Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ութ գործիչներին՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տեսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։ Տեսակցությունն իրականացվել է ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի, այսինքն՝ առանձնազրույցների տեսքով և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
«Միևնույն ժամանակ հոկտեմբերի ընթացքում տեսակցություններ են տեղի ունեցել նախկինում ձերբակալված և մեր կողմից տեսակցվող այլ հաստատված պահվող հայերին և հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի անդամների հետ»,- նշեցին ԿԽՄԿ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, այնուհետև՝ գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը․ Դավիթ Բաբայանը, իսկ հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արայիկ Հարությունյանի առևանգման մասին։ Բաքվում հայ ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու քրեական հետապնդումներ են հարուցել։
Նշենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։
Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։
Աղբյուր` Փաստինֆո