Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք մեծահարուստների տներ թալանած «բանդայի» ենթադրյալ պարագլուխ Արտուշ Հակոբյանը` «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին, այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն արեց: Ամբաստանյալը հայտնեց, որ մի շարք բարձրաստիճան ոստիկաններ այս գործը փորձում են բարդել իր վրա, սակայն գործում առկա բոլոր ապացույցները կեղծ են: Մասնավորապես` ատրճանակի վրայի մատնահետքերը, մեքենայում հայտնաբերված դեղահաբերը, ամառանոցում հայտնաբերված զենքերը և այլն: Ըստ նրա` ատրճանակի վրայի մատնահետքերն արվել են «Ագուլիս» ռեստորանում, երբ ինքը մասնակցում էր մի խնջույքի:
«Ռեստորանում մեզ վրա հարձակվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ, ինձ քարշ տվեցին, ձեռքերս ոլորեցին, ձեռնաշղթաներ հագցրին: Այդ րոպեին տեսա, որ իմ ձեռքին մի բան կպավ, որքան հիշում եմ՝ ոստիկանն ատրճանակը կպցրեց բութ մատիս: Հետո խփեցին գլխիս, աչքերիս դիմաց սևացավ, երբ ուշքի եկա, զգացի, որ գոտկատեղիս բան կա դրած: Ոստիկանությունում պարզվեց` ատրճանակ է»,- ասաց նա և դատարանին հանձնեց մի տեսանյութ, որում, ըստ նրա, ակնհայտ երևում է թե ինչպես են ոստիկաններն իր գոտու մեջ «խցկում» «ՏՏ» տեսակի ատրճանակը:
Հակոբյանը միջնորդեց ռեստորանի տիրոջն ու աշխատակիցներին հրավիրել դատարան, ովքեր, ըստ նրա, կվկայեն, որ ինքն ատրճանակով չի մտել ռեստորան:
Ամբաստանյալը նաև հայտեց, որ գործով մեղադրյալ` նախորդ տարի կալանավայրում մահացած Արման Դալլաքյանի տված ցուցմունքներն անթույլատրելի են, քանի որ դրանք ձեռք են բերվել ֆիզիկական տանջանքների եւ հոգեկան ճնշումների միջոցով: Ըստ նրա`Արմանին մահակով այնքան են ծեծել, որ հարվածից նրա մոտ ուռուցք է առաջացել, եւ հենց այդ ուռուցքից էլ նա մահացել է, ավելին նրան սպառնացել են նաև հիվանդանոցում՝ ասելով, որ կաթիլայինը կանջատեն, կմահանա, կամ կնոջ պայուսակի մեջ թմրանյութ կգցեն ու նրան էլ կդատեն: Նա մեղադրողին հորդորեց` շարժվել խղճի թելադրանքով:
«Այդ ժամանակ ավելի մեծ հեղինակություն կվայելելեք հանրության, հատկապես` տուժողների, ամբաստանյալների շրջանում և կտարբերվեք Ձեր այն գործընկերներից, ովքեր ջանում են ոստիկանության և նախաքննական մարմնի անօրինական գործողություններն օրինականացնել և հալած յուղի տեղ ընդունել»,- ասաց նա:
Դատավորը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը և որոշում ընդունեց ներկայացված տեսանյութը, ինչպես նաև հայտարարությունը կցել գործին: Այս պահին դատարանը շարունակում է քրեական գործի ապացույցների հետազոտումը: