կարևոր
3589 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 11:08
Հասարակություն

Ամա՜ն, զգու՜յշ, գաղտնի հայեր կան ձեր մեջ

Ամա՜ն, զգու՜յշ, գաղտնի հայեր կան ձեր մեջ

Հայկո Բաղդատ

Երկրում քանի՞ հայ կար, քանի՞սն սպանվեց, քանիսի՞ն գաղտնի կերպով այլ ինքնություն պարտադրվեց, այսօր հասարակության մեջ նման քանի՞ մարդ է ապրում, ովքե՞ր են նրանք։

Աբդուլլահ Գուլի մայրը հա՞յ էր։

Հա՞յ էին արդյոք Սաբիհա Գյոքչենը, Մեսութ Յըլմազը, Ադնան Քահվեջին, Դևլեթ Բահչելին։

Շեւքի Յըլմազը, Մուրադ Քարայալչընը, Աբդուլլահ Օջալանը, Հաքան Ֆիդանը, Ֆեթհուլլահ Գյուլենը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ, հույն կամ հրեա՞ էին։

Թուրքիայում քանի՞ հայ կա, որն իր նախկին ինքնությունը թաքցնելով՝ շարունակում է ապրել որպես մուսուլման, ալևի կամ քուրդ։

Թուրքիայում հայերն ինչու՞ ստիպված եղան հրաժարվել իրենց հայկական արմատներից։

Եթե Աբդուլլահ Գյուլի մոր նման մի կին իրականում հայ է, ապա ո՞վ է այդ կնոջ հանդեպ նման բռնություն ցուցաբերել։ Այդ հայերն ինչպե՞ս են իսլամական ավանդույթներով մի ակնառ՛ու գերդաստանի վերածվել։ Ինչու՞ են միշտ մայրերն ու մորական տատերը հայ դուրս գալիս։ Ինչու՞ հայ չեն հայրերն՛ ու պապերը։ Թուրքիա պետությունը հայ կանանց հանդեպ արել է այն, ինչ ԻԼԻՊ-ը՝ եզդի կանա՞նց։

Թուրքիա պետությունը տեղյա՞կ է, թե ովքեր են անցյալում հայ եղել։ Այդ գրանցումներն ինչ-որ տեղ պահպանվու՞մ են։ Այդ տեղեկություններն արդյո՞ք օգտագործվում են հարկ եղած դեպքում։ Եթե անցյալում հայ լինելն այդքան մեծ մեղք էր, ապա այսօր դեռ հայ մնացածներն ի՞նչ են նշանակում Թուրքիայի համար։

Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը, Ազգայնական շարժում և Լավ կուսակցությունների ցուցակով պատգամավոր եղած Յուսուֆ Հալաչօղլուն 2010 թ․ հրապարակված մի հոդվածում ուշագրավ թիվ էր նշել։

<<Կայսերիում կազմակերպված ավշարների թեմայով սիմպոզիումին ելույթ էի ներկայացրել։ Այդ ելույթիս մեջ խոսել էի իրենց քուրդ կամ մինչև իսկ քուրդ ալևի ներկայացնող հայ դյոնմեների մասին։ Ամեն կողմից ինձ վրա էին հարձակվել և խոսք ու վիրավորանք չէին մնացել, որ ինձ չուղղեին։ Հարցն այն աստիճանի էր խեղաթյուրվել, որ ինձ դատապարտել էին՝ առանց դատ ու դատաստան։ Իմ խոսքերիս մեջ ո՛չ քուրդ, ո՛չ էլ ալևի քաղաքացիներին ուղղված որևէ վիրավորանք չկար։ Ես, որպես գիտնական, փաստաթղթերով մեկնաբանել էին, թե որտեղ են նրանք գտնվում։ Այն ժամանակվա բոլոր ասածներս հիմնված էին ամերիկյան արխիվային փաստաթղթերի վրա և մինչև իսկ անունների և տեղանունների նման մանրամասներ էին պարունակում։

Իմ ենթադրության համաձայն՝ այսօր առնվազն 500 հազար նման հայ է ապրում։ Երբ այդ հարցը լիովին լուսաբանվի, կբացահայտվի, թե Հայոց ցեղասպանության մասին պնդումները որքան անտեղի են։ Թուրքիան ահաբեկչության հարցում և անջատողական քրդերի խնդրում լուրջ հանգրվան կգտնի։ Անգամ, մեր երկրում մաս-մաքուր թուրքմեն ալևի քաղաքացիների միջոցով տարվող խաղերը կբացահայտվեն>>։

Այն ժամանակ Հալաչօղլուն ասում էր, որ 500 հազար ծպտյալ հայեր կան, և որ այդ հայերը Թուրքիայում <<ահաբեկչական>> կազմակերպությունները հիմնադրողներն ու ղեկավարողներն են։ Նա պահանջում էր խորը ուսումնասիրություններ կատարել այդ թեմայով։

Հայերին ցեղասպանած, մնացածներին ստրկացրած, ձուլած պետությունը մեկ դար անց անգամ պահանջում էր շարունակել հայերի որսը։

Մեծ թուրք փիլիսոփա Մելիհ Գյոքչեքը մի նոր մեկնաբանությամբ է հանդես եկել ծպտյալ հայերի թեմայով։ Պարզ մաթեմատիկական հաշվարկով գաղտնի հայերի քանակի վերաբերյալ նոր թիվ է սահմանել։ Թեև Գյոքչեքն այդ հաշվարկը կատարել է առանց հաշվի առնելու 1915 թ․ կատարված Ցեղասպանությունը և միլիոնից ավել քրիստոնյա քաղաքացիների ոչնչացումը, այնուամենայնիվ իր կարծիքով մի եզրակացության է հանգել։ Գյոքչեքն իր գրառման մեջ մասնավորապես հայտնել էր․

<<1914 թ․ Օսմանյան պետության մարդահամարը․․․

Այդ տարեթվին Օսմանյան կայսրությունում 3.353.825 հույներ, հրեաներ և հայեր կային․․․
Բնակչության 18․22 տոկոսը․․․

Թուրքիայի 2024 թ․ բնակչությունը կազմում է 85.372.377 մարդ․․․
Եթե հիմք ընդունենք նույն հարաբերակցությունը, ապա Թուրքիայում ներկա պահին պետք է որ ապրեն 15.554.847 հույներ, հայեր և հրեաներ․․․
Ես ուզում եմ նրանց ճանաչել Թուրքիայում․․․
Չի կարելի որևէ մեկին մեղադրել հույն, հայ և հրեա լինելու մեջ, բայց ինչպես որ սիրիացիները, աֆղանացիներն ու թուրքմենները ճանաչելի են իրենց անուններով, ազգությամբ և ինքնությամբ, այնպես էլ մեր իրավունքն է հայերին, հույներին և հրեաներին իրենց ինքնությամբ ճանաչելը։
Հարկ է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը շտապ կերպով մի օրենք հրապարակի, ըստ որի՝ այդ անձանց իսկական ծագումն արտացոլվի ինքնության վկայականներում և անձնագրերում․․․

Համոզված եմ, որ ինչպես որ թուրքն է հպարտանում իր թրքությամբ, այնպես էլ հույնը՝ իր հույն լինելու, հայը՝ հայ լինելու, հրեան էլ՝ հրեա լինելու համար․․․

Արդյոք ի՞նչ է այդ մասին մտածում թվիթերյան հանրությունը>>։

Այո՜, սիրելի՛ ընթերցողներ։ Ի՞նչ եք իրոք մտածում։ Այն դեպքում, երբ կյանքի բնականոն հունով երկրում պետք է 15,554,847 հույներ, հայեր և հրեաներ լինեին, պատճառը ո՞րն է, որ այսօր նրանց թիվն այնքան է նվազել, որ անգամ մի մարզադաշտ չեն կարողանում լցնել։

Երկրում քանի՞ հայ կար, քանի՞սն սպանվեց, քանիսի՞ն գաղտնի կերպով այլ ինքնություն պարտադրվեց, այսօր հասարակության մեջ նման քանի՞ մարդ է ապրում, ովքե՞ր են նրանք։

Միանում եմ Գյոքչեքին և Հալաչօղլուին։ Դե՜հ, եկեք խոսենք այդ թեմաների մասին։ Բացահայտենք ձեր մեջ թաքնված հայերին։ Մենք պատրաստ ենք։

Թուրքական պետությունն էլ պատրա՞ստ է ըստ ձեզ։

https://artigercek.com/makale/aman-dikkat-aranizda-gizlenen-ermeniler-var-311222

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net