Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ ժողովրդավարության, լրատվամիջոցների ազատ-անկախ գործունեության մասին ճառասացությունը մի բան է, իսկ ներկա իրականությունը բոլորովին այլ, այսինքն, դրա տրամագծորեն հակառակն է, «Փաստինֆո» լրատվականն արդեն որերորդ անգամ ուղղակի զգում է իր մաշկի վրա։
Տքնաջան աշխատանքի արդյունքում ունեցած մեր ձեռքբերումը՝ հետևորդների բազմահազարանոց բանակը չեզոքացնելու կուրսը որդեգրած իշխանությունների ձեռամբ «շա՜տ պատահաբար» անհետանում է լրատվամիջոցի՝ ամենամեծ դիտում ունեցող ֆեյսբուքյան էջը։
Բնականաբար, մենք շատ լավ ենք հասկանում, որ մեր հանդեպ տեղեկատվական պատերազմը ոչ միայն թշնամի պետության կողմից է, այլև՝ ներսից, այլապես ինչու՞ պիտի պետության և պետականության, հայաստանակենտրոն քաղաքականության դիրքերում գործունեություն ծավալող լրատվամիջոցը թիրախավորվի։ Այն դեպքում, երբ գործում է բացառապես օրենքի տառին համահունչ։ Ինչու՞։
Արդյո՞ք նրա համար, որ «Փաստինֆոյի» առաջնահերթությունն ի սկզբանե եղել է և կա Հայաստան պետությունն ու մեր պետականությունը, Արցախն ու Արցախի հարցը, Հայ Դատը, Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմաները, թե՞ որ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական օղակներին, իրավապահներին ուղղված մեր հարցադրումները գրագետ են և թիրախային, իսկ դրանց պատասխանները մշտապես շարունակում են մնալ առկախ, իսկ գուցե պատճառն ա՞յն է, որ «Փաստինֆոն» չկարողանալով կապել որևէ քաղաքական ուժի կամ որևէ հզոր հովանավորի հետ, ուղղակի հարձակում է կատարվում հե՛նց լրատվամիջոցի վրա՞։ Ընդ որում՝ միանգամից տարբեր ուղղություններով։
Բնականաբար, պարզ է, թե ինչու՞ է ի հեճուկս բազմաթիվ չպատճառաբանված արգելափակոցների, դիտումների նվազեցման, այդ թվում նաև՝ երեք տարի առաջվա՝ Մոնթեի նկարի կրկնակի «հայտնաբերման» և «պատժի», մեկ էլ՝ անհետանում կայքի հազարավոր ընթերցողներ ունեցո՛ղ ֆեյսբուքյան էջը։
Այսպես՝ 2023 թվականի մայիսին ֆեյսբուքը վերացրել էր ազգային հերոսի ծննդյան տարեդարձի մասին նյութից հետո «Փաստինֆո»-ի էջը կարմիր գոտի տեղափոխելու որոշումը ու մեր ֆեյսբուքյան էջը հասանելի դարձավ նաեւ ֆեյսբուքի լրահոսում։ Կայքն ուներ մի քանի միլիոն այցելություն ու հանկարծ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ֆեյսբուքը «բացահայտեց», որ տարիներ առաջ նյութեր են հրապարակվել հերոսի անունը կրող վարժարանի մասին ու նորից տեղափոխեց կարմիր գոտի, իսկ այսօր էլ ուղղակի հեռացրեց՝ առանց որեւէ պատճառաբանության։ Ավելին, տարբեր ընթերցողներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց անունից բողոքներ են գնացել, ինչի մասին իմացել են ֆեյսբուքի ծանուցումից, այսինքն՝ գործ ունենք կիբերհարձակման մասին։
Բայց հարձակումը ո՛չ միայն ֆեյսբուքյան տիրույթում է։
Իշխանությունները նաեւ ֆինանսական գրոհ են սկսել. Նախ տեղեկանում ենք, որ խմբագրութայան հաշվեհամարը արգելանքի տակ է՝ մի դատական ակտի շրջանակներում, որը չենք ստացել ու ԴԱՀԿ-ից ենք իմացել դատական ակտի մասին։ Ավելին, մեկ այլ հրապարակման համար էլ իշխանությունները դիմել են դատարան ու հերքում են պահանջում, երբ իրենց արձագանքը դրել ենք դեռ ամիսներ առաջ՝ մեր նախաձեռնությամբ՝ կողմի պատասխանի իրավունքը հարգելով։
Խոսքը գնում է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի մասին։ Մենք ունեինք հավաստի տեղեկություններ նրա աշխատասենյակում հայտնաբերված տարբեր հետաքրքիր փաստաթղթերի մասին ու նաեւ գիտեինք, որ դրանք չեն դառնա քննության առարկա։ Մեր հրապարակման վերաբերյալ տեսնելով փաստաբանի հերքումը, որը մենք չէինք ստացել, այդուհանդերձ, տեղադրել էինք։ Ու հանկարծ տեղեկանում ենք, որ այսօր նորից պահանջում են հրապարակել իրենց հերքումը, մի բան, որը, ինչպես նշեցինք, արել ենք ամիսներ առաջ՝ առանց դատարանի։ Բայց խնդիրը, իհարկե, հերքումը չէ, այլ ֆինանսական պարտավորությունը, որով փորձում են ծանրաբեռնել լրատվամիջոցին։
Ի՞նչ է սա, եթե ոչ անկախ լրատվամիջոցի, տվյալ դեպքում՝ «Փաստինֆոյի» հանդեպ իրականացվող ուղղորդված հետապնդում։
Իսկ միգուցե հենց սա՞ է այն ժողովրդավարությունը, որի համար ծափահարությունների էր արժանանում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլեր իրականացնող անձը։ Վստահեցնում ենք՝ շարունակելու եք ստանալ ձեր հակապետական գործունեությունը լուսաբանող հարցադրումները, շարունակելու ենք ի ցույց դնել երկրի սահմանադրական կարգի տապալման դրսեւորումները, իսկ ԶԼՄ-ի դեմ ուղղված ձեր նման գործողություններն ուղղակի ծիծաղելի են եւ ընդամենը վկայում ձեր վախերի մասին։
Աղբյուր` Փաստինֆո