Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ: 2023 թ.-ից մեկնարկած դպրոցների տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը: Դպրոցների տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում:
Նշված հանգամանքը վկայում է կա՛մ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու, կա՛մ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին: Երբեմն հարցազրույցի ժամանակ անցողիկ ձայներ հավաքած հավակնորդները լիարժեք կարողություններ և հմտություններ չեն կարողանում դրսևորել, բայց մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանանում՝ հնարավորություն ստանալով տնօրեն նշանակվելու: Երբեմն անցողիկ շեմը հաղթահարած հավակնորդները գյուղական բնակավայրերի ուսհաստատությունների թափուր տեղի համար դիմած անձինք են, որտեղ տնօրենի տեղը տևական ժամանակ թափուր է մնում՝ այլ հավակնորդ չլինելու կամ բավարար կարողություններ ունեցող անձ չլինելու դեպքում:
Կարգի կիրարկման ընթացքում պարզ է դարձել, որ երբեմն առկա են զարգացման ծրագրերի բովանդակության, փորձաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկության փոխանցման դեպքեր, ինչը հակասում է ընթացակարգի նպատակներին: Խնդիրների կարգավորման և ոլորտում արդար մրցակցության և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով այս նախագծով առաջարկվում են մի քանի մեխանիզմներ: Օրինակ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:
Կամ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցը երկու անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը: Քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացություն ունենալու դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է: Փորձաշրջանի ավարտին ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը: Փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը: