կարևոր
4051 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 17:35
Քաղաքական

Նախարարները ստանում են 1,5 մլն դրամ անաշխատ պարգևավճար վարչապետի գաղտնի որոշմամբ. Թադևոս Ավետիսյան

Փաստորեն, իրենց ժողովրդի իշխանություն հռչակած կառավարության անդամ նախարարը փորձում էր ֆռռացնել և այդպես էլ հանրությանը չասաց, թե որքան է կազմում իր ամենամսյա պարգևատրումների չափը և որոնք են դրա փաստական և իրավական հիմքերը, նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Մեր հայրենակիցների համար ես պարզաբանեմ.

1. Նախարարի պարգևատրման ամսական չափը շուրջ 1,5 միլիոն դրամ է և դրան էլ գումարած ամսական աշխատավարձը շուրջ 1 միլիոն դրամ։

2. Նախարարը ստանում է այդ պարգևավճարը ՀՀ վարչապետի գաղտնի որոշմամբ, որը հակասում է հանրային ծառայողների վարձատրությունը կարգավորող օրենքի պահանջներին և դրա համար էլ հանրությունից հետևողականորեն պահում են գաղտնի։

3. Նախարարի այդ պարգևատրումներն անաշխատ են, քանի որ իր համակարգման ոլորտում ավելանում են չլուծվող խնդիրները, ծրագրերի համակարգման ակնհայտ ձախողումները։ Ըստ էության, լինելով ոլորտի քաղաքական պատասխանատուն' խորքային չի տիրապետում իրավիճակին։ Դրա ակնհայտ ապացույցներից են օրինակ' այսօրվա իմ հարցերին նրա մեղմ ասած մակերեսային և ոչ լիարժեք պատասխանը։ Մեկ այլ հատկանշական հիմնավորում' Ազգային ժողովում ոլորտին վերաբերող օրենքի նախագծերի ներկայացումից հետևողական խուսափում է։ Նախարարության մշակած օրենքի նախագծերը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստերում տարիներ շարունակ և բացառապես ներկայացնում են նրա տեղակալները, որը չնայած իր հիմնական գործառույթն է։ Վերջապես, այդ պարգևատրումները ստանում է ոչ թե իր աշխատանքի գնահատման հիման վրա, որն օրենքի պահանջ է, այլ ստանում է' որպես սովորական ամսական աշխատավարձ, անկախ իր աշխատանքի անարդյունավետությունից և անգործության հետևանքներից։

Իսկ նրան ուղղված հարցերս վերաբերում էին աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության խորացող խնդիրներին։ Մասնավորապես, այս ոլորտում ձևավորված են երկու իրարից արմատապես տարբերվող իրականություններ։

Առաջինը․ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ աշխատողների իրավունքներն ու երաշխիքներն են, որոնք ուշացումներով և խնդիրներով որոշակիորեն բարելավվում են։

Երկրորդը․ առկա կարգավորումներին չհամապատասխանող իրավակիրառական պրակտիկան է, դրա նկատմամբ պետական վերահսկողության ոչ լիարժեք և անարդյունավետ համակարգը։

Փաստորեն, օրենսդրական կարգավորումներն այդպես էլ մնում են թղթի վրա, իսկ աշխատանքային իրավունքների խախտումներն ունեն համակարգային և ավելացող բնույթ, այդ թվում՝ պետական հատվածի աշխատողների համար։

Պաշտոնական վերջին տվյալներով գործատու կազմակերպությունների թիվը՝ շուրջ 68 հազար է, իսկ աշխատողների ընդհանուր թվաքանակը՝ շուրջ 743 հազար։ Հիմա հարցերը․

1․ Որքա՞ն է ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսուչների թվաքանակը։

2․ Ի՞նչ պարբերականությամբ և ծրագրերով են նրանք անցնում վերապատրաստումներ և ատեստավորում։

3․ Ինչու՞ չեն կատարվում օրենքի պահանջները և լիարժեք չի ներդրվում ռիսկերի վրա հիմնված ստուգումների գործիքակազմը, որն, ի դեպ, տարիներ առաջ էր պատրաստ։

Պետական հատվածում ևս բազմաթիվ են աշխատանքային իրավունքների խախտումները՝ աշխատանքից անհիմն ազատումներ, արժանապատիվ և արդարացի վարձատրության սկզբունքների խախտումներ և այլն։ Ըստ այդմ հարցերը․

1․ 2023 թվականին որքա՞ն են կազմել այս ոլորտը համակարգող նախարարի, նրա տեղակալի, վերահսկող տեսչական մարմնի ղեկավարի, տեղակալի ամսական պարգևատրումների չափերը։

2․ Որո՞նք են այդ պարգևատրումների փաստական և իրավական հիմքերը, որոնք այդպես էլ թաքուն են մնում հանրության համար։

3․ Պետական համակարգում որքա՞ն է կազմում նվազագույն կենսապահովման զամբյուղից ցածր աշխատավարձ ստացողների՝ աշխատող աղքատների թվաքանակը և ձեր իշխանության օրոք որքա՞ն աճ է այն գրանցել։

4․ Ձեր իշխանության օրոք որքա՞ն է կազմել գումարային միջին գնաճը, որքա՞ն է աճել պետական համակարգում ամենացածր վարձատրությամբ աշխատողների աշխատավարձը և որքա՞ն է աճել բարձրաստիճան պաշտոնյաների միջին վարձատրությունը՝ ամսական պարգևատրումներով, պարբերաբար ավելացող հավելումներով և հավելավճարներով։