կարևոր
7774 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-05 14:16
Հասարակություն

3-րդ կարծիքն ու Ժաննայի «որոշումը». գնդակն ընդդիմացողների դաշտում է

3-րդ կարծիքն ու Ժաննայի «որոշումը». գնդակն ընդդիմացողների դաշտում է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2023 թ. դեկտեմբերի 14-ին հանդիպել էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին, որին մասնակցել են մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ նա նշել էր, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։

Նշված հանդիպումից անցել է մոտ 3 ամիս: Նախարարին ուղղված գրությամբ խնդրել էինք պարզաբանել՝ կա՞, արդյոք, իր ձեռքի տակ նշված դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիքը, եթե այո, ապա ե՞րբ է հրապարակվելու նախարարության դիրքորոշումը դասագիրքը հետ կանչել-չկանչելու հարցի վերաբերյալ:

Փոխնարարի ստորագրությամբ ստացված պատասխան գրության մեջ նշված է՝ «…7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ նախարարությունում բազմիցս կազմակերպվել են քննարկումներ՝ դասագրքի հեղինակի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ներկայացված դիտարկումների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ կազմվել է ամփոփաթերթ, որը հեղինակի  կողմից  շտկումներ կատարելուց հետո ուղարկվել է անկախ փորձագետի կարծիքի: Տեղեկացնում եմ նաև, որ անկախ փորձագետի կողմից  նախարարությանը տրամադրած մասնագիտական դիտարկումներն ուղարկվել է դասագրքի հեղինակին՝ փոփոխություններ իրականացնելու նպատակով»: 

Ի լրում այս պատասխանի՝ նշենք, որ նախարար Ժ. Անդրեասյանն այս մասին հայտնել էր նաև ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հարցերին:

Հայտնելով գրավոր պատասխանում բերված տեղեկությունը՝ Ժ. Անդրեասյանը հայտնեց, որ, այո, ստացել են անկախ մասնագիտական կարծիքը, որտեղ որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք:

«Մենք այդ առաջարկները ուղարկել ենք հեղինակին և այժմ սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին: Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտություններից, վրիպակներից և խնդիրներից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք», - նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի այս կցկտուր ու հակասական պատասխանից կարելի էր եզրակացնել, որ գոնե այս ամենից հետո պետք է քննարկվեր դասագրքի՝ շրջանառության մեջ մնալ-չմնալու հարցը: Սակայն Լիլիթ Գալստյանի արձագանքից հետո արդեն բացահայտվեց ամենը. «Դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա, որովհետև այն դիտարկումներն ու կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում: Հետևաբար՝ ողջամիտ ժամկետի կարիք չկա, այդ ժամկետն արդեն կարող եք համարել հենց այս պահը. դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են»:

Ստացվում է՝ նախարարն ուղղակի թքած ունի ոլորտի երկու տասնյակ առանցքային մասնագետների ու հեղինակավոր գիտնականների հետ ունեցած կոնկրետ պայմանավորվածության վրա, չի պահել իր իսկ խոսքը, պատշաճ կերպով չի փոխանցել արդյունքներն ու, ամենակարևորը, նախարարության՝ դասագիրքը շրջանառությունից դուրս չհանելու մասին կայացրած որոշումը: Արդյունքում՝ Ժաննա Անդրեասյանը մի պատահական օր դիպվածով հայտարարում է, որ ոչինչ չի փոխվելու, և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ ու դավադիր դասագիրքը մնալու է շրջանառության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ, ինչպես ինքը ասաց, դեռ դասագրքի հեղինակը չի ասել իր վերջնական դիրքորոշումը նշյալ խորհրդավոր 3-րդ և անաչառ կարծիքի մասին։ Բա որ հանկարծ Սմբատ Հովհաննիսյանը որոշի չընդունե՞լ 3-րդ կարծիքի առաջարկները, ի՞նչ են անելու Ժաննան ու իր խմբակը: Թե՞ դասագրքի հեղինակն իրենց «խոխան» է, և ի սկբանե իրենք վստահ են, թե ինչ որոշում է կայացնելու Սմբատ Հովհաննիսյանը:

Ի դեպ, չափազանց հետաքրքիր է՝ ո՞վ է եղել անաչառ կարծիք տված այդ խորհրդավոր անձը, և ո՞րն է նրա կարծիքը (հաջորդ հարցմամբ պահանջելու ենք հանրայնացնել դրանք):

Եզրակացությունը մեկն է` ոչ մի երրորդ կարծիք էլ չի եղել, և տարեվերջին այդ թատրոնը բեմադրվել է կրքերը մեղմելու, ժամանակ ձգելու և հարցը մոռացության տալու նպատակով։ Նախարար կոչվածի ցինիկ պատասխանից այլ բան ենթադրել հնարավոր չէ: Ի դեպ, նույն անձը ԱԺ-ում նույն ելույթի պահին հմտորեն կիրառեց շեֆի փորձված մեթոդն ու սեփական դավադիր գործողությունները ծածկելու համար օգտվեց «բա նախկինների դասագիրքը լա՞վ էր» գավառական պոպուլիզմից:  

Արդեն ամեն ինչ պարզորոշ է՝ նախարարության հետ որևէ քննարկում, առաջարկ, դիտարկում կամ այլ բան անիմաստ է. ինչ էլ լինի, քարն էլ տրաքի՝ միևնույն է, որևէ բան հաշվի չի առնվելու, քանզի այդ ամենը վաղօրոք կազմված ծրագիր է, Փաշինյանի հայակործան իշխանության դավադիր ծրագրի մի փոքրիկ օղակը:

Ինչպես ասում են՝ գնդակն այլևս միտումնավոր կեղծարարություններով, անճշտություններով ու վրիպակներով լեցուն նշված դասագիրք կոչվածի խնդրով մտահոգ  անպատմաբան-գիտնականների, ուսուցիչների, ծնողների ու լայն հասարակության ներկայացուցիչների դաշտում է, և նրանք արդեն պետք է որոշեն իրենց անելիքն ու ասելիքը:

Վահե Սարգսյան