կարևոր
2332 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-04 09:09
Քաղաքական

Ի՞նչ է անում արտգործնախարարը գերիների վերադարձի ուղղությամբ. «Ժողովուրդ»

Ի՞նչ է անում արտգործնախարարը գերիների վերադարձի ուղղությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 21-ից սկսած՝ ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլեւ, սեպտեմբերի 27-ից սկսած, զանգվածային ձերբակալություններ արեց Ադրբեջանը: Մասնավորապես՝ ադրբեջանական մեկուսարաններում հայտնվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Բացի այդ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ այսօր Ադրբեջանում գերեվարության մեջ են:

Ի՞նչ է անում ՀՀ նախագահը հայ գերիներին ՀՀ վերդարձնելու ուղղությամբ: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պաստասխան՝ գրել են ՀՀ նախագահի նստավայրից:
ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ մեր հարցումներն ուղղորդել են ՀՀ ԱԳՆ: Իսկ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ.

«Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար: ՀՀ ԱԳՆ-ն ամենօրյա կապ է պահպանում եւ պարբերաբար հանդիպումներ ունենում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»:

Անդրադառնալով գործուն քայլերին՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին: «Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խնդիրը մշտապես բարձրաձայնվում է ինչպես ադրբեջանական կողմի հետ, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում գործընկերների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ»,- եզրափակել են ԱԳՆ-ից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում