Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փարիզում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի եւ նրա հայ գործընկերոջ կողմից Հայաստանին Caesar հրետանային համակարգի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Փաշինյանի միջեւ։ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի առթիվ, եւ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն «առանց նախապայմանների, կարեւորել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ բանակցությունների շարունակումը», ինչպես նաեւ «հաստատել են այն հարցերը, որոնք մինչ այժմ համաձայնեցված են եղել»: Իհարկե, միաժամանակ քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։ Բայց դա դեռ ամենը չէ: Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ֆերմանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցույունները, երկու երկրների սահմանների դելիմիտացիայի գործընթացը եւ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Իսկ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»: Տեսնում ենք՝ Հայաստանի քննադատությունը միաժամանակ տարբեր դիրքերից է գալիս Բաքվի եւ Մոսկվայի կողմից, իսկ Անկարան փորձում է պահպանել երկխոսությունը Երեւանի հետ։ Ի՞նչ է կատարվում․ այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Միանգամից ուզում եմ ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Տեղեկացնելով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին՝ նրանք, չգիտես ինչու, բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունն այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա՝ հուլիսի 16-ին նշելու Վարդավառի տոնը։ Ինտրիգն այստեղ այն է, թե Թուրքիայի ո՞ր հատվածում Էրդողանը կընդունի Փաշինյանին, եթե վերջինս համաձայնվի ընդունել նման հրավերը։ Չի բացառվում, որ տոնակատարությունը կարող է տեղի ունենալ Արեւելյան Անատոլիայում, որը հայ պատմագրության մեջ կոչվում է Արեւմտյան Հայաստան, որը հայերի ավանդական բնակության շրջան է Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915 թ-ի ցեղասպանությունը: Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված շատ առումներով կարող է խորհրդանշական դառնալ», - նշել է Տարասովը։
Անդրադառնալով Էրդողան-Փաշինյանի զրույցին՝ քաղաքագետը մեջբերել է Արմենպրեսին. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամական հարաբերոթյունները դադարեցնելու կարեւորության մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխավոր լինել հանրապետության համար՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ վարելու պատճառով։ Պարոն Էրդողանը հայտարարել է՝ ժամանակն է «մի կողմ դնել անհիմն հիշողությունները» եւ գործել՝ ելնելով ընթացիկ քաղաքական իրավիճակից: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի պայծառ վաղվա համար նոր սկիզբներ ստեղծելու ուղին», եւ դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»:
«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը պատրա՞ստ է Երեւանի Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների միաժամանակյա բարդությունների ստեղծվող կոնկրետ իրավիճակում հայկական «քարտեզի» խաղարկմանը եւ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերին՝ մինչեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայց հենց այս համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երեւանում հայտարարում են՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այլեւս պատճառ չկա Հայաստանի հետ սահմանը փակ պահելու։ Բայց փոխվել է Թուրքիայի դիրքորոշումը», - ասում է Տարասովը։ Նախկինում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը փաստացի ընթանում էր Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ձգտումը տեղավորվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների բարդացման համատեքստում, ինչպես նաեւ դեպի արեւմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։
«Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արեւելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի հետ, Սիրիայում քրդական հարցը Մոսկվայի միջնորդությամբ լուծելու Թուրքիայի ձգտման մեջ նրան ձեռնտու չէ միանգամից հայկական «խաղաքարտը» խաղարկել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Ուստի, Երեւանի բոլոր սպասումները Անկարան ծավալելու է ոչ թե Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կառույցների ուղղությամբ, այլ 3+3 ձեւաչափով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)՝ առանց որեւէ ձեւով արեւմտյան միջամտության։ Հենց այս ուղու վրա է, որ առայժմ նշվում է ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարը», - ամփոփում է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի