կարևոր
4315 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 11:13
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում լայվերին․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում լայվերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Թեեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետեւում եւ արձագանքում են շարժմանը եւ առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձեւացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն եւ այլն: Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները եւ արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին` ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետեւում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել։