կարևոր
3322 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 10:56
Քաղաքական

Եվրոպահայության քաղաքական ակտիվացումը հանուն Արցախի իրավունքների․ Գևորգ Ղուկասյան

Եվրոպահայության քաղաքական ակտիվացումը հանուն Արցախի իրավունքների․ Գևորգ Ղուկասյան

Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հոդվածը՝ տպագրված «Հորիզոն» շաբաթաթերթում։

«Եվրոպական աշխարհամասը այն վայրերից է, որտեղ հայկական սփյուռքի էթնիկ լոբբինգը որպես այդպիսին կայացած և ուրույն ձեռագիր ունեցող ցանցային կառույնց է՝ քաղաքական շատ հստակ առաջնահերթություններով և գործունեության ճշտված ուղղություններով։ Մեր կողմից «Հորիզոնում» հրատարակված «Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Եւրոպա»  հոդվածում նկատել էինք, որ երբ խոսում ենք Եվրոպայում հայկական լոբբինգի մասին, անհրաժեշտ է այն դիտել երեք հիմնական հարթությունների վրա՝ համաեվրոպական (միջազգային և ինտեգրացիոն կազմակերպությունների հետ աշխատանք), առանձին պետությունների հետ աշխատանք և համայնքային զորեղացմանը միտված աշխատանքներ: Ինչ վերաբերում է համաեվրոպական մակարդակին, ապա ցավոք այստեղ մենք չունենք հայկական լոբբիստական կազմակերպոությունների մեծ ցանկ և հիմնական դերակատարը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն է՝ իր Բրյուսելի կենտրոնական գրասենյակով։ Հիշյալ հոդվածում մանրամասն քննարկել էինք Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործունեության ուղղությունները, քաղաքական առաջնահերթությունները։ Առանձին քննարկման նյութ է գրասենյակի արձանագրած հաջողությունները, որոնցից ամենակարևորներից մեկն անշուշտ Եվրոպական խորհրդարանի քաղաքական վարքն ու դիրքորոշումն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ և այլն, սակայն ներկա հոդվածում նպատակ ունենք անդրադառնալու Եվրոպայում հայկական լոբբիի համար կարևոր մի ոլորտի և վերջերս արձանագրված մի կարևոր իրողության։

Ինչպես նշեցինք, ի դեմս Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, Եվրոպայում հայկական լոբբին հիմնականում ունի համաեվրոպական կենտրոնացում՝ գործելով առավելապես Բրյուսելում և հարաբերվելով առավելապես Եվրոպական միության ղեկավար կառույցների՝ մեծամասամբ Եվրոպական խորհրդարանի, բայց նաև ԵՄ գործադիր իշխանության՝ Եվրոպական միության խորհրդի, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն իհարկե համակարգում է Հայ դատի Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի տեղական հանձնախմբերի աշխատանքները։

Համաեվրոպական մակարդակում հայկական լոբբիի գործունեության տեսանկյունից առկա էր մի խնդիր, որը հասցեագրման կարիք ուներ։ Ի տարբերություն օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Կանադայի, որտեղ լոբբինգը քաղաքական մշակույթի ուրույն մաս է, լոբբինգի և դրա տարատեսակ էթնիկ լոբբինգի ներեվրոպական ընկալումները տարբեր են։ Քաղաքական մշակույթի այս տարբերությունը էապես ազդել է նաև հասարակական շրջանակների՝ լոբբիստական աշխատանքներում մասնակցայնության վրա։ Օրինակ, հյուսիսամերիկյան նշված երկրների հասարակություններն ավելի շատ են ներգրավվում տարբեր լոբբիստական աշխատանքներում, իսկ էթնիկ համայնքները՝ էթնիկ լոբբիստական աշխատանքներում։ Հետևաբար, Հայ դատի Ամերիկայի և Կանադայի հանձնախմբերում այդ երկրների հայ համայքնենրի քաղաքական մասնակցայնության մակարդակը չափազանց մեծ է, ինչն էլ Հայ դատի տեղի հանձնախմբերին դարձրել է իրապես ուժեղ համայնքային (grassroots) կազմակերպություններ։ Անկասկած, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը իր բնույթով նույնպես համայնքային կազմակերպություն է՝ հիմնադրված Եվրոպական միության հայ քաղաքացիների կողմից։ Սակայն, վերը հիշատակված օբյեկտիվ պատճառով, իր աշխատանքներում չուներ համայնքային այն ներգրավվածությունն ինչ ունի օրինակ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Այսինքն Եվրոպայի հայկական լոբբիին (ոչ միայն Հայ դատի հանձնախմբին), անհրաժեշտ էր լոբբիստական աշխատանքներում եվրոպահայ համայնքի ներգրավվածության մեծացում, ինչը որակապես նոր մակարդակի կարող էր բարձրացնել Եվրոպայում և՛ համաեվրոպական և՛ անդամ պետություններում հայկական շահերի պաշտպանության գործը և քաղաքական կշիռ կհաղորդեր հայկական կազմակերպությունների հարաբերական աշխատանքներին։

Հետաքրքիր զուգադիպությամբ այս խնդրի լուծումը սկսվեց իրականացվել անուղղակի եղանակով, որովհետև այն աշխատանքի մասին, ինչի վերաբերյալ խոսելու ենք ստորև, ձեռնարկման նպատակը Եվրոպայում Արցախի հայության կենսական շահերի հրատապ պաշտպանության հրամայականն էր 2023թ․ ամռանը, երբ ակտիվ թափով ընթանում էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բազմակողմ բանակցություններ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով՝ 2023․ հուլիսի 6-ին, երբ մի կողմից գնալով խորանում էր Արցախին պարտադրված ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, իսկ մյուս կողմից ծավալվում էր եվրոպական միջնորդությամբ բանակցային գործընթացը, Բրյուսելում գումարվեց Եվրոպական միության այն անդամ երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչների հավաք, որտեղ հայ հայությունն ունի պետության կողմից տրամադրված կազմակերպաիրավական կարգավիճակ։ Հանդիպմանը մասնակցել էին Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Շվեդիայի և Ռումինիայի Հայ համայնքների ներկայացուցիչները։ Հանդիպման գլխավոր նպատակն էր քննարկել Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը և համախմբել, ինչպես նաև համախմբել և քաղաքական ակտիվության կոչել Եվրոպայի հայկական սփյուռքին՝ ի պաշտպանություն Արցախի հայության իրավունքների։

Հանդիպմանը քննարկվեց առաջիկա քայլերի համաեվրոպական ծրագիր, հստակեցվեց միասնական օրակարգ՝ ուղղված Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ-երկրների ղեկավարներին։ Իբրև Եվրոպական միության անդամ երկրների պահանջատեր քաղաքացիներ՝ եվրոպահայությունը վերջիններիս պետք է հորդորեր հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանությանը և արդյունավետ ճնշման գործիքակազմ կիրառել Ադրբեջանի վրա։ Որոշում կայացվեց նախաձեռնությունների շարք սկսել։

Այս հանդիպման ընթացքում ձևավորվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը։ Դրա աշխատանքի արդյունքում՝ կարճ ժամանակ անց, Եվրոպական միության, դրա անդամ պետությունների և Եվրոպայի խորհրդի ղեկավարությանն ուղղվեց նամակ-պահանջագիր, որին միացան եվրոպական ավելի քան 500 կազմակերպություններ, իսկ հեկտեմբերի 1-ին Բրյուսելում կազմակերպվեց բազմահազանոց հանրահավաք, ինչին զուգահեռ ցույցեր էին ընթանում եվրոպական շուրջ 15 երկրներում, հիմնականում մայրաքաղաքներում։ Համաեվրոպական բողոքի գործողությունների այդ օրը որոշված էր նկատի ունենալով հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել․Մակրոն-Շոլց հանդիպումը, որին Ալիևը այդպես էլ չմասնակցեց։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 5-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ներկայություն ուներ նաև Գրանադայում՝ հանրահավաքի տեսքով։

2023թ․ սեպտեմբերին Արցախին պարտադրված ցեղասպանության ու էթնիկ զտման արդյունքում ստեղծված բոլորովին նոր իրավիճակով պայմանավորված՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն իր հերթին իրականացրեց քաղաքական առաջնահերթությունների վերանայում։ Դրանով, մասնավորապես, Եվրոպական միության գործադիր իշխանությունից պահանջվում էր 1) հստակորեն դատապարտել Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը։ 2( Անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի և Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։ 3) Օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թ. սեպտեմբերի 27-ից ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերից ի վեր առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ 4)Նպաստել շոշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայությանը հնարավորություն տալով օգտվել հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքից, Արցախին տրամադրել միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ։ 5)Արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։ 6) Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:

Այս պահանջները ինչպես համաեվրոպական, այնպես էլ անդամ պետությունների իշխանությունների առջև բարձրացնելու և համայնքային ճնշում ապահովելու նպատակով՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը հունվարի 27-ին և 28-ին ձեռրարկեց համաեվրոպական բնույթի միջոցառումներ, եվրոպական շուրջ 55 քաղաքներում։

Իրականացված միջոցառումների ծավալն ու աշխարհագրությունը, դրանց քաղաքական ու տեղեկատվական հնչեղությունը, ինչպես նաև դրանցում ներգրավված կազմակերպությունների թիվը հաստատում են, որ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը հաջողել է որպես Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանության արդյունավետ և միասնական շարժում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի աշխատանքների պայմաններում է, որ եվրոպական քաղաքական շրջանակները մեկը մյուսի հետևից սկսել են կոշտ ուղերձներ փոխանակել պաշտոնական Բաքվի հետ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ադրբեջանական պատվիրակության արտաքսումը, Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից Ադրբեջանին ուղղված զգուշացնող հայտարարություններն ու սպառնալիքները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության դեպքում, ինչպես նաև Հայաստանին պաշտպանական օժանդակության տրամադրման վերաբերյալ քննարկումները զուգահեռվում են Եվրոպայի հայության քաղաքական ակտիվացմանը։

Հատկանշական է, որ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի գրեթե բոլոր քաղաքական առաջնահերթությունները,  քայլ առ քայլ որդեգրվում են համաեվրոպական կառույցների, ինչպես նաև մի շարք առանցքային պետությունների կողմից։ Մասնավորապես, եվրոպական քաղաքական շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը այլևս չունի այն ընկալումը, ինչ որ ուներ ամիսներ առաջ։ Այսօր պատժամիջոցների հարցը դիտվում է, որպես Ադրբեջանի հետագա ագրեսիան դադարեցնելու գործիք, և թեև դեռևս ԵՄ գործադիր իշխանության կողմից պաշտոնական-ընթացակարգային քննարկման փուլում չի գտնվում, ամեն դեպքում հարցը որպես այդպիսին առկա է քաղաքական խոսույթում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման մեկ այլ առաջնահերթություն, որ վերաբերում է միջազգային գործուն և վստահելի երաշխիքների կիրրառմամբ արցախահայության վերադարձի իրավունքի կենսագործմանն ու ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը, վերջերս տեղ գտավ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում։

Ներկայումս պատմական թերևս վատագույն հարաբերություններն են Ադրբեջանի և մի շարք Եվրոպական պետությունների՝ առաջին հերթին Եվրոպական միության առաջատար երկրներից Ֆրանսիայի հետ։ Պաշտոնական Բաքուն քանիցս դիվանագիտական դեմարշներ է իրականացրել ինչպես Ֆրանսիայի, այնպես եվրոպական այնպիսի երկրների դեմ ինչպիսիք են օրինակ Բելգիան, Հոլանդիան և այլն, երբ Ադրբեջանը մի դեպքում նախագահի մակարդակով չեր ընդունում, իսկ մեկ այլ դեպքում առհասարակ մերժեց այդ երկրների արտաքին գործերի նախարարների ընդունելությունը։ Իսկ Ֆրանսիան և Ադրբեջանը բոլորովին վերջերս երկուստեք փոխանակեցին երկու դիվանագետերի արտաքսումներ։

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի քաղաքական վարքին՝ ապա այն Արցախի և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերում միջազգային թերևս ամենաօբյեկիվ կառույցն է, որը հստակորեն դատապարտում է ադրբեջանական հանցագործություններն ու Եվրոպական միության գործադիր իշխանությունից պահանջում հստակ գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման աշխատանքները ողջունել են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ  Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։

Արդեն փետրվարի  վերջին «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է Արցախում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլի չձեռնարկումը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը պատրաստվում է ընդլայնել իր միջազգային ցանցը և 2023թ․ ամռանը իր պահանջներին միացած եվրոպական ավելի քան 500 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։ Շուտով կտեսնենք Եվրոպական միության և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ։

Անշուշտ, ուրախալի պետք է լիներ, եթե «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմամբ ոգեշնչված՝ Արցախի և առհասարակ հայության իրավունքների պաշտպանության կանչով ոտքի կանգնեին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքյան տարբեր գաղթօջախներում»։