կարևոր
2440 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 12:39
Հասարակություն

Վերընթերցենք Համաստեղին Համաստեղն ապրիլի 24-ի մասին

Վերընթերցենք Համաստեղին Համաստեղն ապրիլի 24-ի մասին

Հայ ժողովուրդը արդար քրտինք է ու չարքաշ աշխատանք։
Թուրքը միշտ ալ հոմանիշ եղած է թալանի, ոճրագործութե-ան։
Համաստեղ

1955-ին լրացավ Մեծ եղեռնի 40-րդ տարելիցը։ Համաստեղը (Կելենյան, 1895-1966) «Մենք չենք մոռնար» հոդվածով1 անդրադարձել է «մարդկային պատմության այս մեծագույն ողբերգության» տարելիցին։

Հոդվածի սկիզբը հիշեցնում է աստվաշնչյան դրվագը, երբ Երուսաղեմ մտած Հիսուսն ի պատասխան իր աշակերտներին լռեցնելու կոչերին՝ ասաց, որ նրանց լռելու դեպքում քարերը կխոսեն…

Գրողը համոզված է՝ անգամ շատ ներողամիտ հայ ժողովուրդը չի կարող լռել, մոռանալ ապրիլի 24-ը։ «Եթէ մենք մոռնանք, Հայաստանի քարերը պիտի աղաղակեն, ու անյիշատակ կորսուած գերեզմաններուն հողերը վեր-վեր պիտի նետուին։ Եթէ մենք մոռնանք, անապատներու մէջ ճերմկցած մեր նահատակներու ոսկորները իրենց խռովքներուն մէջ մըրրիկներ պիտի ըլլան։ Ոսկորները բարի, հաւատաւոր, աշխատաւոր ժողովուրդի մը, որ շատ բան ներեց եւ չի կրնար ներել Ապրիլի 24-ը… Եթէ մենք մոռնանք, արդարութիւնը պիտի աղաղակէ։ Մենք հաւատա-ցինք ու կը հաւատանք արդարութեան։ Կը հաւատանք, թէ արարչա-գործութեան մէջ Աստուծոյ շունչը կայ։ Գուցէ այդ եղած է մեր թերութիւ-նը եւ կամ տկարութիւնը։ Մենք կը հաւատանք այդ արդարութեան, եթէ նոյնիսկ տկարութիւն ըլլայ։ Արդարութիւն եւ հայ ժողովուրդ երկու դժ-բախտ ճակատագրեր են, որոնք պիտի յաղթանակեն օր մը» (էջ 87),— սա Համաստեղի համոզումն է։

Գրողը Հայաստան երկիրը դիտարկում է որպես աստվածային բացառիկ շնորհի՝ Արարման դաշտ. «Շինեցինք եկեղեցիներ, վանքեր, ճամբաներ, կամուրջներ, շէն քաղաքներ։ Լիովին ըմբռնեցինք աշխա-տանքի գեղեցկութիւնը։ «Հորովելներով ու ծխան ծուխերով դրացնա-ցանք Աստուծոյ հետ» (էջ 87)։ Ահա ավարառու թուրքի նկարագիրը. «Որտեղէն որ անցան, իրենց ետեւ ձգեցին աւերակներ ու դիակներ։ Խոտն անգամ չի բուսնիր այն տեղերէն, ուրկէ թուրքը անցած է» (էջ 88)։

Համաստեղն այս հոդվածում մեկ առ մեկ թվարկում է հանրային կյանքի այն բոլոր ոլորտները, որտեղ հայությունն արարում և թուրք զանգվածներին քաղաքակրթում էր՝ հնարավորության սահմաններում մոտեցնելով եվրոպական հանրությանը։ Առաջնահերթը մշակույթն էր, այնինչ թուրքն ընդամենը յուրացրել է գրաված տարածքների օրինական տերերի ստեղծածը, որը ներկայացնում է որպես իրենը. «Թուրքը, ինչպէս յափշտակեց հայոց ամբարները, նոյնպէս յափշտակեց ինչ որ մշակոյթ էր՝ ըլլայ հայկական, արաբական կամ պարսկական։ Ան ուզեց իւրացնել հպատակ ազգերու արուեստը, հարսնիքի գացող մէկին պէս, որ իր հագուստները փոխ կ’առնէ ուրիշէ մը եւ կամ կը գրաւէ» (էջ 89)։

«Մենք զոհեր տուինք յանուն արդարութեան եւ իրաւունքի։ Այդ-պէս վայել է նկարագրով բարձր ժողովուրդի մը համար։ Ու ահա Ապրիլ 24ը. մէկ միլիոն զոհ՝ խեղդելու համար մեր ձայնը, խեղդելու համար արդարութիւնը։ Չէ՛, արդարութիւնը չի խեղդուիր. ան արեւի լոյսին պէս է։ Մենք այդպէս կը հաւատանք» (էջ 89),— գրում է Համաստեղը և մեկնաբանում, որ հայությունը չի հավատում թուրքի քաղաքակրթվելու մասին հայտարարություններին։

«Շատակեր Հասանի» պատվերով Համաստեղը ներկայացնում է թուրքական պետական կառույցի համար օրենքի ուժ ստացած ավերն ու ավարը, երբ հատուկ հրահանգով պարբերաբար թալանում էին հայությանը թուրք զանգվածներին կերակրելու և նրանց ցեղային նկարագիրը անխաթար պահելու համար։

Հիշատակենք Համաստեղի մտերիմներից Արամ Հայկազի (Չեքեմյան, 1900-1986) վկայությունը «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը»2 գրքից։ «Խաղաղասէր ու բարի մարդ է հայրս. յեղափոխական եղած էր երիտասարդութեան օրերուն» (էջ 154),—գրում է Արամ Հայկազը և հավելում՝ հայրը դեպքեր է պատմում 1895-ի կոտո-րածներից ու եզրակացնում. «… այն ատեն 8-10 զոհ միայն տուինք, քանի մը օր գործի եւ առեւտուրի չկրցանք նայիլ. խուժանն ու զօրքը մեր թաղերէն հեռու պահեցինք, եւ անոնք գացին, իրենց անասնական վրէժը լուծեցին խեղճ Թամզարայէն… Առաջները քսանեւչորս ժամէն, շա՛տ-շա՛տ երկու օրէն «դադրեցուցէ՛ք»-ի հրամանը կու գար, եւ հայ ժողովուրդը դուրս կու գար՝ արեւուն տակ իր վէրքերը լզելու։ Այս անգամ խնդիրը տարբեր ձեւ առաւ. այս անգամ պիտի կրնան մեր վզին պլլել պետութեան դէմ ապստամբած ըլլալու մեղադրանքը… Առաջ անիծուած սուլթանին ու անօթի թուրք ժողովուրդին համար հայ ժողովուրդը պտղատու ծառ էր. կառավարութիւնն ու իր շուները կը կողոպտէին հայութիւնը, կը կտրէին ծառին ճիւղն ու պճեղը, բայց բունին կացին չէին զարներ: Այս անգամ հարցը տարբեր ըլլալ կը թուի… այս անգամ կացինը մեր արմատին ուղղուած է…» (էջ 189)։

Պարբերական թալանի ու կյանքի անապահովության պատկերին Համաստեղը զուգադրում է ոչ միայն մեկ ու կես միլիոն հայության կոտորածը, այլ նաև այն ցավոտ ճշմարտությունը, որ արյունոտ յաթաղանը կտրել է սերունդների կապը, աշխարհասփյուռ հայերին դատապարտել Արարման դաշտից դուրս գոյատևելու տաժանքին։

«Ապրիլ 24ը միայն թուրքը կրնար սարքել։

Մենք չենք կրնար մոռնալ» (էջ 90),— կարդում ես այս տողերն ու Համաստեղի պես չես հավատում թուրքի ավարառու տեսակի բարեփոխման հեռանկարին։

«Մենք սրտանց կ’ուզենք, որ թուրքը դադրի ինքզինք խաբելէ եւ ըն-դունակ ըլլայ իսկական քաղաքակրթութեան՝ ըմբռնելու համար մարդ-կայինը, Արդարութիւնն ու Իրաւունքը,—հեգնո՞ւմ, թե՞ իսկապես հավատում է գրողը։— Ան կը դառնայ քաղաքակրթուած ազգ այն ատեն, երբ մանաւանդ ըմբռնէ հայ ժողովուրդին իրաւունքը։
Այդ իրաւունքին համար մենք շատ զոհեր տուած ենք։

Տուած ենք Ապրիլ 24ը, որ չպիտի մոռնան նաև մեր գալիք սերունդ-ները» (էջ 91)։

«Էջմիածին» (Էջմիածին) հանդեսի 1965 թ. Բ-Դ համարը նվիրված է Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին։ Ամսագրի 40-42-րդ էջերում տպագրված է Համաստեղի «Հավատք քո կեցուսցեն զքեզ» հոդվածը3, 122-124-րդ էջերում՝ Արամ Հայկազի «Մայրս փրկեց զիս Եփրատեն» հուշ-պատմվածքը4։

Աստվածաշնչի հանրահայտ ճշմարտության տողով վերնագրված այս հոդվածում Համաստեղը քննում է հայի հավատի արմատները և արձանագրում. «Զարմանալի զուգորդություն մը եղած է հավատքը երկնքին և հավատքը Հայաստանին միջև։ Հայաստանը նույնպես եղած է նպատակ՝ երկնքի կապույտին չափ անսահման» (էջ 170)։ Քրիստո-նեության հիմքի վրա բարձրացավ հայ մշակույթի շենքը, իսկ «գրերու գյուտով հայացան» ոչ միայն աստվածաշնչյան սրբերը, այլև բազմաթիվ օտար տոհմեր, որոնցից սերվեցին ազգային նոր հերոսներ։ Ս. Սահակ Պարթևի, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Ս. Վարդան Մամիկոնյանի համար «երկնքի կապույտին վրա Հայաստանի քարտեզի գծերը կային լուսաշող» (էջ 171)։

Եթե «Ազգերը հավաքական մաքառումներ են ու պաշտպանու-թյուն» (էջ 172), հայ ժողովուրդն ունի ամենազորեղ զենքը` մշակույթը, որի հիմքը ազգային մեր մեծ երազն է` Հայկ դյուցազնից, Մաշտոցի տե-սիլքից, Դավթի դյուցազնավեպից սկսած մինչև մերօրյա նվիրյալներն ու նահատակները։ Մշակույթը ուժ է, ինքնատիպ բերդ, որի մեջ մեր ժո-ղովուրդը «գտավ իր պաշտպանությունն ու ինքզինք ձգեց հավիտենականության մեջ։

Այո՛, հայ ժողովուրդը հավիտենական է։ Հզոր ազգերու հզոր բա-նակները ժամանակավոր հաղթանակներ տարած են միայն, իրենց բանակներուն վրա կռթնող բարբարոս ազգերը անհետացեր են նախա-պատմական շրջանի մամութներուն նման, որովհետև բանակներուն և հին բերդերուն տեղ, կա մշակույթին տիրապետությունը» (էջ 172)։

Թունոտ, բայց ճշմարտացի է թուրքի նկարագիրը. բարոյական «հիմքի մը» վրա կառուցված Ղուրանը «իր բարբարոս բնազդներուն հարմարցուց։ Ջարդեց Ալլահին անունով։ Ալլահին անունով քրիստոնյա տաճարներուն առջև ձիեր կապեց» (էջ 172)։ Այնինչ հայությունը, հավատարիմ իր ազգային նկարագրին ու նախնիներից ժառանգած Արարման ոգուն, «կներմուծեր Թուրքիո մեջ ինչ որ քաղաքակրթություն էր և կամ եվրոպական» (էջ 172)։

1915 թ. ողբերգության դժոխքով անցնելուց հետո էլ հայը գտավ իր ազգային գոյությունն ապահովելու միջոցը` հավաքական կամքը, «որ ստեղծեց մեր Հայաստանը` իր կարելի սահմաններով։ Գիտակցական կյանքն է, որ կը մղե գիտակցական մահվան։ Գիտակցական եղած են մանավանդ մեր ազգային կյանքն ու նպատակը» (էջ 174)։

«Մենք կանք ու պիտի ապրենք» (էջ 174),— գրում է Համաստեղը։

Հայն ապրելու է ոչ թե վրեժխնդրության, այլ մարդասիրության շնորհիվ. «Հայը ընդունակ է թուրք մանուկին ու անօգնական ընտանիքը ազատել հրդեհեն իր կյանքը վտանգելու գնով, որովհետև հայուն մեջ մարդկայինը եղած է սաղմը իր ազգային գոյության։ Հայուն կիրքը ուժ է ու հավատք։ Այդ ուժով է, որ օր մը պիտի տիրանա իր երազին» (էջ 174)։ Գրողը համոզված է`հայ ժողովուրդը իր նահատակների հետ տեր կդառնա իր երկրին, հողին։ Դրա համար ենք կռվել Ավարայրի դաշ-տում, դրա համար ենք արարել Անիի հազար ու մի եկեղեցիները, դրա համար են զենք վերցրել ֆիդայիները։ «Անոնք դյուցազնական շրջան մը ստեղծեցին» (էջ 173 ),— գրում է Համաստեղը և ազգային-ազատագրա-կան պայքարի հերոսական շրջանը «Սպիտակ ձիաւորը»5 դյուցազնավեպում ներկայացնում գյուղի լայն համայնապատկերի վրա։

«Հավիտենական հայ ժողովուրդին համար դարերը տարիներու նման արագ կանցնին։

Պիտի գա այն օրը, երբ Հայկ դյուցազնը պիտի շեփորե Արարատեն, և այն շեփորի հզոր ձայնեն մեր ապրիլյան եղեռնի նահատակները բոլո-րը մեկ պիտի հավաքեն իրենց ոսկորները անապատներեն, բանակներու պես ոտքի պիտի կ’անգնին ապրողներուն հետ մեր հայրենի երկրի վրա, որուն ամեն մեկ թիզ հողին մեջ սիրտ մը կբաբախե։

Հայ ժողովուրդին հավատքը կյանք է և ապրելու հզոր տենչանք» (էջ 174),— այսպես է ավարտում հոդվածը Համաստեղը։

Եկեք փարվենք մեր սրբասուրբ հավատին, վերագտնենք մարդկային ու ազգային մեր նկարագիրը, որ կարողանանք լուծել համազգային խնդիրները, որոնցից շատերի արմատը մեր կողքին ապրող ավարառու ցեղերին չճանաչելն է։

***
1. Հոդվածը տպագրվել է «Հայրենիք» (Բոստոն) օրաթերթի 1955 թ. ապրիլի 23-ի համարում (տե՛ս «Համաստեղ. Մոռացված էջեր» գրքի Բ հատոր, Երևան, 2005, էջ 87-91)։ Հոդվածից մեջբերումները նշվում են շարադրանքում՝ փակագծերի մեջ։
2. Վեպը լույս է տեսել Նյու Յորքում, 1957 թ.։ Վեպից հաջորդ մեջբերումները նշվում են շարադրանքում։
3. Հոդվածը տպագրվել է «Էջմիածին» հանդեսի 1965 թ. Բ-Դ համարում (տե՛ս «Համաստեղ. Մոռացված էջեր» գրքի Բ հատոր, էջ 170-174)։ Հոդվածից մեջբերումները նշվում են շարադրանքում՝ փակագծերի մեջ։
4. Սա հատված է Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» գրքից, որ լույս է տեսել Անթիլիասում, 1972 թ.։ 2022 թ. վեպը վերահրատարակել եմ Երևանում։
5. Երկհատոր այս վեպը լույս է տեսել Լոս Անջելեսում, 1952 թ.։

Մարգարիտա Մամիկոնի Խաչատրյան

«Դրօշակ» թիվ 4 , 2023