Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Hraparak.am-ը հարցազրույցի է հրավիրել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամ, Սրբազան պայքարի ակտիվ մասնակից Գառնիկ Դանիելյանի հետ։
- «Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեծ հավաք է անցկացնելու: Ո՞ւմ է պետք այս ֆորմատով հավաքը, ի՞նչ խնդիր է լուծելու այն՝ այն դեպքում, երբ հանրությունն ընդդիմությունից ակնկալում է իշխանափոխություն։ Ովքե՞ր են ներկա լինելու այդ հավաքին։
- Պայքարի ընթացքում ակտիվություն ցուցաբերած մարդկանց, մեր աջակիցների հավաքն է, որին մասնակցելու են կուսակցություններ, պատերազմի մասնակիցներ, բժիշկներ, իրավաբաններ, մասնագիտական այլ համայնքների ներկայացուցիչներ։ Մոտավորապես 10 հազար մարդ է ներկա լինելու հավաքին։
- Այս հավաքը մեր պայքարի մի մասն է կազմում, իր առանձնահատկություններն ունի, ֆորմատն ունի, որը մտածված է, որպեսզի հանրությունն էլ տեսնի այն մարդկանց, խմբերին, որոնք պայքարի առաջամարտիկներն են։
- Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանից հետո հանրությունը ծաղրանքով է խոսում ընդդիմության մասին՝ հնչեցված հարցերի պատճառով։ Կես կատակ-կես լուրջ ասում են՝ ընդդիմությունը քնքուշ ու սիրալիր էր Փաշինյանի նկատմամբ, թեպետ թեժ աշուն էիք խոստացել։ Ինչո՞ւ են նման կարծիքներ հնչում, պարոն Դանիելյան։
- Ո՞ր պահին է սիրալիրությունը դրսեւորվել՝ շատ ծանր հարցեր են հնչել։ Իմ, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի հարցերից հետո իշխանությունը ցնցումների մեջ է ընկել, սուր հարցեր են հնչել։ Ժողովուրդը մեզնից պահանջում է երկրի կրիմինալ պատկերի, սահմանազատման կեղծ օրակարգի, միակողմանի զիջումների մասին հարցեր տալ։ Ո՞ր հարցն արդիական ու սուր չի եղել։ Բոլոր հարցերին խուսափողական պատասխաններ է տվել Փաշինյանը։ Մենք ասել ենք՝ մի օրինակ բեր, որ մինչ այս պահն Ալիեւի հետ ունեցած պայմանավորվածություններից գոնե մեկը Հայաստանի օգտին է եղել, մեր շահերից է բխել։ Իմ հարցին ի պատասխան, նա շատ կարեւոր հայտարարություն է արել․ ՀՀ գործող վարչապետն ասել է՝ իր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը զիջումներ անի, ինչից կարող ենք ենթադրել, որ, օրինակ, Ջերմուկի օկուպացված տարածքների վերադարձի հարցն Ադրբեջանի առջեւ չեն դրել, արցախցիների վերադարձի եւ անվտանգության խնդիրները չեն բարձրաձայնել։ Ավելին՝ չեն բացառում, որ այսքան զիջումներից հետո հնարավոր է էսկալացիա եւ պատերազմ լինի։
- Ոմանք մեղադրում են «Հայաստան» խմբակցությանը՝ հարցուպատասխանին մասնակցելու մեջ, ասում են՝ ի՞նչ իմաստ կա հարցեր ուղղել Փաշինյանին, ով, միեւնույն է` միանձնյա որոշումներ է կայացնում՝ հաշվի չառնելով խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը։
- Ես կարծում եմ, որ կարեւոր է հարցուպատասխանին ներկա լինելն ու հարցեր տալը։
- Սերժ Սարգսյանի թիմը՝ «Պատիվ ունեմ»-ը, բոյկոտել է, չի մասնակցում։ Նորմա՞լ եք համարում։
- Իմ կարծիքն այն է, որ պարտադիր պետք է մասնակցել, ես կողմ եմ դրան։
- Մարդիկ ասում են, անգամ ձեզ ընտրողներն են բողոքում, որ ընդդիմությունը ոչինչ չի անում՝ Փաշինյանին հեռացնելու համար, ուստի ավելի լավ է մանդատները վայր դնեն ու դաշտն ազատեն։
- Ընդդիմությունն ինչ գործիքակազմ ունի, կիրառում է։ Ակտիվ փողոցային պայքարի մեջ է, խորհրդարանում է ակտիվ, ավելին էլ ի՞նչ կարող է անել։ Ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ակտիվ չէ։
- Այդ ակտիվ գործունեության արդյունքն են ուզում տեսնել։
- Փաշինյանի հեռացումն են ակնկալում, մեր նպատակն էլ է դա, դրա համար ենք պայքարում։ Բայց սա չի նշանակում, որ եթե մինչեւ այս պահը չի ստացվել Նիկոլին հեռացնելը, պիտի հեռանանք քաղաքական ասպարեզից։ Պիտի շարունակենք պայքարը, մինչեւ հասնենք մեր նպատակին։
- Քաղաքական պայքարի նոր փուլ եք մտնում, ի՞նչ արդյունք եք ակնկալում։
- Մեր նպատակը մեկն է՝ այս կործանարար ընթացքը կասեցնելը, նոր որակի իշխանության ձեւավորումը, որն ի վիճակի կլինի դիմագրավել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին։
- Ո՞վ է լինելու նոր իշխանության առաջնորդը կամ վարչապետի թեկնածուն։
- Այս պահին պայքարի առաջնորդը, առաջամարտիկը սրբազան հայրն է։ Ժամանակավոր կառավարության ձեւավորումն այն օպտիմալ լուծումն է, որին կարող են մասնակցել անհատներ եւ այլ շահագրգիռ անձինք։
Աղբյուրը՝ Hraparak.am