Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 27-ն է. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Իսկ 2020 թվականի արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է արդեն, և աշնան ամիսներին այն, հնարավոր է՝ ներկայացվի փակ ռեժիմով:
Պատերազմը վարում է պետությունը, ուստի 44-օրյա պատերազմի ելքի համար որքա՞ն է բանակի, ռազմական ղեկավարության մասնաբաժինը, որքա՞ն՝ քաղաքական ղեկավարությանը, որքանո՞վ է այս առումով ճիշտ դերաբաշխում կատարվել Քննիչ հանձնաժողովի զեկույցում, և արդյո՞ք Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին քաղաքական որոշմամբ չմասնակցած խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, կմասնակցեն այդ փակ քննարկմանը:
Այս և այլ հարցեր 168.am-ը քննարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, ով 44-օրյա պատերազմի օրերին եղել է Արցախում:
– Զեկույցի ներկայացմանը մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ հստակ չկա: Բայց մենք Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը մերժել ենք՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք. առաջին, այդ հանձնաժողովում մեծամասնությունն իրենք են, ձայների մեծամասնությունն իրենցն է, երկրորդ, կարծում եմ, որ Քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիքակազմն է, որովհետև պետությունն արդեն իսկ ունի իր գործիքակազմը՝ քննելու ցանկացած իրողություն, մանավանդ՝ պատերազմական, այսինքն, Պաշտպանության նախարարությունը և մյուս կառույցները պատերազմական հանգամանքները քննելու հնարավորություն ունեն:
Իսկ Քննիչ հանձնաժողովն իրականում պետք է գնահատական տա պետությանը, օրինակ, օրենսդիր մարմնին, թե նա ինչպես է իրականացրել իր վրա դրված լիազորությունները՝ երկիրը ռազմական դրության բերելու համար, նույն Ազգային ժողովը կարողացե՞լ է ամբողջությամբ երկիրը համախմբել և գաղափարապես տանել պատերազմի: Կամ՝ նույն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատանքին գնահատական տալո՞ւ է, թե՞ ոչ:
Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա նաև գործադիր իշխանությանը՝ արդյո՞ք նա կարողացել է ճիշտ գնահատական տալ ռազմաքաղաքական իրավիճակին և երկիրը ռազմական ռելսերի վրա դնել, երկրի նյութատեխնիկական ապահովման և ֆինանսական միջոցները փոխադրել ի նպաստ պաշտպանության, արդյո՞ք կարողացել է մոբիլիզացիա և համալրում պատշաճ իրականացնել, մենք գիտենք, որ թերություններ են եղել: Այսինքն, Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա՝ արդյո՞ք կարողացել են ճիշտ գնահատել պատերազմի դաշտում հակառակորդի գործողությունների բնույթը, գլխավոր հարվածը, անհրաժեշտ փոփոխություններ անել, գնահատել ռազմական գործողությունների թատերաբեմը՝ տարածքի, ժամանակի, և կարողանան փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը: Մեր օրենքներով երկրի խորքում պաշտպանական կառույցներ ի սկզբանե չենք կառուցում, քանի որ ժողովուրդը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց պատերազմի ժամանակ այդ պաշտպանական կառույցները պետք է ավելանան: Արդյո՞ք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (նախարարը Սուրեն Պապիկյանն է եղել։- Մ.Պ.) մարզերի ՏԻՄ-երի հետ կարողացել է այդ կառույցները կառուցել, թե՞ թույլ են տվել, որ առաջխաղացումն իրականացվի:
Եթե վերցնենք հակառակորդի հնարավոր առաջխաղացման ուղղությունը, 283 կմ-ից 265 կմ-ն պահվել է, և մոտ 20 կմ-ում է ճեղքումը տեղի ունեցել: Եվ ելման կետը, եթե Արաքսի ափից վերցնենք՝ այդ Լալա Իլագի բարձունքը, ապա ուղիղ գծով մինչև Շուշի՝ 52 կմ, մինչև Մեծ Շեն, Խծաբերդ գյուղերի հատվածները՝ մոտ 65 կմ, ուղիղ գծով մինչև Սև լիճը՝ 92 կմ, ուղիղ գծով մինչև Գորիս, Կապան, Մեղրիի տարածքներ՝ 80-85 կմ, հակառակորդը կարողացել է առաջխաղացում իրականացնել այն հատվածում, որի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Մի անգամ խոսել ենք այս մասին, որ եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կա՛մ ԳՇ-ն, կա՛մ Արցախի Հանրապետության նախագահը, բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Այսինքն, հակառակորդը կարողացել է առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր:
Հաջորդն այդ Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա նաև դատաիրավական համակարգին, որովհետև եթե մարտական գործողությունների թատերաբեմում ամեն ինչ նորմալ է, ապա նրանք իրենց պարտականությունները պետք է հընթացս կատարեն, բայց եթե անօրինականությունները, փախուստը, խախտումները շատ են, իրենք պետք է անցնեին այլ ռեժիմի գործողությունների: Ես նկատի ունեմ, որ կարողանային ակտիվորեն փակել ռազմական գործողությունների ամբողջ գոտին, որոնումների իրականացման միջոցառումներ իրականացնեին, արագացված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ պետք է կատարվեին, ինչո՞ւ չէ՝ արագացված դատաիրավական միջոցառումներ, այդ թվում՝ արտագնա դատեր: Ես 40 օր այնտեղ եմ եղել և տեսել եմ, որ նրանք մատը մատին չեն տվել:
Քննիչ հանձնաժողովը պետք է դրա գնահատականը տա: Բայց իրականում այսօրվա իրավիճակում այդ Քննիչ հանձնաժողովը բոլոր սլաքներն ուղղելու է բանակի վրա և հատկապես՝ մարտավարական և ցածր օղակի հրամկազմի վրա: Իսկ մեր առաջարկությունը ո՞րն էր. օրենսդրական փոփոխություն կատարվեր, և այդ քննիչ հանձնաժողովը ձևավորվի համախոհության սկզբունքով, այսինքն, 4 հոգի ընդդիմությունից լինի, 4 հոգի՝ իշխանությունից, 2 հոգի՝ Արցախից, փորձագիտական-վերլուծական խմբից ինչ-որ մարդիկ, իշխանությունները սա մերժեցին: Եվ քանի որ համախոհություն չկա, մեծամասնությունն իրենք են, իրենց երգն են երգելու, մենք էլ փորձելու ենք ասել այն, ինչ իրականում գոյություն ունի: Հետագայում մենք մեր խոսքը, իհարկե, ասելու ենք, իսկ Քննիչ հանձնաժողովի զեկույցը սլաքը հիմնական պատասխանատուներից շեղելու է:
– Պատերազմի ժամանակ կառավարման համակարգի, վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ-ՊԲ կապի ապահովման հետ կապված խնդիրներ են եղել: Օրինակ, պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել էր, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։
– Ամեն մի անձնավորություն կառավարման համակարգում ունի իր պարտականությունները: Խաղաղ պայմաններում այդ ուղղահայացը՝ վարչապետ-պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբ, զորային կառույցներ է գնում, իսկ պատերազմի ժամանակ վարչապետը Գերագույն հրամանատար է, բայց, այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն ունեն իրենց պարտականությունները, և դրա շրջանակում իրենք կարող էին գործել:
Ընդ որում, իմ ղեկավարման ժամանակ մենք մի այսպիսի առաջարկություն էինք արել և զինված ուժերի զարգացման պլանում նշված էր՝ քննարկել և պատերազմի ժամանակ ձևավորել ռազմակայաններ, որտեղ ամեն մեկն իր գործողությունները կարող է իրականացնել: Այսօրվա կառուցվածքային իրականության մեջ գոյություն ունի վարչապետ, որին ենթարկվում են բոլոր գերատեսչությունները, գոյություն ունի Անվտանգության խորհուրդ, որի անդամ է նույն Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը: Դա նշանակում է, որ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար վարչապետը, ԱԽ-ն ԳՇ-ի ու ՊՆ-ի ողջ հնարավորություններն է օգտագործել, հատկապես՝ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման առումով, և ոչ միայն:
– Խնդիրն այն է, որ եթե կարող ենք ասել՝ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին, ապա նույնը չենք կարող ասել Արցախի մյուս ուժայինների հետ կապված, որոնք ևս մասնակցել են մարտական գործողություններին և ենթարկվել են Արցախի նախագահին: Այդպես չէ՞:
– Պաշտպանության բանակը և նաև մյուս ուժային կառույցները հաշվետու են Արցախի նախագահին: Այսինքն, քո բանակն իմ տարածքն է պաշտպանում, ես պետք է վստահ լինեմ, որ ինքը կարող է պաշտպանել իմ տարածքը, դրա համար ՊԲ-ն պետք է հաշվետու լինի Արցախի նախագահին և ռեալ ներկայացնի իրավիճակը, որ նաև պարզ լինի, թե ինչով պետք է օգնի ինքը ՊԲ-ին: Եթե այդ սկզբունքով աշխատեին երկուսը միասին, մենք խնդիրներ չէինք ունենա:
– Իսկ որքանո՞վ Արցախի նախագահը կարող էր հրաման տալ ՊԲ-ին, որը, ինչպես ասում են, ենթարկվում էր ԳՇ-ին:
– Տեղում խորհրդատվություն, առաջարկություններ անելու իրավունք ունի, որովհետև Արցախի նախագահը կարող է ասել՝ քո բանակն այս հատվածում չի կարողանում պահել, եկեք՝ տեր կանգնեք, դա կարող է իրականացնել պնդմամբ: Ի վերջո, Արցախի Հանրապետության նախագահն իր երկրի ղեկավարն է, և ինքը կարող է իր երկրի ուժային կառույցներին ընդգրկել պաշտպանությունում: Իսկ արդեն կոնկրետ ստորաբաժանումներին հրաման տալը դա ՊԲ հրամանատարի խնդիրն է:
– Շատ է ասվում, որ ԱԱԾ ուժերը «փախել են», հրաժարվել են խնդիր կատարել պատերազմի ժամանակ, բայց արդյո՞ք նրանք կարող էին դա կատարել զուտ իրենց պատրաստվածության առումով: Օրինակ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամները մերժել են իր խնդրանքը, երբ նա «աղաչել-պաղատել է՝ գնում ենք առաջնագիծ, որովհետև առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր»:
– ԶՈւ կիրառման պլանի համաձայն, իրենք ունեն խնդիրներ, որոնք պիտի իրականացնեին:
– Պարոն գեներալ, պատերազմից հետո շատ խոսվեց տարբեր շրջանակներից, որ հայկական կողմը չէիր հաշվարկել, թե մի օր Արցախում ստիպված կլինեն կռվել Թուրքիայի դեմ, թուրքական ստորաբաժանումների, որ այդ սցենարին չեն պատրաստվել նախկինում զորավարժությունների ժամանակ: Իշխանությունները մեղադրում են նախկիններին, որ հարձակողական զորավարժություններ չեն արվել, ինչպես հարկն է, օրինակ, որ պատերազմը կարող է հակառակորդի տարածք տեղափոխվել: Սա արդարացի՞ մեղադրանք է:
– ԶՈւ կիրառման պլանը «հույժ գաղտնի է» և իր մեջ պարունակում է պաշտպանողական, հակահարձակողական և հարձակողական գործողություններ: Դրանից ելնելով էլ իրականացվել է ԶՈՒ պատրաստությունը՝ սկսած զինվորի անհատական պատրաստությունից, վերջացրած ռազմավարական նպատակներով զորավարժություններով: Ե՛վ շտաբային, և՛ հրամանատարաշտաբային մակարդակում 2 տիպի զորավարժանքներ եղել են, վերցրեք արխիվները և նայեք:
– 44-օրյա պատերազմից առաջ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», այս սցենարով զորավարժություն անցկացվե՞լ է, որ պատերազմը տեղափոխվի հակառակորդի տարածք: Այլ հարց է, որ գործող իշխանության ժամանակ դա չհաջողվեց, ինչո՞ւ, իրենք թող ասեն:
– Անպայման, թող վերցնեն ԶՈՒ կիրառման պլանները և ուսումնասիրեն, կտեսնեն, որ դրա համահունչ են իրականացվել բոլոր զորավարժությունները, բայց բնագծերից չեմ խոսի այսօր:
– Վերջերս մի վերլուծություն էի ներկայացրել, որտեղ ցույց էի տվել, որ եղել է ժամանակ, որ այսօրվա պես ԳՇ պետը համարվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, սպառազինության և թիկունքի վարչությունները եղել են ՊՆ ենթակայության տակ, և 2009 թվականին են այս վարչությունները տեղափոխվել ԳՇ ենթակայություն, իսկ ԳՇ պետը դադարել լինել ՊՆ առաջին տեղակալ: Ի՞նչ ռիսկեր է սա պարունակում, եթե Դուք լինեիք Պաշտպանության նախարար, և սպառազինության վարչությունը ՊՆ ենթակայության տակ լիներ, ի՞նչ խնդիր կունենայիք:
– Երբ մենք տարանջատեցինք Գլխավոր շտաբը, դա արվեց, որ զորային կառույցը քաղաքականությունից դուրս գա, ԳՇ-ն իր ծառայությունն իրականացնի համապատասխան պայմանագրի ներքո, չլինի տեղակալ, բայց ինքը ենթարկվում է ՊՆ-ին: Հիմա ԳՇ պետը դարձավ ՊՆ առաջին տեղակալ, որը չի փոխարինելու Պաշտպանության նախարարին, ի՞նչ առաջին տեղակալ, եթե չի փոխարինելու նախարարին: Մյուս կողմից, եթե փոխարինի, կքանդվի քաղաքացիական վերահսկողության սկզբունքը:
– Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում սպառազինության վարչության տեղափոխումը ԳՇ-ից ՊՆ, հենց կոնկրետ նախարարի համար:
– Պաշտպանության նախարարը պատասխանատու է ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման համար, պատասխանատու է պաշտպանական քաղաքականության իրականացման համար, որի մաս է կազմում ԳՇ-ն: Պաշտպանության նախարարը չի կարող ռազմաքաղաքական իրավիճակ գնահատի՝ առանց ԳՇ գնահատականի: ՊՆ-ն պատասխանատու է նաև կադրային պատրաստության համար և դրանով է վերահսկում նաև, որպեսզի ԶՈՒ-ն այլ խնդիրներ չկատարի, պետության դեմ դուրս չգա, չմասնակցի տարբեր քաղաքական գործընթացների: Նախարարը նաև պատասխանատվություն է կրում ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման համար, դրա համար գոյություն ուներ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչություն, որը մշակում էր բյուջետը, և ՊՆ-ն պատասխանատու էր, որ այն հատկացնի Զինված ուժերին: Նախարարի ենթակայության տակ էր նաև նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը:
Այսինքն, ինքը Զինված ուժերից ստանում է հայտ, որի շրջանակներում ինքն ապահովում է: Բայց սպառազինության և թիկունքի վարչությունները պետք է ենթարկվեն Գլխավոր շտաբին: Իսկ ռիսկերը կայանում են նրանում, որ ԳՇ-ն ոչ միայն մարտական որոշում պիտի կայացնի, այլ համակողմանի ապահովման առումով: Սպառազինության վարչությունն իրեն պիտի առաջարկություն տա, զեկուցի՝ մարտական գործողությունների ժամանակ ինչ խնդիրներ են ստեղծվում: Հիմա այստեղ վտանգ կա. նախարարությունն է որոշելու՝ ինչ առնի: Բայց եթե նախարարը մտածում է բանակի մասին, ինքը ԳՇ-ին կընդգրկի՝ ինչ ռազմատեխնիկական միջոցներ գնի: Այստեղ ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ պատերազմի ժամանակ, ես որպեսզի լիարժեք որոշում ընդունեմ, ես ՊՆ-ին պիտի ասեմ՝ քո սպառազինության վարչությունը թող գա մասնակցի բանին, շահերի բախում է գնալու: Դա անընդունելի բան է: Քրեական հնարավոր գործերը մի կողմ դրած, այստեղ ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու: Շատ հարցերում պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա:
Աղբյուրը՝ 168.am