կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 22:58
Քաղաքական

Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ատրպատականի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ատրպատականի Հայոց թեմում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

«Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով, հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, որի շրջափակում է գտնւում հայ ֆիդայիների աճիւնների վրայ կանգնած Նահատակաց յուշարձանը, Ալեքսանդր Թամանեանի նախագծմամբ:

Եպիսկոպոսական սուրբ պատարագ մատոյց Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանի: Խորանին սպասարկում էին սարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

«Հայր Մեր»ից առաջ Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, Քրիստոսի «ես եմ մի վախենաք» խօսքը բնաբան վերցնելով, որը ուղղւած տեսաւ մեր ազգին երբ նա

տագնապի մէջ են յայտնւել պատմութեան հոլովոյթում. «Բոլոր ժամանակներում, Քրիստոսնէութեան հետեւորդ մեր ազգը երբ հալածանքի եւ կոտորածի է ենթարկւել, իր ականջներում լսել է մեր Տիրոջ քաջալերող ձայնըոր ասում է՝ Ես եմ մի՛ վախեցէ՛ք:

 Այս քաջալերական խօսքն է որ պատճառ է հանդիսացել մեր ազգի տոկունութեան, որով նա կարողացել է փիւնիկի նման վերյառնել մոխիրներից, նոյնիսկ անապատի աւազներից եւ Ցեղասպանութեան անդարձ ճանապարհից…», ասաց Սրբազանը:

Ապա, նա անդրադարձաւ աշխարհաքաղաքական շահերի զոհ մեր ժողովրդի նահատակներին, ասելով որ նրանց արեան գինը սակարկութեան նիւթ չէ. 

«Մենք միշտ պատրաստ ենք երախտագիտութիւն յայտնելու եւ բարեկամ կոչելու այն ազգերին, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը: Բայց նոյն Եւրոպան չէ՞ր որ մերժեց Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ 

Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին, երբ նա ափ էր առնում Եւրոպայի դռները,  արդարութիւն աղերսելով…» ասաց Սրբազան հայրը:

Ապա նա կոչ ուղղեց թեմի բոլոր հայութեան, տէր կանգնելու մեր նահատակների կտակին. «Մեզ բաժին ընկած պարտականութիւնն է մեր սուրբ ակների կտակին հաւատարմութիւն, այսինքն՝ հաւատարմութիւն մեր կրօնին, մեր ազգինու մեր հայրենիքին:

 Մենք ջարդւելով ջնջւող ժողովուրդ չենք: Մենք մեր հաւատքով, մեր մշակոյթով ու մեր պատմութեան յաւերժութիւն ընթացող ազգ ենք», եզրակացրեց Սրբազան հայրը:

Սբ. պատարագի աւարտին սկաւուտական կանոնաւոր շարքերը կանգնեցին եկեղեցու ատեանում, յարգանքի կեցւածքով մասնակից դառնալու մայր խորանի վրայ տեղի ունենալիք Բարեխօսական Կարգին: Սրբազան հօր գլխաւորութեամբ ընթերցւեցին աղօթքներն ու յատուկ շարականները, որոնք մեր նահատակների սրբադասման առիթով խմբագրւել էին Հայ Եկեղեցու սրբադասման յանձնախմբի կողմից: «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքով յիշւեցին մեր մէկուկէս միլիոն Նահատակները, որոնք հաւատքի եւ հայրենիքի համար թափեցին իրենց սուրբ արիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ խմբապետների առաջնորդութեամբ:

Երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց, երբ ներկայ ամբողջ ժողովուրդը մօտեցաւ յուշարձանին, Հ.Օ.Մ.ի Թաւրիզի մասնաճիւղի կողմից պատրաստւած ծաղիկները խոնարհելով Նահատակաց Յուշարձանին: Ապա, թեմում գործող բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները մօտեցան Յուշարձանին, միասնական խոնարհումով յարգելով սրբերի լուսերամի անմահ ճանապարհորդ մեր նահատակների յիշատակը:

Պահանջատիրական պայքարի աննահանջ երթի իբրեւ ջահակիր, Ատրպատականում ապրող հայութիւնը իր բոլոր կազմակերպութիւններով, միութիւններով եւ ժողովրդական խաւերով, յարգանքի իր տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն սուրբ զոհերին, վերանորոգելով իր հաւատարմութեան ուխտը, հանդէպ նրանց կտակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի Ապրիլ 24ի ուղերձը.

Սրբացեալ նահատակաց յիշատակի օրը առաւել հզօրացնում է մեր մէջ պահանջատիրական զգացումը, այն սլաքելով ո՛չ միայն 104 այլեւ աւելի տարիներ, որովհետեւ արդարութեան ձայնը կարելի չէ՛ խեղդել, ո՛չ էլ արեւի լոյսը քօղարկել ցանկացած մութ «կտաւ»-ներով:

Ցաւերի բազմաթիւ տեսականի ունի մարդկութիւնը, որոնք խմբւում են երկու դասակարգումների տակ: Ֆիզիկական եւ հոգեկան ցաւեր: Իւրաքանչիւրի տեւողութիւնը եւ բուժման ընթացքը կախեալ է վէրքի ու ցաւի խորութիւնից, զգացման վիրաւորանքի ուժգնութիւնից եւ այլ պատճառներից:

Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը: Միւս կողմից, նրանց հարիւրամեայ թմբիրը ստրկամտութեամբ գնահատելու մեր ունակութեան մէջ անթերի, միշտ պատրաստ ենք «բարեկամ» ճանաչելու այն երկրներին, որոնք ինչ-ինչ հաշիւներով ճանաչողութիւն են տալիս Հայոց Ցեղասպանութեան, խաղաքարտի վերածելով մեր ազգի սուրբ նահատակների արեան գինը: Դեռ մինչեւ ե՞րբ գերպետութիւնների բոլորակաձեւ թաւշեայ կանաչապատ սեղանի վրայ իբրեւ խաղաքարտ աժանօրէն պիտի բաշխւեն մեր նահատակները, որոնցից իւրաքանչիւրը անուն ունէր ու ինքնութիւն, արժանապատւութիւն ու հռչակ, համբաւ ու վաստակ: Մեզանից ո՞վ պիտի ուզէր, որ նոյնիսկ իր աճիւնները դուրս բերւէին գերեզմանափոսից, փողոցի լաճերի ձեռքերում խաղալիկի վերածւելու համար…:

Մենք մեր թմբիրից արթնանալու կարիք ունենք ժողովո՛ւրդ Հայոց, եւ այն էլ՝ շատ շուտով:

Հայ Դատի նւիրեալ յառաջամարտիկը լինելու է իւրաքանչիւր հայ, ո՛ր երկրում, կամ ի՛նչ պայմաններում էլ ապրի նա: Երազի հայրենիքի ցաւով տոգորւում է մեզանից իւրաքանչիւրի սիրտը, ու մորմոքւում է հոգին: Մենք ուրանանք, Եփրատի ջրերը իրենց գլգլոցով անիծելու են մեզ, որովհետեւ նրանք իրենց կոհակների վրայ յուղարկաւորեցին մեր երիտասարդ մայրերին ու աղջիկներին, դէպի իրենց անդունդները, գնահատելով արժանապատւութեան բարձր գիտակցութիւնը փափուկ սեռի վտիտ մարմիններով այդ հերոսուհիներին: Եթէ չունենք Եփրատ գետի յիշողութիւնը, գէթ ունենանք արժանապատւութիւնը, տղամարդու կեցւածքով վերականգնելու արդարութիւնը:

Մենք, որ վանք ու դպրոց, տուն ու այգի՝ հայրենի հող կորցրինք, թշնամու ոտքի կոխան դառնալով, մե՛նք վերաշահելու ենք մեր ազգի բռնաբարւած արժանապատւութիւնը, այնպէս ինչպէս մենք մեր ձեռքերով վերակառուցելու ենք ուրիշին փլցրածն ու այրածը: Հերի՛ք է որ մեզ մանրեն ու լումաների վերածեն: Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ բորենիների նման յափշտակեցին մեր հայրերի կերտած դարաւոր Կիլիկեան թագաւորութեան հողատարածքները եւ ամբողջ Արեւմտահայաստանը, թալանեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ նրա բոլոր կալւածները, ու մանաւանդ բզկտեցին նրա նահատակ ժողովրդին անապատի աւազների վրայ, իսկ աքսորական ժողովրդին ցանուցրիւ արեցին բախտի ճանապարհների խաչմերուկների վրայ, հակառակ Կիլիկիոյ վշտակիր Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսի աղերսարկու դիմումներին Եւրոպական ափեր, Ֆրասնիա եւ այլուր: Նոյն Եւրոպան չէ՞ր միթէ նրա դիմումներին խուլականջ ձեւացողը: Նոյն քաղաքակիրթ երկրները չէի՞ն իրենց պալատների դռները փակողները: Նոյն մարդկային իրաւունքների պաշտպան Արեւմուտքը չէ՞ր կոյր վկայ ներկայացողը, սպիտակ փայտը ձեռքին ու սեւ ակնոցները աչքերին…:

Աշխարհաքաղաքական շահերի զո՜հ մեր ժողովրդի համար, նախ արժանապատւութեան վերատիրացման պայքար է պէտք, Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից, ինչպէս նաեւ հողերի վերատիրացման ցանկալի օրւանից առաջ:

Այո՛, ցաւերը բազմաթիւ են եւ բազմատեսակ, սակայն ասելու կարիք չկայ, որ կաշւի վրայ զգացւող ցաւը, պատմւող ցաւին աւելի ցաւալից է լինում, ամէնից հարազատ մարդուց աւելի մօտիկ մեզ ու անբաժան մեր մարմնից:

Արդեօ՞ք մեր կաշին քերելով կարող ենք ազատւել այս ցաւից: Վստահաբար ո՛չ: Որովհետեւ մեր մարմնից դա անցել եւ մտել է մեր հոգու մէջ: Այսօր մեր մարմինը չի՛ ցաւում մեր սուրբ նահատակների ֆիզիկական ցաւով, այլ մեր հոգին է մղկտւում ու մեր միտքն է գալարւում ո՛չ միայն համաշխարհային անարդարութեան ցաւով, այլեւ մեր նահատակների սուրբ արեան գնի խաղաքարտի վերածւելու տանջանքով:

Նահատակութիւնը վեր է ամէն հաշիւներից ու շահերից: Արիւնը չի՛ սակարկւում ի՛նչ ազգի եւ ի՛նչ երկրի զաւակ էլ լինի այդ արեան տէր մարդը: Արեան գինը ամէնից բարձր արժէքն է ներկայացնում, որը չի՛ վաճառւում, ձրի չի՛ տրւում, ո՛չ էլ տրամադրւում է, այլ՝ միայն նւիրաբերւում է վեհագոյն նպատակի: Այդ նպատակը ինքնին երրեակ միութեամբ սրբութիւն է՝ Ազգ, Կրօն, Հայրենիք:

Կաշւի ցաւը մեր մարմնի վրայ, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին հաւատարիմ մնալու մեր նահատակների սուրբ կտակին, որպէսզի նրանց կմախքացած գանկերի մութ ակնափոսերից դադարեցնենք արտասուքի հոսքը, եւ նրանք տեսնեն աշխարհի վրայ բացւած արդարութեան արշալոյսի պայծառ առաւօտը:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

24 Ապրիլ, 2019

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ