Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթվա լուսաբանումը դաս է բոլոր նրանց համար, ովքեր միամտաբար հավատում են այն ամենին, ինչ լսում կամ կարդում են, իսկ հետո չհիմնավորված պատմությունները փոխանցում ուրիշներին: Այսպիսով, նրանք իրականում օգնում են տարածել կեղծ լուրերը: Երբ ինչ-որ մեկը ձեզ «լուր» է հայտնում, դուք միշտ պետք է հարցնեք՝ «Ո՞րն է Ձեր աղբյուրը»: Երբ պատասխանը հետևյալն է՝ «Ես դա լսել եմ ուրիշներից», անմիջապես մերժեք այն, ինչ ասել են ձեզ: Շատ կարևոր է ստուգել դրանք, որպեսզի անհիմն լուրեր չտարածեք ուրիշների շրջանում:
Մեզանից նրանք, ովքեր զբաղվում են լրատվական գործունեությամբ, ավելի մեծ պատասխանատվություն են կրում աչալուրջ լինելու համար, քանի որ եթե մենք չվերստուգենք այն, ինչ մեզ հաղորդվել է, ապա մեղավոր կլինենք հազարավոր ընթերցողների կամ հեռուստադիտողների շրջանում կեղծ լուրեր տարածելու համար։
Ահա լուրերից մի օրինակ, որի մասին լսել ենք վերջերս: Հայաստանում մահացած 57-ամյա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին անցյալ շաբաթ դատավորը մեղավոր ճանաչեց՝ նրա մահից մեկ տարի 5 ամիս անց։ Լսած չլինելով, որ մահացած մարդուն հնարավոր է դատել և դատապարտել, ես հետաքրքրվեցի՝ արդյոք իսկապես նման բան է եղել։
Քանի որ ես երկար տարիների փորձ ունեմ լսելու ամենատարբեր անհիմն տեղեկություններ, անմիջապես կապ հաստատեցի հանգուցյալ ամբաստանյալի հայաստանյան փաստաբանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ, որը բարյացակամորեն բացատրեց այս տարօրինակ պատմության հանգամանքները։
Արմեն Գրիգորյանը, 2022 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ, Հայաստանում իշխանությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ լրագրողին ասաց, որ որ նա հավատարիմ է մնացել իր ավելի վաղ՝ 2021 թվականի ապրիլին արած նախկին հայտարարությանը, որ երկրի որոշ հատվածներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կեսը թուրքական արյուն ունի։ Բնականաբար, սա նսեմացնող արտահայտություն էր, բայց եթե երկիրն իսկապես ժողովրդավարական է, ապա քաղաքացիներն իրավունք ունեն օգտագործել տհաճ, նույնիսկ վիրավորական բառեր։ Այդուհանդերձ, Գրիգորյանը ոչ մի սպառնալիք չէր արել, ինչը կհակասեր օրենքին։
2022 թվականի մայիսին վարչախմբի խիստ քննադատ Գրիգորյանը ձերբակալվեց և բանտարկվեց այն հայտարարության համար, որն արել էր ձերբակալությունից մեկ տարի առաջ։ Նրան մեղադրանք առաջադրվեց «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար։ Անցյալում նման մեղադրանքի մեջ մեղադրվողները վիրավորական կամ նվաստացուցիչ մեկնաբանություններ էին արել Հայաստանում ապրող այլ էթնիկ խմբերի մասին։ Սակայն նախկինում ոչ մի հայի մեղադրանք չի առաջադրվել թշնամանք հրահրելու համար՝ հայրենակիցների հասցեին նման արտահայտություններ անելուց հետո: Օրինակ՝ արցախցի փախստականների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Փաշինյանի կողմնակիցներին մեղադրանք չի առաջադրվել թշնամանք հրահրելու համար։
Կալանավորումից երկու ամիս անց՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, Գրիգորյանը բանտից բերվեց դատարան՝ դատվելու համար։ Ցավոք սրտի, դատավարության ընթացքում նա կորցրեց գիտակցությունը և մահացավ դատարանի դահլիճում ուղեղի անևրիզմից կամ կաթվածից:
Հայաստանում, երբ ամբաստանյալը մահանում է, նրա դատավարությունը դադարեցվում է։ Սակայն այս դեպքում, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ամբաստանյալի ընտանիքն իրավունք ունի պահանջել, որ դատավարությունը շարունակվի մինչև դատավճռի կայացումը։ Գրիգորյանի փաստաբանը բացատրեց, որ նրա ընտանիքը ցանկանում էր տեսնել նրա արդարացումը, թեև անմեղության կանխավարկածով (անմեղ է, մինչև նրա մեղավորությունն ապացուցվելը) նա պարզապես մեղադրվել է, բայց չի դատապարտվել նախքան մահանալը։ Ընտանիքը պնդել է, որ Գրիգորյանի անունը մաքրվի, քանի որ նրանք կարծում են, որ նա երբեք չպետք է ձերբակալվեր, մեղադրվեր և բանտարկվեր։
Փաստաբանն ինձ ասաց, որ դատավարության ընթացքում՝ Գրիգորյանի մահից հետո, կառավարության վկան դատարանում ցուցմունք է տվել, որ նա չի գրել այն ցուցմունքը, որը դատարան է ներկայացվել իր անունով։ Վկան ասաց, որ քննիչն է գրել ցուցմունքը և ասել իրեն, որ նա ստորագրի։
Նաև դատարանում ցուցմունք տված կառավարության փորձագետը խոստովանեց, որ Գրիգորյանի խոսքերը չէին կարող համարվել միջէթնիկ թշնամանքի հրահրում, որը նշանակում է այլ էթնիկ խմբի անդամների թիրախավորում։ Գրիգորյանը վիրավորական խոսքերն օգտագործել էր միայն իր հայրենակիցների՝ իր էթնիկ խմբի անդամների հասցեին։
Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ, Գրիգորյանի մահից մեկ տարի հինգ ամիս անց, դատավորը նրան մեղավոր ճանաչեց նրա դեմ ներկայացված մեղադրանքի համար։ Նրա փաստաբանն ինձ ասաց, որ գրավոր դատավճիռը ստանալուց հետո ընտանիքը մեկ ամիս ժամանակ ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ինչն էլ նրանք մտադիր են անել։ Եթե նրանք պարտվեն վերաքննիչ դատարանում, ապա կդիմեն Վճռաբեկ դատարան, որը լսում է վերաքննիչ դատարանների որոշումների դեմ բողոքները: Եթե նրանք այնտեղ էլ ձախողվեն, ապա դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ուսումնասիրելով, թե ինչպես են Հայաստանում դատավարություն անցկացրել և մահացած մարդուն մեղավոր ճանաչել, ես ուզում էի իմանալ, թե արդյոք նման դատավարություններ եղել են այլ երկրներում։ Զարմանալիորեն, ես գտա մի քանի դեպքեր հին և նորագույն պատմության մեջ, երբ այլ երկրներում դատավարություններ են անցկացրել մեղադրյալների նկատմամբ նրանց մահից հետո և հետմահու մեղավոր ճանաչել նրանց:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի