կարևոր
4021 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-05 21:42
Հասարակություն

Ալկոհոլը, խոլեստերոլը և Նիկոլը. մեկ արհավիրքի նախապատմություն

Ալկոհոլը, խոլեստերոլը և Նիկոլը. մեկ արհավիրքի նախապատմություն

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 1-ինը գրում էր (ցիտում եմ՝ ըստ հիշողությանս, ոչ թե տառացի). «Մեկ негодяй բավարար է մի ամբողջ ժողովուրդ կործանելու համար»:

Այդպիսի ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018թ.-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար: Այն, որ Երրորդ նախագահը գնացել էր այդ քայլին հենց Արցախի խնդրի մաքսիմալ հայանպաստ լուծումն ապահովելու համար, հրապարակավ հայտարարվել է  մինչև ապրիլի 17-ին իր՝ վարչապետ ընտրվելը:

Կարելի է, օրինակ, հիշել tert.am-ին ապրիլի 14-ին (2018թ.) իր տված մեկնաբանությունը:

2018թ.-ի իշխանազավթումից հետո այս պարզ իրողությունը հասկանալի դարձավ շատերի համար, իսկ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից այս պատմական փաստը համառորեն մերժելը կա՛մ նեղ քաղաքական շահերի, կա՛մ լայն հիվանդագին երևակայության արդյունք կարող է դիտվել:

2018թ.-ին Սերժն Արցախի համար էր առաջադրվում վարչապետ, իսկ «թավշյա» պերֆորմանսն իր հեղինակների կողմից գծվել էր՝ որպես հակաարցախյան, թեպետ փաթեթավորված էր նման շոուներին բնորոշ դեկորացիաներով և կառուցված էր ժողովրդի հոգնածության և միամտության վրա:

Այս թեման օրերս ակտիվացավ Երրորդ նախագահի կողմից տվյալ հանգամանքը հրապարակավ հիշեցնելուց, 2018թ.-ից հետո ստեղծված իրողությունն արհավիրք կոչելուց հետո: Փաշինյանի բեմադրված արձագանքն այդ բնորոշմանը ոչ միայն ցավագին և ջղաձիգ էր, այլև իր ոճին բնորոշ՝ կռուտիտա-մուտիտային:

Նիկոլը փորձեց թեման ֆռռացնել երկու հարթություններով. Սարգսյանի ասած «արհավիրք» բնորոշումը վրայից գցելու և բանակցությունների վրա պրոյեկտելու, ինչպես նաև «քո հարցերով ինձ գրում էիր, բա մի հատ էլ Արցախից գրեիր» բեսեդկի մակարդակի զեղծարարությամբ:

Նախ, թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին և/կամ գնալ Եռաբլուր: Այո՛, Նիկո՛լ, արհավիրքը դու ես և քո անփառունակ ղեկավարումը, ոչ թե Արցախի հարցով քեզ փոխանցված բանակցային ժառանգությունը և ժամանակին ամուր և հաղթական Հայկական բանակը, որոնք թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական բաղադրիչներով ապահովում էին հայ ժողովրդի ազգային շահերի իրացումը:

Պակաս զավեշտալի չէր Փաշինյանի կռուտիտի երկրորդ մասը: Իր իշխանազավթման ընթացքում Հանրապետականը հենց սկզբից, երբ նա՝ որպես վարչապետի թեկնածու, եկավ մեզ հետ հանդիպման, բաց տեքստով իրեն ասում էր, ապացուցում, պնդում, որ նրա հնարավոր պաշտոնավարումն աղետ է դառնալու: 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ի ամբիոնից ես, մասնավորապես, հայտարարեցի, որ չեմ ընտրելու նրան, որպեսզի նա չդառնա «Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»: Նույն միտքը բարձրաձայնվել է իմ մյուս գործընկերների ելույթներում:

Երբ նա շանտաժով և ուժի ու սպառնալիքների գործադրմամբ երկրորդ փորձից դարձավ վարչապետ, մինչև այդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը, Արցախի հարցով իմ քննադատությունն ու մտահոգությունները մշտապես եղել են Կառավարության հետ հարցուպատասխանի հիմնական թեման: Հանրապետականները նաև մամուլով և սոցիալական ցանցերով էին զգուշացնում Նիկոլին գալիք արհավիրքի մասին:

Դառնալով արտախորհրդարանական ուժ՝ 2019թ.-ից սկսած, իսկ մինչ այդ նախորդած քարոզարշավը 2018թ.-ին նվիրելով բացառապես Արցախի հարցին, մենք շարունակել ենք հիմնավորված, փաստարկված, ապացույցներով ահազանգել մոտեցող աղետի մասին:

Այդ խնդրին է նվիրված եղել ոչ միայն ՀՀԿ-ական ակտիվի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի հանրային ակտիվությունը թե՛ ասուլիսով, թե՛ հարցազրույցներով, թե՛ անգամ դիզելի շինծու գործի առիթով, երբ ոմանք չէին հասկանում, թե խի Սարգսյանը «լայաղ չի անում խոսել դիզելից», այլ պնդում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀԿ-ի անունից Էդուարդ Շարմազանովն է պատեհ պահերին փոխանցել Փաշինյանին մեր կարծիքը և տեսակետները ստեղծված իրավիճակի մասին:

Արցախյան թեման կարմիր թելով անցել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի գործունեության մեջ անգամ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ դեռ հնարավոր էր շատ բան փրկել, պահպանել, վերագործարկել:

2018թ.-ից առ այսօր մեր բոլոր ահազանգերը, նախազգուշացումները, առաջարկները Նիկոլի համար եղել են «ձայն բարբառո անապատի», իսկ հիմա այդ նույն անապատի աղվեսը փորձում է խորամանկել, «թե՝ բա մի կես բերան ասեիք» դեմքով և սուտ խոսելու ժամանակ իրեն յուրահատուկ վազվզող աչքերով:

Այո՛, ինչպես մեկ հարբածը կարող է հարամ անել մի ամբողջ մեծ հարսանիք, ինչպես մեկ ձախողակ ֆուտբոլիստը կբերի իր թիմին պարտություն, այնպես էլ մեկ քաղաքական ավանտյուրիստ կարող է կործանել մեր Հայրենիքը:

Հ.Գ. Եթե մյուս ազգերի առողջությանն ու կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

04.03.2024թ.