Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական սանկցիաների պատճառով վերջնականապես դադարեցնում է իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոստանալով արագ արձագանքել տեղի ունեցածին։ Դեռ մինչեւ այս հայտարարությունը Հայաստանի բիզնես-շրջանակներում համառորեն լուրեր էին պտտվում, թե «Արարատը» դրվելու է վաճառքի, քանի որ գործարանի արտադրանքի 80 տոկոսը սպառվում էր Ռուսաստանում, եւ ռուսական շուկան կորցնելուց հետո «Արարատին» սնանկացում է սպառնում։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են ամիսներ առաջ, եւ նույնիսկ 3-4 պոտենցիալ գնորդ կա ասպարեզում։ Հնչում են պոտենցիալ գնորդների անունները՝ Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի Երեւանի կոնյակի գործարանը ժամանակին «Արարատ» անունն էր կրում եւ դրանից հրաժարվեց Պեռնո Ռիկարի գործարանի պահանջով։ «Արարատ» ապրանքային նշանը մնաց ֆրանսիացիներին, եւ սա լավ հնարավորություն է՝ նորից ետ բերելու, ծավալներն ընդլայնելու համար։ Անգամ վաճառքի գներ էին նշվում՝ 180 մլն դոլարից սկսած, բայց մեր հավաստի տեղեկություններով՝ ֆրանսիացիները մեկնարկային գին են սահմանել 250 մլն դոլարը․ այդքան են գնահատում գործարանը։
Գործարանից դեռեւս հերքում են վաճառքի մասին տեղեկությունները։ «Արարատ» գործարանի մամուլի հետ աշխատանքի պատասխանատուն «Հրապարակին» հայտնեց, որ վաճառքի մասին տեղեկություններն իրականության հետ աղերս չունեն։ Այդ դեպքում ինչպե՞ս է գործարանը լրացնելու ռուսական շուկայի կորուստը․ այս հարցից պատասխանատուն փորձեց խուսափել՝ գրավոր հարցում պահանջելով եւ ասելով, որ գրավոր պատասխանը մի քանի օր կպահանջի։ Կարելի է ենթադրել, որ գործարանում առայժմ չեն պատրաստվում զրուցել վաճառքի մասին, եւ կուլիսային բանակցություններ են ընթանում պոտենցիալ գնորդների հետ։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հնարավոր է կառավարությունը որոշի կոնյակի գործարանը հետ գնել՝ Pernod Ricard ֆրանսիական ընկերությանը վճարելով 250 միլիոն դոլար։ Այսպես ասած՝ պետականացնել գործարանը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կոնյակի գործարանը պետականացվի։ «Ես ոչ միայն չեմ ուզում ասել, որ ճիշտ չէ այդ տեղեկությունը, այլեւ՝ որ դուք գրեք այդ մասին․ դա նոնսենս է։ Գործարանի մասին ոչինչ մի գրեք, որովհետեւ իրենք շատ նորմալ, լավ աշխատանքային իրավիճակում են։ Հետեւեք իրենց կողմից տրվող նորություններին։ Այս պահի դրությամբ որեւէ բան գոյություն չունի, չի կարելի վարկաբեկել ընկերություններին, վատ է, որ դուք գրում եք այդպիսի տեքստ»,- որոշեց մեր գլխին բարոյախրատական ճառ կարդալ էկոնոմիկայի նախարարը։ Չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք իրեն չի՞ մտահոգում մեր լավագույն գործարանի ճակատագիրը, գործարանի, որն արտադրում է հայկական լեգենդը՝ Ararat կոնյակը, եւ այժմ կորցրել է սպառման շուկան։ Մի՞թե պետությունը չպետք է ունենա իր ծրագիրը եւ պատկերացումը գործարանի ապագայի վերաբերյալ։ Թեեւ մենք լիովին հասկանում ենք Քերոբյանի մտավախությունը․ երկրի կառավարման հարցերում բազում սխալներ թույլ տված կառավարությունն ինչպե՞ս պետք է տնօրինի նման գիգանտի ճակատագիրը, ո՞ւմ պետք է այնտեղ տնօրեն ու մենեջեր նշանակի, որ կարողանան գլուխ հանել այդ պատասխանատվությունից։ Եթե գործարանը պետականացվում է, այսինքն՝ հետ է գնվում ֆրանսիացիներից, պետք է նկատի առնվի նաեւ այն լրջագույն մրցակցությունը, որն առկա է կոնյակի արտադրության ոլորտում։ Իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, չունի տնտեսության կառավարման ոլորտում գրագետ կադրեր, ուստի մեծ է վտանգը, որ կոնյակի գործարանը լավ ճակատագրի չի արժանանա։
Հիշեցնենք, որ Pernod Ricard ընկերությունը Երեւանի կոնյակի գործարանը գնել է 1998 թվականին։ Այն ժամանակ բավականին երկար տեւեց գործարքի կայացումը, քանի որ Ռուսաստանում այդ ժամանակ տնտեսական ճգնաժամ էր, եւ ֆրանսիացիները մտավախություն ունեին, որ չեն կարողանա իրենց ուզած գներով ՌԴ-ում վաճառել հայկական կոնյակը։ Այնպես որ, Երեւանի կոնյակի գործարանի գործերը միշտ էլ կախված են եղել ռուսական շուկայից, եւ ակնհայտ է, որ գնորդը պետք է չունենա ՌԴ-ի դեմ Արեւմուտքի սանկցիաների քաղաքականությանն աջակցելու պարտավորություն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում