կարևոր
3211 դիտում, 9 ամիս առաջ - 2023-09-12 11:00
Քաղաքական

ԱԺՄ կուսակցությունը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ կուսակցությունը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության հայտարարությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրութունների վերաբերյալ։

Հայաստանում 1995-96 թվականներից սկսած ավանդույթ դարձավ, որ ընտրություններում մշտապես հաղթում է իշխանությունը:

Իրականում 1995 թվականից ի վեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել երկու անգամ, ընդ որում երկու անգամ էլ իշխանությունը նախ փոխվել է դե ֆակտո, որից հետո միայն ընտրություններով «լեգիտիմացվել է» (1998 թ․, 2018 թ․)։

Չնայած այդ ամենին՝ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է բազմաթիվ ընտրությունների՝ համոզված լինելով, որ միայն պայքարելով կարելի է կոտրել իշխանության վերարտադրման «կախարդական օղակը», մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ պայքարը հնարավորություն է տալիս տարածել գաղափարներ և ձեռք բերել համախոհներ։

Մեզ համար բացառություն էր 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։

Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։

Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։

Հիմնական մրցակից 4 ուժերից մեկը իշխանությունն է, մյուս երկուսը կապված են եղել իշխանության հետ և միայն մեկն է, որին մենք դիտարում ենք որպես սկզբունքային ընդդիմադիր ուժ։ Դա «Մայր Հայաստան» դաշինքն է և դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարն այս իշխանության դեմ՝ անկախ ընտրությունների արդյունքներից, ինչը նույնպես մեզ համար կարևոր գործոն է։

Սկզբունքային է նաև այն, որ Անդրանիկ Թևանյանն առաջին օրվանից եղել է այս իշխանության կոշտ քննադատը և կանխատեսել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, պայքարել Արցախի անվտանգության և անկախության համար։

Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի ավագանու ընտրություններում մենք պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ կոչ անելով մեր համախոհներին ու բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին և իրենց քվեն տալ «Մայր Հայաստան» դաշինքին։

 

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան

12․09․2023 թ․