Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Բաքու է ժամանել Արեւելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին։ Նրա այցի անսովորությունն այն է, որ Ադրբեջանում չկա պրեֆեկտի վարման առարկա, որը Վատիկանում վերահսկում է բյուզանդական ծեսի կաթոլիկների գործերը։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել Գուջերոտիին հանդես գալ մի շարք հայտարարություններով:
Ադրբեջանական պարբերականների հաղորդմամբ՝ կարդինալը «փաստել է՝ աշխարհում կրոնական հողի վրա տեղի ունեցող հակամարտությունների ընդլայնման խորապատկերին՝ Ադրբեջանի կառավարութույնը վարում է բազմամշակութայնության քաղաքականություն, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ երկրում գոյակցում են խաղաղ պայմաններում, ապահովվում է կրոնի ազատությունը, ինչն ամենամեծ ներդրումն է խաղաղության գործում»: Գուջերոտին քննարկել է հեյդար ալիեւի հիմնադրամի կողմից Վատիկանում կատակոմբների վերականգնումը, Վատիկանի թանգարանի եւ Առաքելական գրադարանի հետ նրա սերտ համագործակցությունը, արխիվային ձեռագրերի թվայնացումը, պատմական եւ կրոնական հուշարձանների վերականգնման նպատակով Վատիկանի հնագետների ճանաչողական այցերն Ադրբեջան, ընդգծվել է ապագայում նոր նախագծերի իրականացման կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել Բաքվում հանրապետության իշխանությունների աջակցությամբ նոր կաթոլիկ եկեղեցու կառուցմանը։
Բայց այս ամենի մասին, տեսականորեն, կարող էին եւ պետք է քննարկեին Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ներկայացուցիչները, կամ, հաշվի առնելով Ադրբեջանի մահմեդական երկրի կարգավիճակը, միջկրոնական միասնության Դիկաստերիան։ Ինչից էլ երեւան է գալիս Բաքու Գուջերոտիի առաքելության առեղծվածային զգացումը։ Անդրկովկասը նրան խորթ չէ։ 2001 թ-ի դեկտեմբերից մինչեւ 2011 թ-ի հուլիսը նա ծառայել է որպես առաքելական նվիրակ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում: Որոշ հայկական պարբերականներ կարծում են՝ այդ ժամանակահատվածում Գուջերոտին հատուկ հարաբերություններ է հաստատել իլհամ ալիեւի ընտանիքի հետ, եւ անում հարցադրումներ Վատիկանի դիվանագետի դերի ՝ «Սուրբ Աթոռի եւ հեյդար ալիեւի հիմնադրամի միջեւ հարաբերությունների ստեղծման եւ զարգացման գործում»: Կարդինալը փորձ ունի նաեւ որպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հատուկ ներկայացուցիչ լուծել հետխորհրդային տարածքում առկա զգայուն խնդիրները։ Լինելով Մեծ Բրիտանիայում առաքելական նվիրակ՝ 2020ի աշնանը քահանայապետի հանձնարարությամբ նա զբաղվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Մինսկ-Մոգիլյովի կաթոլիկ միտրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսեւիչի միջեւ հակամարտության կարգավորմամբ։
Այսօր Գուջերոտիի Ադրբեջան այցի «տեղեկատվական առիթը» կարող է թվալ նոյեմբերին նախատեսված կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բաքվում COP29-ի նախօրեին՝ «Համաշխարհային կրոնները՝ կանաչ մոլորակի համար» կարգախոսով եւ «դրական ազդեցություն կունենա էկոլոգիական ճգնաժամի դեմ պայքարում կրոնական առաջնորդների դերի բարձրացման աշխատանքների վրա»։
Նոյեմբերի 2-ին հրապարակվել է Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդ Արամ կաթողիկոսի, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Բեդրոս 21-րդի եւ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Փոլ Հայդոսթյանի հայտարարությունը: Նրանք կոչ են արել հայերին Բաքվի գագաթնաժողովի նախօրեին ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել «Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող անարդարությանը» եւ «պահանջել իրենց պատմական հայրենիք վերադառնալու եւ ինքնիշխանության վերականգնման իրավունքը՝ միջազգային հանրության պաշտպանության ներքո», ինչպես նաեւ «եկեղեցական արարողությունների ժամանակ հատուկ աղոթքներ մատուցել Ադրբեջանի բանտերում գտնվող արցախցիների շուտափույթ ազատ արձակման համար»:
Իսկ նախօրեին՝ նոյեմբերի 1-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել Արամ կաթողիկոսի եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին: «Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը եւ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը» եւ «բարձր գնահատել ամերիկահայ համայնքին»: Հայկական թեման եւ Անդրկովկասը ԱՄՆ-ի ներկայիս ընտրարշավում պարբերաբար նշվում էր ինչպես Թրամփի շտաբի, այնպես էլ Քամալա Հարիսի շտաբի կողմից: Ընդ որում՝ հանրապետականներն օգտագործել են Արցախ տեղանունը, իսկ դեմոկրատները՝ Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններն, այնուամենայնիվ, չեն շտապում հստակ իրենց աջակցությունը հայտնել հավակնորդներից մեկին՝ հիշեցնելով, որ երկուսն էլ իրենց դրսեւոել են նվազագույնս 2020 թ-ի պատերազմի եւ ադրբեջանական բանակի հարձակման հետեւանքով տեղի բնակչության ելքի ժամանակ արցախահայության պաշտպանության գործում։ Բայց Կիլիկիո կաթողիկոսությունն ակնարկում է՝ որոշ բաներ կարող են փոխվել։
Թրամփի հետ զրույցում Արամ կաթողիկոսն «վճռական հույս է հայտնել, որ նոր վարչակազմի (Հանրապետական – Ս.Ս.) գալուն պես ԱՄՆ-ը լրջորեն կզբաղվի Արցախի խնդրով», դրանում կամ դրան կից կհայտնվի «հայկական ակտիվ ներկայացուցչություն» եւ տեղի կունենա «բաց երկխոսություն Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան եւ Արեւմտյան առաջնորդարանների եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ»։ Այլ կերպ ասած՝ Թրամփին խնդրում են ներգրավել հայ հասարակական եւ կրոնական առաջնորդներին ամերիկյան արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման գործում Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում, որոնք երբեմն միավորվում են Մեծ Մերձավոր Արեւելքում: Այս գործում Լիբանանում գտնվող Կիլիկիո կաթողիկոսությունը կարող է համագործակցել մերձավորարեւելյան խոշորագույն Արեւելյան կաթոլիկ եկեղեցու՝ Մարոնիտական եկեղեցու հետ, որի կենտրոնը գտնվում է նույն վայրում: Հնարավոր է՝ նման սցենարի իրականացման հեռանկարները եւ դրա նկատմամբ Վատիկանի վերաբերմունքը, որի երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ 2016-2020 թվականներին, մեղմ ասած, բարդ էր եւ չի բարելավվի Հանրապետականի ռեւանշի դեպքում, Բաքվում դարձել են Գուջերոտիի բանակցությունների առարկա:
Ստանիսլավ Ստրեմիդլովսկի
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի