Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
- հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
- խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
- թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
- տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
- թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
- պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
- չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
- խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
- պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
- թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
- պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
- թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),
- չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,
- օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- չօգտագործել թերություններ ունեցող սարքեր: