կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 12:57
Հասարակություն

Բանակում կատարվածի համար մեղավոր ենք բոլորս

Բանակում կատարվածի համար մեղավոր ենք բոլորս

«Չպետք է լինի այնպիսի բանակ, որ ես նստեի համակարգչի առաջ եւ տեսնեի խելագարված զինվորին... Երկու օր է` չեմ քնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նրա խոսքով` այսօր չկա սեր զինվորի, սպայի հանդեպ, հասարակությունն առանձին է գործում, բանակն` առանձին, իսկ այդպես ամուր բանակ պահել հնարավոր չէ:

Բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունները, Մ. Եղիազարյանի կարծիքով, շատ պատճառներ ունեն. սպաներ կան, որ իրենց տեղում չեն, նաեւ բանակում իսպառ պետք է ոչնչացնել կոռուպցիա հասկացությունը:

«Եթե զինվորն անկարգապահ է, կալանատուն են ուղարկում, նորից է խախտում արել, նորից` կալանատուն, եթե չի լուծվում, պատժում են: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է 18 տարի երեխա պահենք` սոված, ծարավ, տկլոր, տանեք մարդու երեխուն սպանեք, չի կարելի»,- ասաց Մ. Եղիազարյանը` հավելելով, որ բանակում պետք է օրենքի գերակայություն լինի, եւ զինվորը պետք է զգա ոչ թե սպայի ավագությունը, այլ հարազատությունը:

«Ես «Արաբո»-ում կռվել եմ 5 տարի, 30 հոգի զոհ եմ տվել, ու մինչեւ հիմա ծնողների պատասխանը չեմ կարողանում տալ: Բայց մենք իրար չենք սպանել այդ 5 տարվա մեջ, բոլորս էլ զենքով ենք եղել, պետք է եղել` նաեւ խմել ենք, բայց մենք իրար չենք սպանել, մեր մթնոլորտը եղել է եղբայրական»,- նշեց նախկին հրամանատարը` այդ թվերը համեմատելով խաղաղ պայմաններում զոհված զինվորների թվի հետ. «15 տարվա մեջ խաղաղ պայմաններում մենք բանակում 1500 զոհ ենք տվել, վերջին 3 տարում մոտ 300 մարդ է զոհվել, եւ այդ 300-ից 20-ին կամ 30-ին է հակառակորդը սպանել: Այս ամենի համար մեղավոր ենք բոլորս»:

Մ. Եղիազարյանի կարծիքով` պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր խախտում են օրենքը` լինի սպա, թե զինվոր: Եվ եթե մի դեպքի պատճառով հասարակությունն աղմուկ բարձրացնի, ապա երկրորդ անգամ նման դեպք չի կրկնվի: Ավելին` պետք է մի քանի հոգու մասսայական դատեն, իսկ եթե դա էլ արդյունք չտա, մինչեւ վերջին սպան փոխեն: «Դուք սպաներին էլ շատ մի մեղադրեք. այնպիսի մի զորամասում դու կարո՞ղ ես սպա լինել, որտեղ հայտնի մեկի բարեկամը ծառայի, որը քեզ կստորացնի, ու դու չես կարողանա նրա վրա ազդել, որովհետեւ նա ուժեղ թիկունք ունի»:

Հրամանատարի կարծիքով` բանակում կան բաներ, որոնք նախարարն էլ ի զորու չէ փոխել. նախարարը կարող է ուժեղ լինել, երբ միանձնյա ղեկավարի բանակը, բայց շատ բաներ կան, որ նախարարից կախված չեն. «Այնքան «բարեկամ-բարեկամ» են խաղում, որ նախարարի խոսքը կարող է չանցնել: Բայց նախարարի խոսքը պետք է օրենք լինի բոլորի համար: Չպետք է ինչ-որ մեկը զանգի նախարարին ու ասի` գիտես հորեղբորս տղային տեղափոխիր այսինչ վաշտ կամ սրան բեր այստեղ»:

Ավելին, նրա կարծիքով, ամեն ինչ պետք է վերահսկողության տակ վերցնի հենց Գերագույն հրամանատարը` երկրի նախագահը. «Պետք է ամեն ինչ վերցնի կոնտրոլի տակ ու ասի, որ` վերջ, ով խախտի հրամանը, գործ կունենա նախագահի հետ: Պետք է նախարարին լայն իրավունքներ տրվեն, ու բանակը կարգի կգա»: