Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն (Global Centre For The Responsiblity To Protect) անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։
«Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների, զրկել է կենսական նշանակության այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրականությունը, վառելիքը։ Հուլիսի 28-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին մեղադրեց շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելուց հրաժարվելու մեջ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ հաղորդեց, որ, չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ին վերջին անգամ շաբաթներ առաջ է թույլատրվել դեղորայք և անհրաժեշտ սնունդ հասցնել։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովեն մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատասխան։ Պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնի հաղորդագրությանը «Թվիթեր»-ում կատարած գրառմամբ արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հազարավոր մարդկանց է ռիսկի տակ դնում Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Բադալյանը։