և, կարծում եմ, այդպես է, որովհետև կարելի է ասել, որ դիմադրության առանցքը կոտրվեց․ եթե Սիրիայից օժանդակություն էր գալիս Լիբանան, իսկ «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնում էին այնտեղ, այնտեղ իրանական հենակետեր ունեին և այլն, այդ առանցքը, այդ ցանցը, փաստորեն, կոտրվեց, և Սիրիայի քաղաքները շատ արագ անցան այդ նոր ուժերի վերահսկողության տակ»,-ընդգծեց Գանտահարյանը։  

Նրա կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ Սիրիայի իրադարձությունները շղթայական պլանի, միմյանց հաջորդող գործողությունների ընդհանուր շղթայական երևույթ էր։ 

«Դա խոսում է նաև քաղաքական այն տեսակետի մասին, որ Միջին Արևելքի քաղաքական քարտեզը վերագծվում է, որովհետև, ըստ էության, եթե հաշվի չառնենք Լիբանանը, միայն Սիրիան էր, որ մնացել էր որպես արաբական աշխարհում հիմնական հակաիսրայելական պետություն»,-շեշտեց զրուցակիցը։ 

Շահան Գանտահարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գազայի պատերազմից առաջ Իսրայելը սկսել էր ակտիվ կերպով դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնություններ կնքել արաբական տարբեր երկրների հետ, իսկ այդ գործընթացն առկախվել էր միայն այն պատճառով, որ Գազայում ռազմական գործողություններ էին ընթանում։ 

«Հիմա նաև Սիրիայում կատարված իշխանափոխությունը, վարչակարգի հեռացումը և այլն, խոսում են այն մասին, որ սա ընդհանուր Միջին Արևելքի քաղաքական քարտեզի վերագծման ընդհանուր պլանն է, որը փուլ առ փուլ առարկայանում է։ Կարծում եմ, որ Սիրիայի իրադարձություններում հիմնական շահառուներն՝ առնվազն շահերի համընկնումների տեսանկյունից, Իսրայելը և Թուրքիան են՝ չնայած հռետորաբանական պատերազմին»,-շեշտեց Շահան Գանտահարյանը։ 

Բնութագրելով առկա իրադրությունը՝ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը նկատեց, որ Իսրայելը ներխուժել է նաև սիրիական տարածքներ, մոտ 15 կմ հեռավորության վրա է Բեյրութ-Դամասկոս միջազգային ճանապարհից, Գոլանի բարձունքներն է գրավել՝ հայտարարելով, որ 51 տարի հետո իրենց հաջողվել է վերատիրանալ այդ բարձունքներին, նաև այդ բարձունքներում իր ռազմական գործիքակազմերը կահավորել է։ 

«Մյուս կողմից այս նոր ուժերը կրում են Թուրքիայի հովանավորչությունը։ Ճիշտ է՝ որքան էլ նախկին զինյալ խմբավորումները վերափոխված կամ, այսպես ասած, ռեբրենդինգ արած քաղաքական տեսք են ստացել, այնուամենայնիվ, նոր իրավիճակ է, բայց դեռևս պարզ չէ, թե Սիրիայում տեղի ունեցող իշխանափոխությունն անցնցո՞ւմ կլինի, թե՞ ոչ, որովհետև այդ նոր ուժերը տարբեր խմբավորումներից է բաղկացած։ Կհաջողվի՞ արդյոք միավորել նրանց։ Ճիշտ է, անցումային կառավարություն կա, բայց խոսում են նաև ընտրությունների մասին՝ նախագահի ընտրություն, խորհրդարանի ընտրություն, նոր կառավարություն և այլն։ Դեռևս պարզ չէ՝ այս բոլոր փուլերը անցնցո՞ւմ կլինեն, թե՞ նորից այլ բախումներ կլինեն»,-ասաց Գանտահարյանը։  

Միջազգայնագետի բնորոշմամբ՝ Սիրիայում իրանական հենակետերն այլևս չկան, իսկ Ռուսաստանի հենակետերի՝ Սիրիայի ծովեզրյա շրջաններում մնալը դեռևս հարցականի տակ է։  

«Համենայն դեպս, այս 2 հենարանները, որոնց վրա հիմնվել էր Ասադի վարչակարգը, քանդվել են, և այդ պատճառով էլ նրա իշխանությունն արագորեն տապալվեց»,-նկատեց զրուցակիցը։  

Անդրադառնալով հարցին, թե զարմանալի՞ չէ արդյոք, որ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ալ Ասադն, այսքան երկար տարիներ անցնելով նման դժվարությունների, բարդությունների, պատերազմների միջով, կարողացավ մնալ իշխանության ղեկին, սակայն այս անգամ ընդամենը մի քանի օրվա ընթացքում կորցրեց իշխանությունը՝ Գանտահարյանը նշեց, որ, այդ առումով գործարքային տեսության տրամաբանությունը միշտ շրջանառվում է, որովհետև Բաշար Ասադին չէր հաջողվի գոյատևել, եթե չլինեին հիմնականում ռուսական և իրանական հենասյուները։ 

«Ռուսաստանի դեպքում դա պայմանավորված էր Ուկրաինայում ներգրավված լինելու հանգամանքով, իսկ հետագայում էլ ավելի պարզ կդառնա, թե ռուսական կողմն այդ ծովեզրյա շրջանում իր մասնաբաժինը ստացե՞լ է, թե՞ ոչ, հետևաբար կան որոշ տվյալներ այդ ուղղությամբ մտածելու համար։ Այսինքն, թե′ ընդհանուր պրոքսիների, թե′ նաև Ռուսաստանի և Իրանի՝ իրենց մեծ օրակարգերով ներգրավված լինելու հանգամանքները հանգեցրին այս արդյունքին։ Կարծում եմ՝ 2 ուղղություններն էլ պետք է նկատի ունենալ, բայց փաստ է, որ Ասադին չէր հաջողվի շարունակվել կառավարել առանց այս 2 հիմնասյուների»,-ընդգծեց Շահան Գանտահարյանը։ 

Զրուցակիցը հետաքրքիր համարեց նաև ներգրավված կողմերից հնչող հայտարարությունները․ «Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչն ասել էր, որ իրանական հենակետերն այլևս չկան, հետևաբար Իսրայելը որևէ պատրվակ չունի՝ մնալու սիրիական տարածքների վրա։ Թուրքիան ասել էր, որ ԴԱԻՇ-ը չկա, և ամերիկյան զորքերը չպետք է շարունակեն մնալ սիրիական տարածքներում, այսինքն՝ 2 կարևոր ազդակ կա այստեղ՝ այդ ներքին ուժերի, նոր ուժերի կառուցվածքը, որը կարող է նաև հակասական դիրքերում լինել, հետո նաև գլխավոր խաղացողների միջև երևացող հակասությունները»։

Գանտահարյանը հիշեցրել է նաև այն, որ Իրանը հայտարարել է, թե այս բոլորի թիկունքում կանգնած են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը՝ միաժամանակ անելով այդ ակնարկը շատ զգուշորեն և սլաքն ուղղելով Թուրքիայի վրա ու ընդգծելով, որ այդ գործընթացում Սիրիայի հարևան պետությունն էլ է ներգրավված։ 

Զրուցակիցը հիշեցրեց նաև Աստանայի ձևաչափի մասին, որով 3 հիմնական խաղացողներ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, համաձայնել էին պահպանել ստատուս քվոն Սիրիայում։  

«Ըստ էության, Թուրքիայի հովանավորչությունն ու աջակցությունը կրող այս նոր ուժերը խախտեցին, չեղարկեցին Աստանայի համաձայնությունը, ինչ հետևանքով հիմա հակասություններ են երևում Իրանի և Թուրքիայի, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում»,-նշեց զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ իրադարձություններից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Անկարան կարողացել է ռուսներին և իրանցիներին համոզել, որ Սիրիայում Ասադի իշխանության մնալն այլևս իրատեսական չէ։  

Գանտահարյանի խոսքով՝ բնական է, որ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները չեն բխում Ռուսաստանի և Իրանի պետական շահերից։  

«Կարող ենք նշել, որ Սիրիայում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետ կապված հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ, իսկ ապագան՝ մշուշոտ»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը։