Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը, ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում, հայտարարել է․ «ԱՄՆ վարչակազմը կարծում է՝ այժմ բացառիկ հնարավորություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանավորվածությունների հասնելու համար»: Նրա խոսքով՝ «Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում»։ Նա նաեւ ընդգծել է՝ «ԱՄՆ-ն ակտիվորեն դրան հասել է դիվանագիտության միջոցով՝ փորձելով Ադրբեջանին եւ Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին», եւ հայտնել է, որ «մոտ մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Ալիեւի հետ»: Այս կապակցությամբ փորձագետները նշում են՝ ԱՄՆ-ն սկսել է ավելի մեծ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Նրանց կարծիքով՝ «դա մի փոքր տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնն արդեն շուրջ մեկ տարի չի մասնակցում բանակցություններին՝ որպես ուղղակի միջնորդ Երեւանի եւ Բաքվի միջեւ»:
Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը հայտարարել է՝ «ԱՄՆ-ն «պատրաստ է Վաշինգտոնում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»: Հիշեցնենք՝ վերջին անգամ կողմերի միջեւ շփումը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ալմաթիում: Հազիվ թե զուգադիպություն կարելի է համարել նաեւ այն, որ հենց այդ պահին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները պաշտոնական հրավերներ ստացան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպելու հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը, մինչդեռ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը դեռեւս անհայտ է մնում: Բայց եթե Բաքուն համաձայնվի մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, ապա այդ ժամանակ հնարավորություն է ստեղծվում Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, թեեւ Բաքուն նախկինի պես նախընտրում է առայժմ միայն ուղղակի բանակցություններն առանց միջնորդների:
Ըստ բոլոր նշանների՝ ԱՄՆ - ն լուրջ փոփոխույթուններ է կանխագուշակում Անդրկովկասում։ Նրանցից հեռանում է Վրաստանը, երերուն է դառնում Հայաստանի քաղաքական իրավիճակը։ Դրա համար տապալվում է տարածաշրջանում Վրաստանից եւ Հայաստանից այսպես կոչված «Ժողովրդավարական կոալիցիա» ստեղծելու նրանց աշխարհաքաղաքական նախաիծը։ Այժմ որոշվել է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական մենամարտ կազմակերպել, որը թույլ կտար Թուրքիայի մասնակցությամբ նախագծի իրականացումը։ Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ն «անսպասելիորեն» որոշել է աջակցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղու իրականացմանը, որը Հայաստանի տարածքով կապում է Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ։ Ընդ որում, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա, ըստ էության, հակառուսական դաշինքի կառուցման ուղղությամբ ԱՄՆ-ի հաջողությունը կամ ձախողումը կախված կլինի շահերի եւ ռեսուրսների հավասարակշռման արվեստից, տարածաշրջանում իրավիճակի իրատեսական գնահատումից։ Հայաստանի հետ, կարծես թե, պայմանավորվել են, եւ Երեւանն ամեն ջանք գործադրել է Մոսկվային Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում մոդերատորի դերից զրկելու համար։ Նա նաեւ զգալի ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Այժմ մնում է միայն «բռնել» Ադրբեջանին, համոզել կամ ստիպել նրան խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին հայտարարել իր մասին որպես խաղաղության գործընթացում իրական միջնորդի։
Իրականում իրավիճակն այսպիսին է։ Վերջերս Բաքուն Երեւան ուղարկեց խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների հերթական՝ 10-րդ փաթեթը: Այս փաստաթղթի տեքստը մնում է անհայտ։ Սակայն հայտնի է՝ Ադրբեջանը Հայաստանից, որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայման, պահանջում է փոխել Սահմանադրությունը եւ հեռացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող կետերը: Երեւանն էլ «այդ հարցը ներքին գործ է համարում»։ Ուստի, չնայած Բաքվի եւ Երեւանի պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն «ինչպես երբեք մոտ են խաղաղությանը», թունելի վերջում լույսը դեռ չի երեւում, թեեւ չի բացառվում, որ այդ կետի շուրջ կողմերը կուլիսային բանավեճ են վարում, իսկ ԱՄՆ-ն փորձում է բանակցություններ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։ Ընդ որում, Օ ' Բրայենը հատուկ ընդգծել է՝ »ներկայում Ռուսաստանն այդ գործընթացից դուրս է, եւ նման պայմաններում կարեւոր է առաջընթացի հասնել»:
Բաքվում, իհարկե, հասկանում են՝ ԱՄՆ-ն փորձում է միջնորդության դրոշի ներքո մտնել տարածաշրջան, որպեսզի իրադարձությունները մտցնի Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության ձեւաչափ։ Դա այն դեպքում, երբ հենց Ռուսաստանն է ամենաակտիվ դերը խաղացել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացների կարգավորման գործում։ Ադրբեջանն այս պահին մանեւրում է։ Բաքվի փորձագետները կարծում են՝ ուղղակի մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, ինչպես դա արեց Ռուսաստանը, Բաքուն չի կարող։ Բայց Վաշինգտոնը կարող է հրապարակայնորեն հակադրել 3+2 ձեւաչափը (Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան)՝ որպես տարածաշրջանի անվտանգության առաջնահերթություն, միանգամայն իրատեսական է։ Այնպես որ, գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի