Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ԱՄՆ Կոնգրեսում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ վերջին զարգացումների մասին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է իր հիմնական քաղաքական առաջնահերթություններից երկուսի՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու և Արցախի ապաշրջափակման համար Բաքվի վրա ամերիկյան ճնշման ապահովման շուրջ աշխատանքները։ Արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին նախաձեռնել է կոնգրեսական գրություն ուղղված նախագահ Բայդենի վարչակազմին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և առավել կոշտ դիրքերից հանդես գալ Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականության դեմ։
Ներկա պահին Բարբարա Լիի առաջնորդած գրությանն են միացել Կոնգրեսի 54 անդամներ: Հունիսի 21-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրությամբ կոնգրեսականներն ԱՄՆ վարչակազմից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ կիրառել ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) պահանջները և ըստ այդմ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։ Կոնգրեսականներն անդրադարձել են նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերի կողմից իրաականացված մարդկության նկատմամբ հանցագործություններին ու դրանց անպատժելի մնալու անթույյլատրելիությանը։ Կոնգրեսականները նաև քննադատել են պետդեպարտամենտին՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների գնահատման հարցում զսպվածության հարցում։ Նրանք վկայակոչել են նաև ԱՄՆ կառավարության հաշվետվության գրասենյակի (GAO) զեկույցը, որը հրապարակվել է 2022 թվականին և արձանագրել, որ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի իրազեկել Բաքվին հատկացվող ավելի քան 164 միլիոն դոլարի օժանդակության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա ազդեցության մասին:
Մեկնաբանելով կոնգրեսական երկկուսակցական գրությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Բարբարա Լիին և ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի երկկուսակցական խմբին՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական ագրեսիային կարևորություն չտալուն ուղղված՝ Բայդեն-Հարիսի վարչակազմի դեմ ամուր դիրքորոշման համար։ ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին քաջալերում է կոռումպացված Ալիևի վարչակարգին շարունակելու դաժան շրջափակումը` խեղդամահ անելու համար Արցախի քրիստոնյա բնակչությանը»:
Նույն օրը՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսում կայացել է նաև «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագիրը կրող հանրային լսում՝ կազմակերպված Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահների կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ֆրենք Փալոնը հանդես են եկել ներածական ելույթներով, իսկ Ադամ Շիֆը հղել է գրավոր ուղերձ։ Արցախում ստեղծված իրավիճակի նկարագրական ելույթներով են հանդես եկել Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, Երևանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը և Կոլումբիայի համալսարանի «Խաղաղության և մարդու իրավունքների» ծրագրի տնօրեն Դեյվիթ Ֆիլիպսը։ Վերջիններս, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև այդ իրավիճակը մեղմելու ամերիկյան կողմի հնարավոր դերակատարության ու գործնական քայլերի վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
22.06.2023թ.