Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի հայաթափման հետևանքով բռնի տեղահանվածների առջև ծառացած խնդիրների ծավալն ահռելի է։ Այն հարցերը, որոնց լուծումները գոնե ժամանակավորապես հնարավոր է տալ, անգամ չեն գույքագրվել ամբողջությամբ։
ՀՀ Կառավարության կողմից մշակված սոցաջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել մեծ թվով բռնի տեղահանվածներ։ Լրջագույն սոցիալական խնդիրները, որոնց մեջ բռնի տեղահանության հետևանքով հայտնվել են մեր հայրենակիցները, շատ դեպքերում չի բարձրաձայնվում կամ ուշադրության չի արժանանում։
«Եթե իրապես կա ցանկություն, որ արցախցիները մնան Հայաստանում, հարկադրված չլինեն իրենց երեխաներին պահելու համար արտագաղթել, ապա առաջնահերթ պետք է լուծվեն բնակարանային ու աշխատանքի հարցերը։ Արցախում 54 500 աշխատող կար․ առնվազն այդքան մարդ աշխատանքով ապահովված էր։ Հիմա ոչ մեկը չգիտի էլ, թե բռնի տեղահանվելուց հետո քանի հոգի են աշխատանք գտել։ Մոտավոր 10 000-ի մասին է խոսվում․ նրանց տվյալները հիմա փորձում ենք հավաքագրել, տվյալների բազա ստեղծել, որպեսզի կարողանանք կարիքների ճիշտ գնահատում անել ու փորձել մեր գործընկերների՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների օգնությամբ հասնել խնդիրների լուծմանը, որոնք, ինչպես գիտեք, բազմապիսի են՝ սոցիալական, կրթական և այլն», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող աշխատողների «Վերածնունդ» արհեստակցական կազմակերպության աշխատանքների համակարգող Արա Ղահրամանյանը։
Կազմակերպությունը վերջերս է գրանցվել ՀՀ պետռեգիստրում, հետևաբար գործունեությունը նոր-նոր պիտի ծավալի։ Հիմնադիր համաժողովը փետրվարի 16-ին է կայացել ու խնդիր դրվել՝ հնարավորինս ակտիվ գործել, իրազեկել մարդկանց նման կառույցի ստեղծման մասին, որպեսզի պոտենցիալ շահառուները կարողանան միանալ ու աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դառնա։
Ղահրամանյանը հիշում է՝ Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիան նախքան սեպտեմբերի 19-ի աղետը 22 500 անդամ ուներ․ միայն 172 կազմակերպություն անդամակցում էր ֆեդերարացիային։ Այստեղ, բնականաբար, խնդիրները շատ ավելի բարդ ու բազմաշերտ են։ Մեր զրուցակցի խոսքով՝ լուծումները, անկախ դժվարությունից, գտնել է պետք․
«Կազմակերպության անդամ դառնալու համար բավական է լրացնել դիմումը, որի էլեկտրոնային ձևը պատրաստել ենք, ու ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։ Որպեսզի ծրագրերը հստակեցնենք ու սկսենք ավելի թիրախային աշխատել, պետք է հանդիպենք մարդկանց հետ, զրուցենք, հասկանանք ինչ աշխատանք են արել Արցախում, ինչ կարող են անել այստեղ և այլն։ Բացի այդ, բազմաթիվ մարդիկ սեպտեմբերի կենսաթոշակները, «կոնպենսացիաները» չեն ստացել։ Արցախի ներկայացուցչությունում ասում են, որ գումարները սառեցված են, ՀՀ-ի ֆիննախից էլ ասում, թե իրենք դրա իրավունքը չունեն։ Էս մարդիկ՝ թոշակառուները, պետք է ստանանա իրենց հասանելիք գումարները։ Նաև կուտակային կենսաթոշակի համակարգին միացած մարդկանց հարցն է անորոշ․ 34 000 հոգի Արցախում կուտակայինի շահառու էր»։
Բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող աշխատողների «Վերածնունդ» արհեստակցական կազմակերպության անդամ դառնալու համար սահմանվել է խորհրդանշական գումար՝ ամսական 100 դրամ։ Ղահրամանյանն ասում է՝ կանոնադրության պահանջն է դա՝ որոշակի ամսավճար արմիության անդամը պետք է վճարի, բայց հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ զուտ խորհրդանշական գումար են սահմանել, իսկ աշխատակիցներն էլ հասարակական հիմունքներով են աշխատելու։