կարևոր
11869 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-12 18:12
Հասարակություն

Հաստատվել են բուհերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, 2024/2025 ուստարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարիների ընդունելության արդյունքներն ու տվյալ մասնագիտության համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։

Մասնավորապես՝ համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:

Ընդհանուր առմամբ 2024/2025 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նախորդ՝ 2023/2024 ուստարվա բուհերի՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը:

Հաշվի առնելով 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Որոշման համաձայն՝ մեկշաբաթյա ժամկետում ԿԳՄՍ նախարարը կհաստատի բուհերում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: