Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիսիանում բացվել է հայ-կիպրական բարեկամության քանդակ՝ նվիրված Կիպրոսի զավթման 50-րդ տարվան։ «Սիսական» ջոկատի մարտիկ, արվեստագետ, քանդակագործ Աշոտ Ավագյանի հեղինակած գործը տեղադրվել է Զորաց քարերի մոտակայքում՝ Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամի և «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի համատեղ կազմակերպած միջոցառումների շրջանակում։
1974թ․ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Թուրքիան ներխուժեց հունական Կիպրոս կղզի և գրավեց հյուսիսային հատվածը՝ տեղահանելով ավելի քան 200 հազար հույների։ Թուրքական այդ զավթողական գործողությունը բնույթով շատ նման էր 2020-2023թթ․ Արցախի զավթմանը։
Հայ և հույն ժողովուրդների կրած տառապանքները շատ ընդհանրություններ ունեն թուրքական հակամարդկային և ահաբեկչական քաղաքականության պատճառով։ Մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունների մասին պատմող միջոցառումների շարքը Հայաստանում մեկնարկել է օգոստոսի 19-ին՝ Երևանում։ ՀԲԸՄ-ում ցուցադրվել է հույն ռեժիսոր Միքայել Կակոյանիսի «Կիպրոսի լլկանքը» վավերագրական ֆիլմը։
Նախաձեռնությունը իրականացվել է Հայաստանում Կիպրոսի դեսպանության աջակցությամբ, իսկ հույն քաղաքական գործիչ, Եվրոպայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով Արցախի արագ ազատագրում։
Սիսիանում բացված քանդակը՝ կիսված քարի տեսքով, խորհրդանշում է Կիպրոսը և Արցախը, որոնք փաթաթված են փշալարերով, այսինքն զավթված են թուրքական կողմից։ Քանդակագործ Աշոտ Ավագյանի նախաձեռնությամբ փշալարից մի հատված մասնակիցները կտրել և տարել են իրենց հետ՝ որպես թուրքական զավթումը ոչնչացնելու խորհրդանիշ։