կարևոր
10852 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-20 13:39
Քաղաքական

Հրատապ. ականազերծում են Բաղանիսի պաշտպանական գոտին. պատգամավոր

Հրատապ. ականազերծում են Բաղանիսի պաշտպանական գոտին. պատգամավոր

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս պահին ականազերծում են Բաղանիս գյուղի պաշտպանական գոտին, որպեսզի շուտով թշնամին ներխուժի և տեղակայվի Բաղանիսի ու Ոսկեվանի քթի տակ. Yerkir.am-ին փոխանցեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Տավուշի տվյալ գյուղերում է:

Պատգամավորը նաև ահազանգել էր, որ Կիրանց գյուղում այսօր չափագրում կատարողներըն նշել են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլև գյուղի եկեղեցին ու դպրոցը.

«Գյուղի մեջտեղում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժերը, որոնց վերահսկողությանն է անցնում ոչ միայն գյուղի մի հատվածը, այլև սրբատեղիները, օրինակ՝ հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար ընկած հերոսների պանթեոնն ու նրանց պատվին կառուցված հուշարձանը»,- հավելել էր պատգամավորը:  

Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը գիշերը մի պահ բացվել է, իսկ առավոտյան Կիրանցի բնակիչները կրկին այն փակել են: Ակցիային մասնակից են դարձել նաև կանայք ու երեխաները։

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: