կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 14:22
Առանց Կատեգորիա

Բոլորս ենք մեղավոր

Բոլորս ենք մեղավոր

Կուլակաթափությունը ճիշտ չէ: Կուլակաթափությունը պետական ռեկետ է, պետական ռեկետը ճիշտ չէ: Մարդուն, թեկուզ` շատ հարուստ, թեկուզ` ամենահարուստ, ստիպել, որ վաճառի իր մեքենան ու ապարանքը, որպեսզի բանակը զենք ունենա, ճիշտ չէ, դա թալան է, մասնավոր սեփականության թալան: Կասեք՝ նրանք էլ իրենց մեքենաներն են գնել եւ ապարանքները կառուցել թալանով: Իհարկե, կասեք եւ ճիշտ կասեք, բայց ո՞րն է ավելի ճիշտ, այն, որ մարդուց թալանում ես նրա՝ թեկուզ գողացված ունեցվա՞ծքը, թե՞ այն, որ մարդուն թույլ չես տալիս գողություն անել պետությունից:

Հիմա` ենթադրենք այդ շատ հարուստներն իրենց մեքենաները վաճառում են, իրենց պալատները վաճառում են, բայց ո՞վ պետք է գնի: Չէ՞ որ գնորդը կդառնա շատ հարուստ, եւ արդեն նրան կմեղադրենք շքեղ մեքենա եւ տուն ունենալու մեջ, այն պարագայում, երբ «բանակը զենք չունի»: Ի դեպ, բանակը զենք ունի: Օրինակ` օլիգարխ Պողոս Պետրոսյանը վաճառում է իր ամենազիլ մեքենան եւ արձանակույտ պալատը, բոլորն իրար հետ վաճառում է 20 մլն դոլարով: Եթե գնորդ լինի, ուրեմն 20 մլն դոլար ունեցող կա, եթե 20 մլն դոլար ունեցող կա, ուրեմն գուցե այդ գումարով ոչ թե պալատ եւ մեքենա գնի, այլ զենք՝ բանակի համար: Չէ՞ որ պատմությունը, ընդ որում, ոչ միայն մեր երկրի, ցույց է տալիս, որ հարուստներից նրանց ունեցվածքը խլողները կամ գնողները նոր հարուստներ են դառնում: Այսինքն` շատ փողը երբեք հավասարաչափ չի բաշխվում, չի էլ բաշխվելու:

Իմ կարծիքով` կուլակաթափությունից ավելի կարեւոր բան կա: Հարկահավաքությունը: Հարկահավաքությունը կուլակաթափություն չէ, հետեւաբար` պետական ռեկետ չէ: Հարկահավաքությունը բոլորին է վերաբերում, ու այստեղ կարեւոր բառը «բոլոր»-ն է: Բոլորը պետք է հարկ տան, վագոն տնակում ապրողները՝ քիչ, բնակարանում ապրողները եւ «Լադա» քշողները՝ մի փոքր շատ, մեծ տանն ապրողները եւ արտասահմանյան մեքենա քշողները՝ ավելի շատ, իսկ ապարանքում ապրող «թագավորները» եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի, նույնիսկ դեռ չծնված անդամի անունով մեքենա ունեցողները՝ ամենաշատը: Կարծում եմ` փող կհավաքվի: Հետո արդեն պետության գործն է, կուզի` Դիլիջանի կողքին, ենթադրենք՝ Բերդում, նոր, այս անգամ` ֆրանսիական դպրոց կբացի, կուզի՝ Ճամբարակ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը կկառուցի, կուզի` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, իր մասով, գոնե կսկսի, կուզի` անհատույց կտա Արցախի Հանրապետությանը, որպեսզի ԼՂՀ ՊԲ-ն դուխին համահունչ զենք ունենա, անունն էլ կդնի՝ անհատույց օգնություն Արցախին՝ այնտեղ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման նպատակով:

Այսինքն` խնդիրն այն չէ, որ փող չկա, խնդիրն այն է, որ մենք երբեք չենք մտածել, որ ավելի լավ է մեկ տանկ առնենք, բայց տուն չկառուցենք, մեքենա չգնենք, մեր բարոյական հաղթանակների եւ դիրքերում կանգնած տղերքի կենացը խմելու համար ռեստորաններ չկառուցենք, մեր ապարանքների բակում հունական դեմքով հռոմեացու արձանի կողքին նրա արաբական ձիու արձանն էլ մարմարից չտեղադրենք, անթիվ եկեղեցիներ չկառուցենք՝ հույսներս դնելով Աստծո վրա. բա եկեղեցի ենք կառուցել, բա հավատացյալ ենք, բա Աստված մեզ հետ է: Ու այսպես բոլորս ենք մտածել, ուրեմն եթե սեփական բարեկեցությունն ավելի շատ գնահատողները մեղավոր են, որ մենք տանկ չունենք, կնշանակի բոլորս ենք մեղավոր, նույնիսկ եթե եկեղեցի ենք գնում:

Հովիկ Աֆյան