Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գործուն զղջման ինստիտուտը կիրառել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, մինչդեռ այդ ինստիտուտը մինչ այժմ կիրառվել է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Մեխանիզմը հետեւյալն է․ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն ընդունում է առաջադրված մեղադրանքը, ասում, որ զղջում է, եւ ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Նշենք, որ խոսքը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին է վերաբերում: Իսկ ծանր հանցագործություններ են համարվում սպանությունը, բռնաբարությունը, ավազակային հարձակումը, նաեւ` պետական դավաճանությունն ու դասալքությունը։
Այս նախագիծը շատ քննադատվեց, եւ ԱԺ օրակարգ մտցնելուց առաջ` վերջին պահին, մի քանի բացառություններ են արել, սահմանել են այն հոդվածները, որոնց այս ինստիտուտը վերաբերելի չէ։ Դրանք են․ 133-րդ հոդված (Ցեղասպանություն), 154 (Էկոցիդ), 188 (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), 196-ի 2-րդ մաս (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը...): 308-րդ հոդված (Ահաբեկչությունը), 441-ի 2-րդ մասի 1-ին կետ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), 419 (Իշխանությունը յուրացնելը), 420 (Սահմանադրական կարգը տապալելը), 425 (Դիվերսիա), 450 (Խոշտանգումը), 522 (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 523 (Զինծառայողին ինքնասպանության հասցնելը), 549-ի 2-րդ եւ 3-րդ մասերը (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։ 550-րդ հոդված (Զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում, կամ մարտական առաջադրանքի, կամ զորավարժության, կամ այլ ռազմական միջոցառման խափանում, կամ այլ ծանր հետեւանք, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով), ինչպես նաեւ այն հանցանքները, որոնց համար ցմահ ազատազրկում է նախատեսված, օրինակ՝ պետական դավաճանությունը, լրտեսությունը եւ այլն։
Այս ցանկում ներառված չէ դասալքությունը, ինչի համար էլ հիմնականում այն ընդունում են, որ տարածեն Աննա Հակոբյանի ու Իլհամ Ալիեւի հնչեցրած 11 հազար դասալիքների վրա: Այսինքն՝ իրավաբանների հայտարարությունները, որ այս փոփոխությունների միակ նպատակն այն է, որ դասալքության մեջ մեղադրվողներին՝ 11 հազար անձանց ստիպեն մեղքն ընդունել, արդեն ակնհայտ է դառնում։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նախկին փոխոստիկանապետ, ներկայումս փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ։ Անդրադառնալով արդեն իսկ ընդունված փոփոխություններին՝ Քոչարյանն ասաց․ «Երբ ես այս նախագծին, որ արդեն օրենք է դառնում, նայում եմ, ինձ մոտ մի հարց է առաջանում․ ինչ-որ խնդրի են փորձում լուծում տալ, բայց ինչ-որ այլ հիմնավորումներով, օրինակ՝ նախաքննական մարմինները բեռնաթափելու։ Մի տեսական այդ հիմնավորումն ու լուծման մասշտաբը չեն համապատասխանում իրար։ Առաջին անգամ եմ տեսնում, որ նախաքննական եւ դատաքննական մարմինների բեռնաթափման խնդիրն այսպիսի աննախադեպ փոփոխություններով սկսեն, որը, ըստ էության, երեւի բացառիկ է հետխորհրդային տարածքում։ Անկեղծ ասած, ես որքան փորձում եմ նման բան գտնել, համեմատություն անել, հասկանալ, թե կա՞ արդյոք որեւէ այլ պետություն, որը նման լուծումների է գնացել, եւ կարծես թե նման օրինակներ չեմ տեսնում։ Ես ընդհանրապես կողմ եմ մեղադրյալների համար լրացուցիչ հնարավորությունների, բայց արդարության վերականգնման մեխանիզմների գործուն ինստիտուտների շրջանակներում, ես դատարանի կողմից ազատումների մեխանիզմների պրոցեսուալ եղանակներին եմ կողմ, ես համաներման ինստիտուտին եմ կողմ, որը համարում եմ, որ ժամանակ առ ժամանակ՝ 5 կամ 10 տարի պարբերականությամբ, որպես հումանիզմի ակտ պետք է կիրառվի, բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ հայեցողությունն ում է թողնված․ գործադիր իշխանության մաս հանդիսացող նախաքննական մարմնին, որ ինքն է որոշելու՝ այս առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության պարագայում կիրառենք գործուն զղջումը, իսկ այս պարագայում չկիրառենք։ Հետաքրքիր եւս մի բան․ տուժողների պարագայում ինչպիսի վնասի հատուցման մասին է խոսք գնալու։ Ասենք՝ առանձնապես ծանր մի հանցագործության մասին է խոսք գնում, որի համար նախատեսված է 15-20 տարի ազատազրկում, եւ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ես հատուցելու տուժողի վնասը, իմ ուղեղի մեջ դա ուղղակի չի մտնում։ Այդ ինչպիսի՞ հատուցում պետք է լինի, որ այդ խոցված օբյեկտների վերականգնում տեղի ունենա արդարության չափանիշի կոնտեքստում։ Այս նախագիծն ուղղակի անհասկանալի է։ Ես վստահ եմ, որ այն ինչ-որ կարճաժամկետ խնդիրների լուծման համար է, եւ կարծում եմ՝ 1 կամ 2 տարի հետո կտեսնենք, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որ այս փոփոխություններն ուժը կորցրած կճանաչվեն արդեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում