կարևոր
11818 դիտում, 9 ամիս առաջ - 2023-09-26 09:54
Հասարակություն

Ինչո՞ւ է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Հայոց լեզվի 5-րդ դասարանի դասագրքի կազմը. նախկին դասագրքի կազմը փոփոխված է, եւ, Հայաստանի դրոշի փոխարեն, ադրբեջանական դրոշի գույներով է պատկերված կազմը:

ԿԳՄՍ նախարարությունը շրջող խոսակցություններից հետո ներկայացրել է համապատասխան պարզաբանում՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է. «Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը, որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել եւ առաքվել է դպրոցներ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ մինչեւ 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբեւէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են եւ աղերս չունեն իրականության հետ»:

Կարծես թե, Մայրենիի դասագրքերի հետ թեման ավարտված է, սակայն ծնողներից շատերը բողոքում են նաեւ Մայրենիի նոր դասագրքերի բովանդակությունից՝ նշելով, որ դրանք երեխաներին սովորեցնում են, որ «զոքանչի համար փեսայի տված խորտիկն ուտելը ծանր է»:

Մեկ այլ առիթ են Հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք աղավաղում են հայկական դեմքն ու հարցականի տակ դնում հայի ով լինելը։ 2014 թվականի Հայոց պատմության դասագրքերում գրված էր. «…հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են»: Նոր՝ փոփոխված եւ նախարարության կողմից հաստատված դասագրքերում հայի ով լինելու մասին մի քանի տեսություններ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռուգյացի գաղութարարները»:

Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն դասագրքերի տպագրությունը ձախողելուց հետո փորձում է նոր չափորոշիչներով տպագրված գրքերում փոխել նաեւ հայերի ծագումնաբանությունը։ Նշենք նաեւ, որ, ըստ մեր աղբյուրների, դպրոցներում 5-րդ դասարանի ռուսերենի նոր դասագիրք չի լինելու, սակայն նախարարությունից առիթը բաց չեն թողնում ամեն անգամ նշելու, թե բոլոր դասագրքերը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մինչեւ սեպտեմբերի վերջ լինելու են։ Սեպտեմբերի գրեթե վերջն է, սակայն նախարարությունը չի էլ նկատում, որ նոր դասագրքերի տպագրությունն իսկապես ձախողված է։ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանրային բարձր քննարկման արժանացած թեմաների վերաբերյալ կանչում է բոլոր ՔՊ-ական պատասխանատու անձանց, բայց ոչ իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, կամ նրա տեղակալներից որեւէ մեկին:

Այդպես էլ Հանրայինը պատասխանատուներից չպահանջեց բացատրել, թե ինչու սեպտեմբերի կեսին նոր հասկանալի դարձավ, որ որոշ առարկաներ աշակերտները նախորդ տարիների գրքերով են սովորելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում