Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Անցյալ շաբաթ 99 տարեկան հասակում կյանքից հեռացավ թուրքական սոցիալիստական շարժման և քրդերի իրավունքների պայքարի կարևոր գործիչներից մեկը՝ Թարըք Զիյա Էքինջին։ Էքինջին 1960-ականներին ակտիվ գործունեություն է ծավալել նաև խորհրդարանական ընտրությունների ընթացքում և ընտրվել է Թուրքիայի բանվորական կուսակցության պատգամավոր։ Էքինջին, ով նաև բժիշկ էր, մարտի 12-ին Դիարբեքիրի ռազմական դրության բանտում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ իբր «պրոքրդական» քարոզչություն անելու համար և երկու տարի ազատազրկվել։ 1980 թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո հինգ անգամ ձերբակալվել է։ Էքինջիի «Հուշերս՝ Լիջեից Փարիզ» գրքում, որը հրատարակվել է “İletişim” հրատարակչության կողմից 2010 թ․ և խմբագրվել է Դերվիշ Այդըն Աքքոչի կողմից, կան նաև կարևոր վկայություններ 1915 թ․ Լիջեի և Դիարբեքիրի հայերի հետ կատարվածի մասին։ Այս հատվածներում Էքինջին հիշատակում է նաև Լիջեի շրջանի նահանգապետ Հուսեյն Նեսիմիին, ով սպանվել է 1915 թ․ հայերի դեմ արվածին հակառակվելու համար։ Մենք ոգեկոչում ենք Թարըք Զիյա Էքինջիի հիշատակը՝ “İletişim” հրատարակչության թույլտվությամբ նրա գրքից համապատասխան հատվածներ կիսվելով։
Լիջեի հայերը
«Լիջեի հայերի մասին կարևոր տեղեկություններ կան, որոնք հիշում եմ հորս և ավելի ավագ ծանոթներիս պատմածներից։ Մինչև 1915 թ․ հայերը լուրջ ազդեցություն են ունեցել Լիջեի մշակութային, քաղաքական և վարչական կյանքի վրա։ Նահանգային խորհրդի անդամներն ընտրվել են կրթված հայերից։ Ասում են, որ Լիջեում մտավորական հայերն աշխատել են վարչական, ֆինանսական և դատական պաշտոններում։ Օրինակ՝ հայրս պատմում էր, որ պատանեկության տարիներին Լիջեում աշխատող հետաքննող դատավորը հայ էր։ Հայրս նաև հիշում է, որ այդ տարիներին Դիարբեքիրում Լիջեն ներկայացնող երկու գավառական խորհրդի անդամները հայեր էին։ Հայկական տեղահանությունը (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․), որն իրականացվել է 1915 թ․ Միություն և առաջադիմութուն կոմիտեի ընդունած որոշման համաձայն, հիմնովին վերացրեց տարիներ ձգված համատեղ կյանքը։ Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ փաշան, ով ևս Միություն և առաջադիմություն կուսակցության անդամ էր, խստորեն գործադրեց կառավարության արտաքսման որոշումը։ Լիջեի բեյերին ու քուրդ աղաներին տրված հրահանգի համաձայն՝ տեղահանությունը որոշ տեղերում վերածվել է հայերի կոտորածի։ Տեղահանության ժամանակ Դիարբեքիր տեղափոխված քարավանի մեջ գտնած հայտնի և մեծահարուստ հայերի ու հոգևորականների մեծ մասը կոտորվել է։ Լիջեի գավառապետը այն ժամանակ զգուշացրել էր տեղահանված քարավանին ուղեկցած աղաներին ու առաջնորդներին, որ ոչ ոքի ձեռք չտան, և շարասյունը մինչև Դիարբեքիր պետք է տեղափոխվի ապահով կերպով։ Նա անձամբ ևս ուղեկցել է քարավանին։ Սակայն բեյերի բողոքներից հետո նահանգապետը հայտարարել է, որ գավառապետը նույնպես պատժվելու է, եթե կանխի ջարդերը։ Դիարբեքիր տեղափոխված շարասյունը հարձակման է ենթարկվել ճանապարհին հանդիպած գյուղերում, իսկ շարասյան մեջ գտնվող մարդկանց մեծ մասը կոտորվել է։ Լիջեի Քարազ գյուղն (ներկայիս Քիրազլը շրջան) անցնելուց անմիջապես հետո գավառապետը ևս սպանվել է տեղում, քանի որ խանգարել է որոշ բացասական գործողությունների, իսկ հետո նրան թաղել են ճանապարհի եզրին։ Այս գերեզմանի պատճառով, որի գտնվելու վայրը մինչև վերջերս անհայտ էր, շրջանը հայտնի է որպես “Թըրբա Քայմեքամ”՝ գավառապետի գերեզման անունով։ Երբ 2006 թ․ Լիջեի քաղաքապետի հրավերով Լիջե էի գնում, ուզում էի նորից տեսնել գավառապետի գերեզմանը, սակայն, թեև գտանք այդ շրջանը, չկարողացանք գերեզմանի ճշգրիտ տեղը տեսնել։
Թեեւ տեղահանվածների թիվը հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Դիարբեքիր տեղափոխված քարավանի մեծ մասը սպանվել է։ Ասում են, որ հատկապես սպանել են նրանց, ում վրա թանկարժեք զարդեր կամ փողեր են եղել, իսկ նրանց մոտ գտնված ապրանքները խլվել են։ Ասում են, որ հարյուրավոր մարդիկ սպանվել և նետվել են Լիջեից 10-15 կմ հեռու գտնվող «Karkeşe Fis e» (քարանձավային լեռ Ֆիս գյուղում) կոչվող քարանձավը։ Ասում են, որ որոշ մեծահարուստ հայեր, ովքեր հասկացել են, որ իրենց սպանելու ու նետելու են քարանձավը, նախընտրել են կամովին իրենց ունեցած փողն ու թանկարժեք իրերը տալ շարասյունը ուղեկցող լիջեցիներին»։
․․․
«Ցանկանում եմ նշել նաև իմ որոշ հարազատների և ծանոթների կողմից Հայերի աքսորի վերաբերյալ ինձ փոխանցված վկայությունները։ Քանի որ կարծում եմ, որ պատմության խորքերում մնացած այս տեղական իրադարձություններով հնարավոր է գնահատել ընդհանուր տեղահանության շարժման շրջանակները և դրանից պատմական եզրակացություն անել, չեմ կարող չնշել դրանք։ Որպես 1958-59 թթ․ ԺՀԿ-ի Դիարբեքիր նահանգային կազմակերպության ակտիվ քարտուղար անդամ, ես պատասխանատու էի շրջանային կազմակերպությունների վերստեղծման և դրանց համագումարների անցկացման համար։ Չունգուշի շրջանի համագումարից վերադառնում էինք շրջանի հայտնի դեմքերից՝ Էրգանիի ԺՀԿ-ի շրջանային նախագահ Հայրի Գյուլդողանի հետ, ով ծագումով Չունգուշից էր և ապրում էր Էրգանիում։ Անցնում էինք Չունգուշի և Ջերմիկի միջև ընկած Դյուդերն անունով հայտնի քարայրի կողքով, որը, ըստ լուրերի, շատ խորն էր։ Հայրի բեյն ինձ հետևյալն ասաց. «1915-ի հայերի տեղահանության ժամանակ հայրս՝ Չունգուշի նշանավոր դեմքերից մեկը, շարասյուն հավաքելու և Դիարբեքիր տանելու համար պատասխանատու կոմիտեի ղեկավարն էր։ Մինչ շարասյան՝ ճամփա ընկնելը, հավաքված հայերի միջից հորս համաձայնությամբ դուրս հանեցի մի գեղեցկուհի հայ աղջկա, ում շատ էի հավանել։ Հետը ամուսնացա։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Դիարբեքիր տեղափոխված շարասյան մեջ գտնվող հայերը զանգվածաբար քարանձավ նետվելով՝ կոտորվել են, երբ հասել են Դյուդերնի քարանձավ։ Այս դեպքից շատ ժամանակ անց հայ կնոջս հետ ձիով գնում էինք այգի, երբ հասանք քարանձավ, կինս ցատկեց ձիուց և վազեց դեպի քարանձավը։ Ես էլ հետևից գնացի։ Բայց երբ կինս հասավ քարանձավի մուտքի մոտ, վրաս գոռաց- Հետևիցս մի՛ արի, ես գնում եմ մորս, հորս մոտ, մի՛ խանգարիր ինձ,-ասաց և մինչև հասնեի՝ նետվեց քարանձավի խորքերը։ Իրականացնելով այդ գործողությունը նա հասավ իր նպատակին, ինչի մասին երկար ժամանակ էր մտածել»։ Հայրի Գյուլդողանի պատմած այս ցավալի դեպքն ինձ մեծ ցնցում պատճառեց։ Ամբողջ կյանքում միշտ հիշում եմ այս ցավալի հուշը, երբ լսում ու կարդում եմ հայերի տեղահանության մասին։ Մոտ կես դար առաջ լսած այս սարսափելի իրադարձությունը միշտ վառ է մնացել իմ հիշողության մեջ։ Ու շարունակում է մնալ”։
Ունեցվածքի փոխանցումը Լիջեում
«Լիջեի հայերը հիմնականում արհեստավորներ էին։ Զբաղվում էին արհեստներով՝ դարբնությամբ, ատաղձագործությամբ, կոշկակարությամբ, պայտարությամբ, բրդագործությամբ և ջուլհակությամբ։ Մասնագիտություն ունենալը թույլ է տվել հայերին քրդերի համեմատ հարստանալ ու ունեցվածք կուտակել։ Լիջեում կապիտալի կուտակումը հայկական վերահսկողության տակ էր։ Մեծ գյուղերում գյուղատնտեսական գործունեությունն էլ քուրդ բեյերի մենաշնորհն էր։ Հասարակ մարդիկ և գյուղացիները ծայրահեղ աղքատ էին։ Նրանք այնքան աղքատ կյանքով էին ապրում, որ նույնիսկ օրվա հաց չունեին։ Հարուստ չէին համարվում նաև սահմանափակ կրթություն ունեցող (տարրական դպրոց) բյուրոկրատները կամ լիջեցի վարպետները։ Սակայն ասում են, որ հայերի տեղահանությունից հետո պայմանները զգալիորեն փոխվեցին։
Կենտրոնական իշխանության հրահանգով և Դիարբեքիրի նահանգապետի հատուկ ջանքերով հայության դեմ գրգռված աղքատ լիջեցիները կրոնական մոլեռանդության ազդեցության տակ բացասական դեր խաղացին հայերի տեղահանության մեջ։ Նրանց հարձակումները աքսորված հայկական շարասյունների վրա իրականացվել են կրոնական սադրանքների միջոցով, տեղահանությունը վերածվել էր մի տեսակ կոտորածի։ Այդ ընթացքում Լիջեի ազդեցիկ դեմքերը հնարավորություն ունեցան տիրանալու տեղահանության ենթարկված հայերի, որոնցից շատերը զոհվեցին ճանապարհին, կուտակած հարստությանը։ Այսպիսով, Լիջեում հայկական տեղահանությունից հետո մի տեսակ հարստության փոխանցում տեղի ունեցավ։ Հատկանշական է, որ Լիջեի էֆենդիները, որոնք մինչ այդ անհայտ էին, հանկարծակի մեծ հարստություն ձեռք բերեցին։ Լիջեի մերձակա հայկական գյուղերի հողերը սկզբում տնօրինվել են քաղաքի ղեկավար դեմքերի կողմից, ապա՝ գրանցվել հողային ռեգիստրում և դարձել սեփականություն։ Հայկական տեղահանության ժամանակ որոշ հայ երիտասարդներ թաքցվեցին և մահմեդականացվեցին առևտրով զբաղվող քրդերի կողմից: Այս մարդիկ, որոնց ես մոտիկից ճանաչում էի իմ մանկության տարիներին, աշխատում էին որպես հացթուխ, կտորի վաճառական կամ նպարավաճառ։ Անկեղծորեն ընդունեցին իսլամը: Խստորեն հետևում էին կրոնական կանոններին: Ավելի խորը հավատացյալ էին, քան մահմեդական քրդերը։ Նրանցից խուսափում էինք։ Երբ երեխա էինք, նրանց ճնշման տակ մեզ ստիպում էին երկրպագել»։
https://www.agos.com.tr/tr/yazi/30854/tarik-ziya-ekincinin-dilinden-1915-lice-ve-ermeniler
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net