կարևոր
3256 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 18:14
Հասարակություն

Մեղավոր կլինենք բոլորս. Ավետիք Իշխանյան

Մեղավոր կլինենք բոլորս. Ավետիք Իշխանյան

ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների քննարկվող թեմաներից մեկը, երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտագության հարցերն են:

Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների և այլ ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թաշիշների, թաթերի, լեզգիների և նույնպես այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնականաբար՝ ոչ։

Կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ինչ նկատի ունեն՝ Ադրբեջանի կազմում հայ էթնիկ փոքրամասնության իրավունքներն ու անվտանգությունը։ Չեմ բացառում նաև, որ քննարկման առարկա է նաև, մոտ ապագայում, Հայաստանում ադրբեջանցի էթնիկ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցերը։

Այսինքն, Հայաստանի իշխանությունը, պատմական Հայաստանի տարածք՝ Արցախն, իր բնիկ, դարերով իր հողի վրա ապրող, մաքառող հայրենակիցներին հանձնում է 1918թ․ ստեղծված Ադրբեջան կոչվող, տարածաշրջանում եկվոր, հայատյաց ցեղերի պետության քմահաճույքին։

Նման, այլ բառ չեմ գտնում՝ նման դավաճանություն,սեփական հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ աներևակայելի է։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի կազմում Արցախը կարճ ժամանակում կհայաթափվի։Հիշենք 1903-05թթ․ հայ-թաթարական (այն ժամանակ ադրբեջանցիների անվանումը) բախումները, 1919թ․ Բաքվի ջարդերը, 1920թ․ Շուշիի ջարդերը,խորհրդային տարիներին Նախիջևանի հայաթափումը, Արցախի ժողովրդագրական էական փոփոխությունը, 1988-1990 թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի (Կիրովաբադ) ջարդերը, հետագայում Գետաշենի և այլ հայկական գյուղերի ջարդերը, Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումը, էլ չեմ ասում Գուրգեն Մարգարյանի, հայ գերիների վայրենաբար սպանությունների մասին։ Արցախը, ԽՍՀՄ տարիներին, չնայած Բաքվի բոլոր ջանքերին, չհայաթափվեց, շնորհիվ արցախահայության կամային հատկությունների։ Սակայն, այլևս Ադրբեջանի ղեկավարությունը չի հանդուրժի Արցախում հայ բնակչության առկայությանը։ Ոչ մի միջազգային երաշխիք պարզից էլ պարզ է, չի աշխատի։

Եթե, այսպես կոչված, միջազգային հանրությանը, իսկապես անհանգստացներ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը, ապա վաղուց ճանաչած կլինեին Արցախի ինքնորոշումն ու անկախությունը, ինչպես Կոսովոն։Միջազգային հանրություն կոչվածը, շատ լավ գիտակցում է, որ Ադրբեջանի կազմում լինելու դեպքում, Արցախը լավագույն դեպքում կհայաթափվի։ Ոչինչ, նույն միջազգային հանրությունը մտահոգություններ կհայտնի և խստորեն կդատապարտի հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը։

Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ում քննարկման առարկա է նաև ադրբեջանցիների, այսպես կոչված փախստականների վերադարձն ու նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը Հայաստանում, բնակականաբար հայկական կողմից ոչ մի խոսք հայ փախստականների վերադարձի մասին հայկական պատմական հողեր՝ Գանձակ, Գետաշենի տարածաշրջան, նաև Բաքու։ Ադրբեջանցիների հնարավոր վերադարձին կհետևի, որևէ սադրանք և որն էլ առիթ կհանդիսանա թուրք-ադրբեջանական ներխուժմանը, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, ինչպես Կիպրոս, Սիրիա, Իրաք։

Այսպիսով, հայ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի դեմ դավադրություն և այն էլ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ և ակտիվ մասնակցությամբ։

Եվ ամենազարմանալին և ցավալին այն է, որ այս ամենին, կարծես բոլորս համակերպվել ենք, չկա լուրջ դիմադրություն։ Հասկանանք վերջապես, այս դավադրության իրականանալու դեպքում, միայն Հայաստանի դավաճան իշխանությունը չի լինի պատասխանատու և մեղավոր։

Մեղավոր կլինենք բոլորս, հայ ժողովրդի բոլոր խավերը՝ տարբեր, միմյանց խանդող և չմիավորվող ընդդիմության ներկայացուցիչները, հասարակական գործիչները, մտավորականները, երտասարդները, ուսանողները,գործարարները,քաղաքաբնակներն ու գյուղացիները, սփյուռքահայերը և մնացյալ ողջ հայ ժողովուրդը։

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան