կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 12:12
Հասարակություն

Հայ-ամերիկյան անփութություն

Հայ-ամերիկյան անփութություն

Արդեն մի քանի ամիս է` Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքը հասրակության ուշադրության կիզակետում է. վերոհիշյալ համայնքում ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունն իր ավերիչ գործողություններով վտանգի տակ է դրել տվյալ տարածաշրջանի, նաեւ մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունեցող` խմելու եւ ոռոգման ջրի համակարգը, Հալավարի եւ Ապարանի ջրամբարները, «Թուխմանուկ» ոսկու հանքավայրի մոտակայքում գտնվող` Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը:

 

Ուսումնասիրելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություն` «Թուխմանուկ» հանքավայրը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին տրամադրված փաստաթղթերը (օգտակար հանածոյի արդյունահանման եւ ընդերքօգտագործման պայմանագիր) պարզել ենք, որ դրանցում կան բազում թերություններ:

 

Ավելին` Yerkir.am-ի հետ զրույցում դա հաստատեց նաեւ իրավաբան Ռուզաննա Ղազարյանը: «Համաձայն առաջին փաստաթղթի` ընդերքօգտագործողին թույլտվությունը տրված է եղել 2005 թվականի օգոստոսի 5-ից: Ժամկետի վերջնական տարեթիվը ակնհայտորեն փոխված է` դարձված է 2017թ.»,- ասում է նա եւ հավելում, որ եթե անգամ որպես վերջնաժամկետ ընդունենք ակնհայտորեն փոփոխված տարեթիվը, այն է` 2017թ. օգոստոսի 5-ը, միեւնույն է, ընդերքօգտագործողը պարտավոր էր կատարել իրեն տրված թույլտվության պայմանները` դեռեւս անցած տարվանից՝ 2012 թվականից, արդեն իսկ պետք է անցած լիներ արդյունահանման ստորգետնյա եղանակին:

 

Իրավաբան Ղազարյանը նշեց նաեւ, որ, գործող օրենսդրության համաձայն, լեռնահանքային արդյունաբերության մեջ մեկ եղանակից մյուսին անցնելու համար սահմանված է հատուկ, բարդ, ժամանակատար ու խիստ կարեւոր գործընթաց: Ըստ նրա` «Թուխմանուկ» հանքավայրի պարագայում այդ գործընթացին պետք է առավել աչալրջորեն մոտենալ, քանի որ հանքավայրը գտնվում է բարձրադիր գոտում, ջրագոյացման-ջրահեռացման համակարգում, ինչն արդեն իսկ պետք է անթույլատրելի դարձներ տվյալ տարածքում հանքավայրի շահագործումը` ընդհանրապես, առավել ևս` բաց եղանակով:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «EcoArmGlo- TV»ի տեսանյութում

 

Հ.Գ. Ի դեպ, մասնագետներն իրենց մտահոգությունն են հայտնում նաեւ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված` 3-րդ` նոր պոչամբարի կառուցման մասին փորձաքննական փաստաթղթերի կապակցությամբ: