կարևոր
3382 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-26 20:39
Քաղաքական

Սրանից ավելի ուղիղ հնարավոր չէ ասել. պատգամավորի արձագանքը Միլլի մեջլիսի հայտարարությանը

Սրանից ավելի ուղիղ հնարավոր չէ ասել. պատգամավորի արձագանքը Միլլի մեջլիսի հայտարարությանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Միլլի մեջլիսի հայտարարությանը.

«Փաշինյանենք մի քիչ էլ բանակցեն, Ադրբեջանին էլ բանակ պետք չի լինի:

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսը «Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հայտարարություն է ընդունել: Սրանից ավելի ուղիղ հնարավոր չէ արտահայտել պետական քաղաքականության նպատակադրումները:

Ու պատկերացրեք` մեր կողմից ովքեր պետք է «դիմագրավեն» այս օրակարգին:

Ինչ ուզող այն էլ բանակցող, ցանկացած բարենպաստ առաջարկից «բա իմ մասին ինչ կասեն» հիմնավորմամբ հրաժարվող, վերջում կապիտուլյացիա ստորագրող Փաշինյանը, բացառապես դաշնամուր նվագելու և դագաղի նկարվելու հետ ասոցացվող Վահագն Խաչատուրյանը, հայկական դիվանագիտության «դափնեպսակ» Արարատ Միրզոյանը և ՔՊ մնացած «պրոֆեսիոնալների» թիմը:

Մենք մի բան միայն պետք է գիտակցենք. Ադրբեջանն իր յուրաքանչյուր գործողությամբ միայն ապացուցում է, որ խնդիրը երբեք չի եղել Արցախը:

Այսքանից հետո գոնե մի քիչ հարգանք դրսևորեին իրենց այդքան ծառայություն մատուցած գործընկերոջ` Փաշինյանի նկատմամբ ու այսքան ակնհայտ ու հասկանալի ցույց չտային «խաղաղության դարաշրջան» կոչված կոնցեպտի ողջ կեղծությունը»:

 

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին»։

«Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում «արևմտյան ադրբեջանցիների»՝ «իրենց նախնիների հայրենիք» վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևորագույն գործիքներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։