Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ այսօր ադրբեջանցիներն Իրանի բեռնատարները կանգնեցնում են, 50-150 հազար դրամի չափով գումար պահանջում, տնօրինում են Հայաստանի տարածքում իրենց ուզածի պես, ինչպես տերերն են տնօրինում իրենց տանը իրենց խնդիրները, սա այն տրամաբանական հանգուցակետն է, որին տանում է Նիկոլ Փաշինյանը և տանում է նպատակամետ, տանում է հատուկ ծրագրով, տանում է նույնիսկ հատուկ տեխնոլոգիաներով՝ ամենայն մանրամասնությամբ հաշվի առնելով հայ ժողովրդի այսօրվա բանական վիճակը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Ադրբեջանը և Թուրքիան մեխանիզմներ սովորեցրին այս մարդկանց՝ ապրել խրախճանքի մեջ, երկիրը հասցնելով կործանման՝ նկատեց նա։
Եթե որոշակի հարցերում Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, ապա դա այն հայտարարություններն են, որոնք նա արել է, և դրանք այնքան բանականությունից դուրս են եղել, որ մարդիկ փորձել են չհավատալ կամ ենթատեքստ որոնել։
«Այս մարդը ժամանակին հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսելու է «զրո» կետից և բոլոր բանակցությունների արդյունքները հասցրեց զրոյացման։ Այս մարդը հայտարարել է ժամանակին, որ ինչ ուզում է՝ այն էլ բանակցում է․ և մենք այսօր զարմանում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի մի զգալի հատվածը՝ բարենորոգված, տեղը տեղին հարմարավետություն ստեղծված, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինքը այդ մասին ասել էր՝ ես բանակցում եմ՝ ինչի մասին, որ պետք եմ համարում, ինքս եմ որոշում։ Այս մարդը նաև հայտարարում էր, որ Էրդողանից ստացել է դրական ազդակներ խաղաղության վերաբերյալ, և այսօր մենք տեսնում ենք Էրդողանի դրական ազդակների դրսևորման ընդամենը մի կերպը։ Այս մարդը հայտարարել էր, որ եթե պարտվենք էլ՝ չպիտի ընդունենք դա, այլ պիտի համարենք, որ հաղթել ենք, պարտված հաղթել ենք, և մենք դրան նույնպես կարևորություն չտվինք։ Ստացվեց, որ մենք այսպիսի չարաչար պարտության դեպքում պիտի մեզ հաղթանակող զգանք»,-հիշեցրեց Սերժ Սրապիոնյանը։
Նա չի էլ մտածում, թե որևէ մեկը իր բնութագրումներից կնեղանա և իր դեմ կսկսի «խաչակրաց արշավանք», որպիսին սկսել են արդեն 3 տարի և շարունակում են, նա ուղղակի հիշեցնում է Պարույր Սևակի մտքերից մեկը, նա ասում էր․ «Ես վախենում եմ բյուրավոր ու բութ հավատացյալից»։
«Բյուրավոր ու բութ հավատացյալների մի ամբողջ հանրույթ այսօր Հայաստանում կա, դու ինչ ուզում ես ասա՝ ինքը հայտարարություն է անում առանց որևէ հիմնավորման, օրինակ, ինքը «Շուռնուխը» հայտարարեց «Էյվազլի», և ծափահարողներ գտնվեցին, և ոչ պակաս թվով։ Եվ այսօր եթե դիմում ես, ասում են՝ Ադրբեջանը գործում է իր տարածքում, այսինքն դա արդեն վերջնականապես որոշված է, որ ադրբեջանական տարածք է և գործում է իր հայեցողությամբ»,-նշեց նա։
Սերժ Սրապիոնյանին Արցախի նախագահը դատի է տվել, և նա ծանուցում է ստացել, որ ներկայանա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարան։ Սա գրականագետին տարակուսանքի առիթ է տվել՝ եթե Արցախի նախագահը շրջում է թիկնազորով, ապա ո՞վ է ապահովելու իր անվտանգությունը այստեղից Արցախ, բացի այդ, եթե Արցախն ունի այնպիսի կարգավիճակ, որ դատարանից իրեն ծանուցագիր է գալիս, ապա ինչո՞ւ դեռ ճանաչված չէ Հայաստանի ու այլ երկրների կողմից։
«Արցախի նախագահը կարո՞ղ է այն ճանապարհով, որով անցնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և որի դեմ ադրբեջանցի ասկյարները իրենց ավտոմատի փողն են ուղղում, կարո՞ղ է իմ կյանքի անվտանգությունը երաշխավորել և ինձ հասցնել Արցախ․ ես չունեմ այդ հնարավորությունը։ Նույնիսկ իրենք Արցախը չեն ճանաչում որպես առանձին միավոր և ինձ հրավիրում է, որ ես գնամ Արցախի առաջին ատյանի դատարանում դատավարության մասնակցեմ։ Ես հիմա հայտարարում եմ՝ Արցախը չճանաչված պետություն է, Արցախի դատարանի որոշումը ինձ համար պարտադիր չէ, Հայաստանի դատարանի որոշումն է ինձ համար պարտադիր, որովհետև Հայաստանը, փառք Աստծո, դեռ ընկալվում է իբրև անկախ երկիր։ Եվ նա կարո՞ղ է հոգալ իմ կեցության ծախսերը Արցախում, որտեղ բնակարանների վարձավճարները աստղաբաշխական թվեր են, որտեղ բնակարանում ապրել չկարողացող կինը հուսահատ կերպով ուզում է վերադառնալ Շուշի, ինքը ինձ հրավիրում է, թե եկ՝ իմ քմահաճույքներին պատասխան տուր»,-ասաց նա։
Սերժ Սրապիոնյանը իր ինքնասիրությունը վիրավորված կհամարի, եթե Արայիկ Հարությունյանի կանչերին արձագանքի։
Աննա Բալյան