Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Աշխատանքի դատի պաշտպանութեան անհրաժեշտութիւնը – ՄԱՍ 2
ՀՅԴ չորրորդ Ընդհանուր Ժողովի (1907թ․) սղագրութիւններից պարզւում է, որ ազգային ազատագրութեան (Էմանսիպացիա) եւ սոցիալական արդարութեան (Սոցիալիզմ) միջեւ փոխկապակցուածութեան միջդիցիպլինար սկզբունքը եղել է ՀՅԴ գաղափարախօսական ակունքներում։ Սրա վառ ապացոյցներից մէկն էլ ՀՅԴ հրապարակագիր եւ տեսաբան, ՝ Եղիշէ Թոփչեանի (1872-1909թթ․) վերլուծական բացատրութիւնն է, որպէս արեւելահայ պատգամաւոր, ի պատասխան արեւմտահայ հռչակաւոր գրող, ՀՅԴ գործիչ եւ խմբագիր Ռուբէն Զարդարեանին (1874-1915թթ․)․
«Ընկեր Զարդարեանի հարցը՝ [Անդրկովկասում] բանուորական կազմակերպութիւնների աճման պատճառների մասին, - Դաշնակցութիւնը արձագանք տալով շրջապատող պայմաններին, սկսում է պաշտպանել նաեւ աշխատաւորների շահերը: Մեր բանուորները սկսում են համոզուել, որ Դաշնակցութիւնը, սոցիալ-դեմոկրատների (իմա՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնն իր բոլշեւիկ ու մենշեւիկ խմբաւորումներով - ԿԽ) ասածի նման, միայն՝ «Հայաստան, Հայաստան» չէ ասում, Կովկասի իրականութիւնը աչքից բաց թողնելով, այլ նա նաեւ պաշտպանում է Ժողովրդի տնտեսական շահերը եւ իրաւունքները:
«Երկրորդ պատճառը՝ ընդհանրապէս Դաշնակցութեան անցեալն է․ կալուածական հարցի ժամանակ (Ցարական իշխանութեան կողմից եկեղեցապատկան տարածքների գրաւման օրերին, 1903թ․ - ԿԽ) բնականօրէն մասսաները աւելի շատ համակրանք զգացին դէպի Դաշնակցութիւնը եւ աւելի նրա հետ կապուեցին:
«Երրորդ պատճառը այն է, որ բանուորները Դաշնակցութեան մէջ տեսնում են, ոչ միայն մի սոցիալիստական կուսակցութիւն, որ միայն բանուորների շահերն է պաշտպանում, այլ նաեւ մի ազգային կուսակցութիւն, որ ազգային իրաւունքների հաւասարութիւն է պահանջում։
«Շատ դէպքերում սոցիալ-դեմոկրատները աւելի կտրուկ եւ վճռողական կերպով էին պաշտպանում բանաուորութեան տնտեսական շահերը, բայց մեր բանուորութիւնը այն կողմը չէր անցնում , որովհետեւ այնտեղ ազգային իրաւունքներին բաւարարութիւն չէր տրւում»։
(Նիւթեր Հ․ Յ․ Դաշնակցութեան պատմութեան համար, Գ․ հատոր, Բէյրութ, Բ․ տպագրութիւն, 2007, էջ 78-79)
Ահա ահս վկայութեամբ էլ ապացուցւում է, որ ազգային-ազատագրական պայքարը ու սոցիալական շարժումը ԶՈՒԳԱՀԵՌ նշանակութիւն եւ անհրաժեշտութիւն են ունեցել, ունեն եւ պէտք է ապագայում եւս ունենան ՀՅ Դաշնակցութեան համար։
Կարեն Խանլարի (Խանլարյան)
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.),
տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու,
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակի» նախկին խմբագիր