կարևոր
5311 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-27 17:18
Քաղաքական

Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ»

Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Առավոտյան Բավրա-Գյումրի միջպետական ճանապարհը փակ պահելու համար Շիրակի մարզի Թորոս գյուղի հատվածից 10 քաղաքացու բերման ենթարկեցին` տանելով Ամասիայի և Աշոցքի ոստիկանական բաժանմունքներ։ 3-ին Աշոցքում էին պահում, 7-ին` Ամասիայում։ Շուրջ 3 ժամ պահելուց հետո, նրանց արդեն ազատ են արձակել։ «Ես այցելել եմ նրանց, սպասել եմ, մինչև դուրս են եկել։ Ի դեպ, ասեմ` որ բերման ենթարկողները պարեկներն էին, ոչ թե մարզի ոստիկանները, տարել են նաև 6 ավտոմեքենա, դեռ հետ չեն վերադարձրել»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նրանից հետաքրքրվեցինք` բերման ենթարկվելուց, ոստիկանների պահվածքից մարդիկ չեն ընկճվո՞ւմ, պատրաստ են ամենօրյա ռեժիմով պայքարի դուրս գալ։ «Իհարկե, պատրաստ են, ավելի են տղերքը ոգևորվում, հայրենիքի համար պայքարը շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք ցանկալի արդյունքին` այս իշխանության հեռացմանը։ Ոստիկանների կողմից,այո, լկտի դեպքեր գրանցվում են, տեսնում ենք` երբեմն ոնց են չափն անցնում, բայց պիտի ասեմ, որ մարզերում դեռևս նման դեպքեր չեն գրանցվել, այստեղ ոստիկաններն ավելի կոռեկտ են։ Պայքարը շարունակվում է, շարունակելու ենք նույն ոգով և մինչև վերջ գնալու ենք», -ասաց պատգամավորը։

Մհեր Մելքոնյանի խոսքով` ինքը շարունակելու է մնալ մարզում,որպեսզի այնտեղ նախաձեռնի խաղաղ անհնազանդության ակցիաների անցկացումը։ Հարցին, թե մեկ պատգամավորը քի՞չ չէ ամբողջ մարզի համար, պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն եղավ,մեր ընկերներից կգան օգնության»։