կարևոր
4297 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-21 12:33
Հասարակություն

Լարված իրավիճակ` Կիրանցում

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Yerkir.am- ին հայտնեց, որ այս պահին կրկին լարված իրավիճակ է Կիրանցում, հասարակությունը դուրս եկել փողոց և պահանջում է, որ դադարեցվեն այանազերծման աշխատանքները, որից հետո թշնամին մուտք է գործելու գյուղ։

Գառնիկ Դանելյանը նաև հայտնեց, որ այս պահին լարված իրավիճակ է նաև հարևան Ոսկեպար գյուղում։

Հիշեցնենք՝ Գառնիկ Դանիելյանը երեկ նշել էր, որ իր ունեցած տեղեկություններով Բաղանիս գյուղի պաշտպանական գոտում սկսվել են ականազերծման աշխատանքները:  

Պատգամավորը նաև ահազանգել էր, որ Կիրանց գյուղում այսօր չափագրում կատարողները նշել են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլև գյուղի եկեղեցին ու դպրոցը. «Գյուղի մեջտեղում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժերը, որոնց վերահսկողությանն է անցնում ոչ միայն գյուղի մի հատվածը, այլև սրբատեղիները, օրինակ՝ հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար ընկած հերոսների պանթեոնն ու նրանց պատվին կառուցված հուշարձանը»,- հավելել էր պատգամավորը:  

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: