կարևոր
3400 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 13:36
Քաղաքական

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը որդու հետ այցելել է ընտրատեղամաս

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կտեւի տեղական ժամանակով ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Սպասվում է, որ կեսգիշերին մոտ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ։ Կեսօրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ կտրամադրի ընտրողների մասնակցության տվյալները։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են։

Եթե որեւէ քաղաքական ուժի հաջողվի մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը (33), ապա դրա ներկայացուցիչն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում՝ կսկսվի քաղաքական կոալիցիաների ձեւավորման գործընթացը։ Երեւանի ավագանու 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն եւ 1 դաշինք։