կարևոր
3775 դիտում, 3 ամիս առաջ - 2024-03-26 12:42
Հասարակություն

Մահացել է վաստակավոր մարզիչ, ՀՅԴ անդամ Ժորա Մկրտչյանը

Մահացել է վաստակավոր մարզիչ, ՀՅԴ անդամ Ժորա Մկրտչյանը

Մահացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ ՀՅԴ անդամ Ժորա Մկրտչյանը:

Ժորա Մկրտչյանը ծնվել է 1950 թվականին, Հրազդան քաղաքում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1968-1972 թվականներին եղել է Հայաստանի ՍԿԻՖ թիմի խաղացող։ 1974-1976 թվականներին Հրազդան քաղաքում հիմնադրել է խոտի հոկեյի սպորտային բաժինը։

1976 /թվականին նշանակվել է Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմի մարզիչ։ 1977 թվականին որպես մարզիչ աշխատանքի է անցել Մանկապատանեկան սպորտային դպրոցում։

Նրա ղեկավարած Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմը նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

1990 թվականից ստանձնել է Հայաստանի խոտի հոկեյի պատանիների և տղամարդկանց հավաքականների մարզչի պարտականությունը։

Ժորա Մկրտչյանի մարզչական ղեկավարությամբ հայկական թիմերը մասնակցել են Իրանում և Վրաստանում անցկացված մի շարք միջազգային առաջնությունների։

1978 թվականին Հրազդանի պատանեկան թիմը Ռուսաստանի Սիզրան քաղաքում անցկացված ավագ և պատանեկան թիմերի ԽՍՀՄ առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը։

1979 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ։

Նույն թվականին նրա մարզչական ղեկավարությամբ թիմը նվաճել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի 7-րդ տեղը, մեկ տարի անց նա շանակվել է ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության ավագ մարզիչ։

1981 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած պատանեկան թիմերի առաջնությունում նրա թիմը նվաճել է 3-րդ տեղը, իսկ 1984 թվականին՝ ԽՍՀՄ առաջին խմբի չեմպիոն։

1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի պատանեկան հավաքականը նրա ղեկավարությամբ գրավել է 1-ին տեղը։

1986 թվականին Հրազդանի ավագ պատանեկան թիմը Տիրասպոլում տեղի ունեցած առաջնությունում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

1986 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է ԽՍՀՄ պատանեկան թիմի ավագ մարզիչ, 1990 թվականին՝ երկրորդ ավագ մարզիչ։

ՀՅ Դաշնակցության՝ հայրենիքում վերահաստատվելուց հետո Ժորա Մկրտչյանն անդամակցել է ՀՅ Դաշնակցությանը: Վաստակավոր մարզիչը ավելի քան երեք տասնամյակ հանդիսացել է ՀՅԴ Հրազդանի «Աբո Ալավերդյան» կոմիտեության անդամ:

Հավատավոր դաշնակցական, սպորտի մեծ նվիրյալ Ժորա Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 17։00-ից, ք. Հրազդան, Կենտրոն, Զ. Անդրանիկի 44/1 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը` մարտի 28-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։