կարևոր
2179 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-19 17:20
Քաղաքական

ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ-ը 2024 թվականին 7 զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում:

Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է միավորման մասնակից երկրների անվտանգության ամրապնդման ուղեգիծը:

Ըստ Թաղմաղամբետովի՝ ստեղծված քաղաքական իրողությունները պահանջում են կատարելագործել այն իրավական հիմքերը, որոնք կանոնակարգում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության բոլոր ուղղությունները:

«Ստեղծված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են իրավական հիմքերի հետագա կատարելագործում, որոնք կանոնակարգում են մեր կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ուղղությունները», - ասել է նա։

Այս առնչությամբ, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում  միջխորհրդարանական համագործակցությունը։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն, ամենայն ակնհայտությամբ, պահանջում է նաև աշխատանքի խորացում տեղեկատվական-վերլուծական և կանխատեսման ուղղություններում:    

Իր հերթին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նիստի ընթացքում հայտարարել է, որ կենսաբանական անվտանգությունը մոտ ժամանակներս կարող է դառնալ ՀԱՊԿ մասնակից երկրների համագործակցության պաշտոնական ուղղությունը: